Մատչելիության հղումներ

Փոստանջյանը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկում է Վարչական դատարանում


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօր Վարչական դատարան էր բերել Երևանի ավագանու ընտրությունները անվավեր ճանաչելու դիմումը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի օրը ամփոփել էր ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում Փոստանջյանի կուսակցությունը ստացել էր քվեների շուրջ 7.5 տոկոսը, մրցակից ուժերը՝ իշխող Հանրապետականը և «Ելք» դաշինքը, ստացել էին համապատասխանաբար՝ քվեների 69.5 և 20.4 տոկոսը: Նույն օրը ԿԸՀ որոշմամբ Երևանի ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինք` 14 մանդատ, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 5 մանդատ:

Ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումները բողոքարկելու մասին դիմումը Վարչական դատարան հանձնելուց հետո Զարուհի Փոստանջյանը, ով ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր, «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ իշխող Հանրապետական կուսակցությունը հաղթել է կեղծիքների և ճնշումների միջոցով։ Որպես ապացույց քաղաքապետի նախկին թեկնածուն ներկայացրել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Զարուհի Փոստանջյանին և նրա դստերը՝ Լիլիթ Դրամփյանին, բռնի ուժով հեռացնում Երևանի քաղաքապետ վերընտրված Տարոն Մարգարյանի Ավանի շտաբից:

«Քաղաքացիները հնարավորություն չունեցան օգտվել իրենց իրավունքից, և ահաբեկված լինելով՝ նույնիսկ չմասնակցեցին ընտրությունների, որովհետև իրենց համար պարզ էր, որ եթե տեղի է ունենում նման ահաբեկչություն քաղաքապետի թեկնածուի նկատմամբ, նրա վստահված անձի նկատմամբ, ապա ինչպե՞ս կարելի է մտածել, որ դրանք ընտրություններ են», - պնդեց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ այցելել էր գործող քաղաքապետ, իշխող Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ և պահանջել էր ցույց տալ ցուցակները, սակայն հանդիպել էր շտաբի աշխատակիցների դիմադրությանը: Միջամտել էր ոստիկանությունը, և չնայած Փոստանջյանի պահանջին՝ իր և լրագրողների ներկայությամբ ստուգելու հանցագործության մասին տեղեկությունները, քաղաքապետի թեկնածուին և նրա դստերը ուժով հեռացրել էր շտաբից: Միջադեպի ընթացքում թե՛ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը, թե՛ նրա դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, վնասվածքներ էին ստացել:

Մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանի՝ դատարան դիմելու լուրը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր Ազատությանն ասաց, որ կեղծիքների և ահաբեկման մասին պնդումները Փոստանջյանի սուբյեկտիվ կարծիքն են և իրենք դատարանում կրկին կպնդեն իրենց տեսակետը։

«Դիմումը, որը ԿԸՀ էր ներկայացվել, որում ևս նմանատիպ գնահատականներ էին՝ ես հնչեցրել եմ իմ տեսակետը, որ դրանք բացառապես սուբյեկտիվ գնահատականներ են, որևէ առնչություն չունեցող իրականության հետ», - նշեց ԿԸՀ նախագահը:

Մինչդեռ, Երևանի ավագանու ընտրությունները դիտարկած տեղական դիտորդական կազմակերպությունները հայտարարել էին, որ ընտրությունների արդյունքները երևանցիների կամքը չեն արտահայտում։ «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ԿԸՀ-ի եզրակացության հետ համաձայն չէ, քանի որ իրենց արձանագրած շատ խախտումներ պատշաճ գնահատականի չեն արժանացել։ Պնդեց՝ վարչական ռեսուրս է կիրառվել, տեղամասերի 70 տոկոսում քվեարկության գաղտնիության խախտում են նկատել․ - «Եղել են տեղամասեր, որտեղ կեղծիքներ ենք արձանագրել նաև ձայների հաշվարկի ժամանակ: Ահաբեկում՝ որպես այդպիսին, տեղամասերում եղել է, օրինակ՝ մեր դիտորդների նկատմամբ: Մեր մի քանի դիտորդների սպառնացել են, երկու տեղ անգամ մեր դիտորդների նկատմամբ բռնություն է կիրառվել»:

Փոստանջյանը չի հանձնվի

Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց, որ Վարչական դատարան դիմելով չի սահմանափակվելու՝ տեսանյութը և մնացած փաստերը հասցնելու է մինչև միջազգային ատյաններ։

«Ես այն մարդկանցից չեմ, որը կհանձնվի», - ասաց նա:

Մայիսի 14-ին Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են երկու քրեական գործեր՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հոդվածներով: Նշված երկու քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում: «Ազատության» հետ զրույցում Փոստանջյանն ասաց, որ միջադեպից արդեն տասը օր է անցել, բայց իրեն և դստերը տուժող չեն ճանաչել։

«Երկիր Ծիրանին» նոր ընտրություններ է պահանջում

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը պահանջում է նոր ընտրություններ անցկացնել: Վստահ լինելով, որ դրանք նույնպես կարող են կեղծվել, ընդդիմադիր գործիչը, այդուհանդերձ, խոստանում է ամեն ինչ անել, որպեսզի հանրությանը բավարարող քվեարկություն անցկացվի։

Փոստանջյանը, միևնույն ժամանակ, չի հստակեցնում՝ վերցնելո՞ւ են արդյոք ԿԸՀ որոշմամբ իրենց հատկացված Երևանի ավագանու հինգ մանդատները, թե ոչ:

XS
SM
MD
LG