Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման


Գևորգ Սաֆարյանի գործով դատական եզրափակիչ նիստը:
Գևորգ Սաֆարյանի գործով դատական եզրափակիչ նիստը:

Մեղադրող դատախազը, հիշեցնենք, պահանջել էր 2.5 տարով ազատազրկել ընդդիմադիր ակտիվիստին:

Արդեն դատապարտյալի կարգավիճակում Գևորգը հասցրեց փոխանցել, որ դատարանի վճիռը սպասելի էր․ «Այդպես էլ պետք է լիներ»:

Գևորգ Սաֆարյանը մեկ տարի անցկացնելով ճաղերի հետևում՝ փաստորեն պատժի կեսն արդեն կրել է: Բայց վաղաժամ ազատ չի արձակվի, քանի որ, ինչպես փոխանցեց փաստաբանը, դիմելու են վերաննքիչ ատյան, և այսօրվա վճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտնի․ - «Դատարանը ոչ թե դատավճիռ կայացրեց, այլ դատարանը պատվեր կատարեց: Իրավաբանություն այստեղ չկա, փաստերը ակնհայտ էին: Ուղղակի դատարանը ցույց տվեց, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հաշվեհարդար է»:

Պատժաչափը լսելով, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Գևորգի ուղղությամբ նետեց իր շարֆը և ասաց․ - «Ինձ մնար, պիտի իր քաղաքացիական վզի շուրջը ես կապեի, ոչ թե նետեի: Սա հակաօրինական, հակաքաղաքացիական, քրեական վճիռ էր, որը գալիս էր ուղղակի Սերժ Սարգսյանից և ոչ ուրիշ տեղից: Մի տղու դեմ, ով անցյալ տարվա Ամանորին Ազատության հրապարակ բերեց տոնածառ և ոստիկանապետի ծեծի դիմաց ժպտաց, ուրիշների պաշտպանեց»:

Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղավոր ճանաչված Սաֆարյանն այսօր ավելի վաղ ծավալուն ելույթում ամբողջովին շինծու, անհիմն որակեց այս գործը: Ազատության հրապարակ տոնած բերելու արգելքն ու դրան հաջորդած այս դատավարությունը նա համեմատեց Ֆրանց Կաֆկայի՝ աբսուրդի ժանրում գրված «Դատավարություն» վեպի հետ․ - «Եթե ես այսքան մոտիկից ծանոթ չլինեի մեր դատաիրավական համակարգին, ինձ կթվար, որ Կաֆկան ինչ-որ աբսուրդ բաներ է գրել, չափազանցրել է․․․ Բայց երբ որ այդ գիրքը ես կարդում էի, ինձ թվում էր, որ Կաֆկան ապրում է մեր ժամանակներում և գրել է հայկական դատաիրավական համակարգի մասին: Սա նշանակում է, որ մեր դատաիրավական համակարգը հասել է աբսուրդի․ ում ուզում դատում են, ում ուզում չեն դատում, տուժողին դարձնում են մեղադրյալ, մեղադրյալին դարձնում են տուժող: Այս դատաիրավական համակարգը բերելու է մեր պետության փլուզմանը: Չի կարելի անմեղ մարդուն դատել»:

Գևորգ Սաֆարյանը պնդեց, որ իր փոխարեն մեղադրյալի աթոռին պետք է լիներ այս գործով տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանը․ - «Ես կարծում եմ, անգամ ավելորդ է խոսել այն մասին, որ ես չեմ հարվածել, ու իրականում այստեղ պետք է լիներ Գեղամ Խաչատրյանը, որովհետև ինքն է թե՛ ինձ, թե՛ բազմաթիվ քաղաքացիների հարվածել: Դատաքննության ընթացքում այդ ամեն ինչը պարզ եղավ, տեսագրությունները ցույց տվեցինք, հանրությունը այս ամեն ինչին մասնակից էր, ամեն ինչ տեսավ»:

Ոստիկան Գեղամ Խաչատրյանը ժամանակին նաև ցուցմունք էր տվել Շանթ Հարությունյանի ու ընկերների դեմ, իսկ նույն դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրանց մեղավոր էր ճանաչել՝ դատապարտելով ազատազրկման:

Գևորգ Սաֆարյանը հիշեցրեց, որ իր դեմ միայն ոստիկանական ցուցմունքներ են, ընդ որում բոլորն էլ Գեղամ Խաչատրյանի ենթականերն են ու ասում են, թե իբր իր հարվածից վնասվել է նրա հոնքը, աչքը ուռել, փակվել, այնինչ տեսանյութերում ոստիկանի դեմքին որևէ վնասվածք չկա․ - «Այսինքն բոլոր այս վկաները տվել են ակնհայտ սուտ ցուցմունք»:

«Արդյո՞ք իր մասնագիտական պարտքն էր կատարել այդ օրը Հրեշտակների գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը՝ եթե հրապարակ գնալուց առաջ «Ֆեյսբուք»-ում գրել էր, թե այնտեղ «կապիկներ են զվռնում»», - հարցնում էր Սաֆարյանը՝ նաև հիշեցնելով, որ ոստիկանը հենց դատարանում ընդունել է, որ հայհոյել է ցուցարարներին:

Մեղադրող դատախազ այս հայտարարությանն արձագանքեց ռեպլիկով՝ գուցե դա պոռթկում էր: Վահե Դոլմազյանը այսօր էլ կրկնեց՝ Սաֆարյանի մեղքն ապացուցված է:

Սաֆարյանի աջակիցները, ընտանիքի անդամները զայրույթով ընդունեցին նրան երկու տարով ազատազրկելու դատարանի այսօրվա վճիռը:

Գևորգի եղբայրն ասում էր, թե հույս ուներ, որ գոնե ընտրություններից հետո ազատ կարձակեն․ - «Բայց այն, որ մենք կանխատեսում էինք մեկուկես տարի, նրանից չէր բխում, որ ենթադրում ենք, թե Գևորգը մեղավոր է, այլն նրանից, թե ինչ է կատարվում երկրում, ինչպիսին է դատական համակարգը»:

«Հերթական անգամ մենք ականատես եղանք, որ Հայաստանի դատական համակարգը հանդիսանում է իշխանությունների կցորդը: Եվ բոլորը գիտեն, որ Գևորգը դատապարտվել է իր քաղաքական հայացքների համար»:

XS
SM
MD
LG