Մատչելիության հղումներ

ՔԿ-ն արգելել է «Սասնա ծռերի» անդամներին վկայություն տալ «տոնածառի» գործով


Գևորգ Սաֆարյանը դատարանում, արխիվ
Գևորգ Սաֆարյանը դատարանում, արխիվ

«Սասնա ծռեր»-ը տոնածառի գործով դատարան չեն գա: Քննչական կոմիտեն դատավոր Մնացական Մարտիրոսյանին ուղարկած գրությամբ առարկել է, որ զինված խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Սմբատ Բարսեղյանը և Սերգեյ Կյուրեղյանը կալանավայրից դատարան բերվեն վկայություններ տալու: Իրավապահները վկայակոչում են, որ նրանց տեսակցությունների ու հեռախոսազանգերի վրա արգելք է դրված:

«Վերջիններս կարող են հրապարակել նախաքննական գաղտնիքներ, տեղեկություններ փոխանակել դատարանում գտնվող, իրենց հետ ընկերական հարաբերություններ մեջ գտնվող ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի, ինչպես նաև լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, ինչ կարող է խոչընդոտներ առաջացնել քրեական գործի հետագա ընթացքի համար», - ՔԿ-ից ստացված գրությունն ընթերցեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Արդյոք Գևորգ Սաֆարյանը Ամանորի գիշերը հարվածել է ոստիկանին հարցին դատարանում չեն պատասխանի նաև միջադեպի օրը որպես ձմեռ պապ հանդես եկած, այժմ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանն ու Սարի թաղի գործով անցնող, Նոր տարվան տոնածառի հանդերձանքով հրապարակ եկած Հովհաննես Ղազարյանը: «Գործի քննության շահերից ելնելով» Աղվան Հովսեփյանի գլխավորած կոմիտեն նաև նրանց մասով է դեմ, թեև բոլորն էլ գործով որպես վկա են անցնում:

Չնայած Գևորգ Սաֆարյանի վրդովմունքին, առարկությանը, թե ի՞նչ կապ ունի «տոնածառի» գործը ոստիկանական գնդի գրավման հետ, դատավորը համաձայնեց քննիչների հետ՝ որոշելով հրապարակել այս վկաների նախաքննական ցուցմունքները՝ առանց նրանց դատարան կանչելու:

Գևորգ Սաֆարյանն ու փաստաբանը կողմնակալ անվանեցին դատավորի այս որոշումը՝ բազմաթիվ ընդդիմադիրների դատած Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելով:

«Այս ամենը քաղաքական որոշում է: Հաշվի է առնվել այն փաստը, որ տվյալ վկաները հանդիսանում են «Սասնա ծռեր» խմբի անդամներ և չեն ուզում, որ մարդիկ տեսնեն էդ», - հայտարարեց Գևորգ Սաֆարյանը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հիշեցրեց՝ Կարո Եղնուկյանը բազմաթիվ հրապարակային նիստերի է մասնակցել, շփվել լրագրողների հետ: Բացի այդ, այս վկաներից ոմանց մասով նախաքննությունն ավարտված է, ուստի ցանկության դեպքում էլ չեն կարողանա խոչընդոտել դրան, եթե Գևորգի գործով նիստին մասնակցեն:

«Անգամ եթե հիմնավոր լինի, միևնույնն է ուղեկցողները կարող են այդ հարցը լուծել, և թույլ չտալ, որպեսզի շփում լինի ԶԼՄ-ների կամ այլ անձանց հետ, և մենք զրկված ենք Հայաստանի Հանրապետության դատարանում ապացույց ներկայացնելու իրավունքից», - ասաց Գևորգ Սաֆարյանի փաստաբանը:

Մոտ 10 րոպե անցկացնելով խորհրդակցական սենյակում դատավորը մերժեց միջնորդությունը:

Գագիկ Եղիազարյանի հայրը դահլիճում բղավեց՝ «վախենում են»՝ իմանալով, որ որդին որպես վկա չի բերվի դատարան․

«Ակնհայտ էր, որ ամեն կերպ խոչընդոտ ստեղծեցին վկաների՝ դատարան ներկայանալու համար: Արդարադատությունը չի կարող մի քանի երես ունենալ», - ասաց Պավել Եղիազարյանը:

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Գևորգ Սաֆարյանը ճաղերի հետևում է 11-րդ ամիսը: Այսօր դատարանին ներկայացված հերթական տեսանյութում, ըստ Գևորգի, գործով տուժող Գեղամ Խաչատրայնն է միջադեպից րոպեներ անց․ - «Գեղամ Խաչատրյանը պնդեց, որ այդ պահին իր աչքը այնքան էր ուռած, որ գրեթե փակվել էր, այտուցվել էր և արյունահոսում էր: Տվյալ տեսագրությունը նկարահանված է այդ դրվագից հետո: Գեղամ Խաչատրյանի դեմքը երևում է շատ լավ, նրա աջ հոնքը վնասված չի, արյունահոսություն չկա, նրա աչքը այտուցված չի, ուռած չի: Սա ևս մի անգամ ապացուցում է, որ ոստիկանները ոչ միայն սուտ ցուցմունքներ են տվել, այլև նրանք նախապես պայմանավորվել են, որ այդ սուտ ցուցմունքները տան»:

Գևորգ Սաֆարյանին մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG