Մատչելիության հղումներ

SOS TV-ի հաղորդավարի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց


Վիլեն Գայֆեջյանն «Ազատության» ստուդիայում, արխիվ:
Վիլեն Գայֆեջյանն «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Մեկ տարուց ավելի շարունակվող «Ոստիկանությունն ընդդեմ SOS TV-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի» դատավարության ընթացքում ընդամենը մեկ նիստ է կայացել:

Այսօրվա նիստը կրկին հետաձգվեց: Ոստիկանության ներկայացուցիչը՝ իրավաբանական վարչության նախկին պետը օրեր առաջ նոր պաշտոնի է անցել և այսօր դատարանից խնդրել է նյութերին ծանոթանալու համար մյուս ներկայացուցչին ժամանակ տրամադրել:

Հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանն ասաց, որ ոստիկանությունը 9 օր ժամանակ ուներ նյութերին ծանոթանալու համար՝ պնդելով, որ դատավարությունը միտումնավոր է ձգձգվում: Այսօրվա նիստին, ի դեպ, չէին ներկայացել ու դատարանին բացակայության վերաբերյալ որևէ բացատրություն չէին տրամադրել հայցվոր կողմի մյուս ներկայացուցիչները:

«Արդեն կապը և դիտավորությունը, կարծում եմ, դրսևորվում է: Գոնե իրենց մասով իրենք կարող էին ներկայանալ, իրենց մասով նիստը առաջ կգնար, շարունակություն կունենար, կլսեինք ինչ-որ չափով, հետո ոստիկանության համակարգի նոր ներգրավված ներկայացուցչի մասնակցությամբ կշարունակվեր: Բայց քանի որ երկու մասով էլ ներկայացուցիչները դատարան չեն ներկայացել, կարծում եմ, Ոստիկանության կողմից ուղղակի դիտավորություն և միտում է դրսևորվում՝ արհեստականորեն նիստերը հետաձգելու», - ասաց փաստաբանը:

Քաղաքական-երգիծական այս հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանն այսօր պետք է դատարանում բացատրեր եթերում հնչած այն բառերի իմաստը, որոնք Ոստիկանությունը իր հասցեին ուղղված վիրավորանք էր համարել ու դատի տվել հաղորդավարին․ - «Ուղիղ տեքստով մենք ոչ մեկի չենք վիրավորել․ մենք համեմատել ենք որոշ կենդանիների որոշ մարդկանց հետ: Եթե իրանք իրանց վրա են վերցրել, դա շատ հարաբերական է: Այնպես որ, իրանց խնդիրն է․․․ Վրոդի սաղ կարգավորվել էր, էսօր իբր պըտի վերջերին հասնեինք, ինչ-որ անհասկանալի պատճառով հետաձգվի գը»:

Հիշեցնենք, Ոստիկանությունը պնդում է, որ հաղորդաշարի եթերներից մեկում հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը վիրավորել է ոստիկաններին: Ոստիկանությունը պահանջում է դատարանից պարտավորեցնել հաղորդավարին հրապարակավ ներողությւոն խնդրել: Համահայցվոր երկու ոստիկանները Գայֆեջյանից պահանջում են իրենց վիրավորելու համար վճարել աշխատավարձի հազարապատիկի չափով՝ 2 մլն դրամ տուգանք:

«Ազատության» հարցին՝ եթե դատարանը հօգուտ հայցվոր կողմի վճիռ կայացնի, արդյո՞ք պատրաստ են ներողություն խնդրել, Հայկ Գայֆեջյանն արձագանքեց․ - «Մենք ոչ միայն պատրաստ չենք ու չենք խնդրելու, այլև համոզված ենք, որ դատը կրելու ենք մինչև վերջին ատյանը․ վերջին ատյանը Եվրոդատարանն է: Եվ ամենալավն այն է, որ թեկուզ մի քանի տարի հետո Եվրոդատարանում մենք դատը կրենք, այդ որոշումըհ հավասար կեղնի օրենքին, և հետագայում համանման գործերը էլ չեն քննվի, ավտոմատ կեղմի էնպես, ինչպես Եվրոդատարանը որոշեց: Էնպես որ, մենք չեն նեղվի, գնալու ենք մինչև վերջ: Եվրոդատարանում էլ երբ որ դատը կրեցինք, իրանք հատ-հատ պիտի պատասխան տան մեր էս վազվզոցների համար»:

Դատական հաջորդ նիստը տեղափոխվեց հաջորդ տարի:

XS
SM
MD
LG