Մատչելիության հղումներ

«SOS TV- ն ոստիկաններին վիրավորելու նպատակ չի ունեցել»


Դրվագ՝ Վիլեն Գայֆեջյանի հաղորդումից
Դրվագ՝ Վիլեն Գայֆեջյանի հաղորդումից

Հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով նախնական դատական լսումներն ավարտվեցին, մայիսին կսկսվի դատաքննության փուլը։

Հայաստանի ոստիկանությունը, հիշեցենենք, դատի է տվել SOS TV ստեղծագործական խմբի անդամին՝ պնդելով, որ նա հաղորդումներից մեկում հրապարակավ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ոստիկանների հասցեին։ Իրավապահ կառույցը դատարանից պահանջում է հաղորդավարին պարտավորեցնել՝ հրապարակավ ներողություն խնդրել Ոստիկանությունից և բարոյական վնասի փոխհատուցում վճարել: Ոստիկանության ներկայացուցիչ Գոռ Հարությունյանը դեմ էր, որ նիստն այսօր տեսանկարահանվի։

Դատական այսօրվա նիստը կարճ տվեց՝ Ոստիկանության ներկայացուցիչներից մեկի բացակայության պատճառով։ Նիստի ընթացքում կողմերն այսօր հնարավորություն ունեին ապացույցներ ներկայացնել։ Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանի խոսքով, իրենք ներկայացրեցին վերջին ապացույցը, որը վերաբերում է հաղորդաշարի նպատակին ու դրա նախաձեռնողների մասին տեղեկություններին։ Ոստիկանությունն, իր հերթին, ներկայացրեց Հատուկ քննչական ծառայության կողմից գործի վարույթը կարճելու և հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, որը վերաբերում էր դեռ 2015 թվականի մայիսին բանակում խաղաղ պայմաններում իրենց որդիներին կորցրած սևազգեստ մայրերի նկատմամբ ոստիկանների գործադրած բռնությանը։ Հիշեցնենք՝ հենց այդ իրադարձությունն էր հաղորդավարը մեկնաբանել SOS TV-ի եթերում, ինչից հետո ոստիկանները դատարան էին դիմել։

«Գուցե և չէր հանգեցրել քրեական հետապնդման, բայց դա դեռ չի նշանակում, որ, որպես այդպիսին, դատապարտելի արարքն առհասարակ բացակայում էր»,- ասաց փաստաբանը:

Համահայցվոր երկու ոստիկաններն իրենց վիրավորելու համար Գայֆեջյանից 2 միլիոն դրամի փոխհատուցում են պահանջում։ Ոստիկանության ներկայացուցիչները հնարավոր հաշտեցման մասին դատավորի հարցին ի պատասխան նշել են, որ իրենց համար ավելի կարևոր է «հրապարակավ ներողությունը»։

Հայկուհի Հարությունյանն այս առնչությամբ նշում է՝ «Իրենք ուղղակի շեշտադրում արեցին նյութական պահանջի մասով, որ իրենց նյութական պահանջը՝ 2 միլիոն դրամն այդքան էլ չի հետաքրքրում և խնդիրը դա չէ, այլ բարոյական վնասը, որն, իրենց ընկալմամբ, պատճառվել է վիրավորանք համարվող արտահայտություններով: Այդ պարագայում, եթե, օրինակ, կողմը համաձայնության գար և ներողություն խնդրեր արտադատական կարգով, գուցե և դա հիմք հանդիսանար հաշտության համար:

Բայց քանի որ մենք ներկայացրել ենք և պնդում ենք, որ դա ոչ թե Վիլենի, այլ ամբողջ հաղորդման [գործողությունն է] ․․․ որն ունի իր հիմնադիրների կողմից հատուկ առաքելություն և գործունեության նպատակ, և այս պարագայում ուղղակի Վիլենը, որպես անձ, նույնիսկ իրավասու էլ չէ ներողություն խնդրել այն արտահայտությունների համար, որոնք իր կողմից թեև հնչեցվել են, բայց իր հեղինակային ստեղծագործության արդյունքը չեն հանդիսանում»:

Հաղորդավարի փաստաբանի խոսքով, հաղորդման հեղինակները ոչ մեկին վիրավորելու նպատակ չունեն, պարզապես «սատիրիկ ձևով» ներկայացնում են Հայաստանում գոյություն ունեցող խնդիրները։ Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 27-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG