Մատչելիության հղումներ

Հերթական անգամ հետաձգվեց SOS TV-ի հաղորդավարի գործով դատական նիստը


SOS TV-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը, արխիվ:
SOS TV-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը, արխիվ:

«SOS ՏՎ» քաղաքական-երգիծական հաղորդումը վարող Վիլեն Գայֆեջյանին դատի տված ոստիկաններն այսօր նիստին չէին եկել. դատավորը հայտարարեց, թե նրանք արձակուրդում են:

Դատական նիստը, որը ձգձգվում է արդեն շուրջ մեկ տարի, այսօր հերթական անգամ հետաձգվեց:

Գայֆեջյանն արդեն դժվարանում է հաշվել անցած տարվանից սկսված դատական այս գործի հետաձգված նիստերը․ - «Էդքան մաթեմատիկայի թվեր չեմ անցել»:

Ոստիկանությունը դատարանից պահանջում է հաղորդավարին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել իրենց հասցեին արված վիրավորական արտահայտությունների համար:

Համահայցվոր երկու ոստիկանները Գայֆեջյանից պահանջում են իրենց վիրավորելու համար վճարել իրենց աշխատավարձի հազարապատիկի չափով՝ 2 մլն դրամ տուգանք:

«ՍՕՍ ՏՎ»-ի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը սա անհիմն պահանջ է համարում՝ պնդելով, որ ոստիկանությունը արդեն մեկ տարի շարունակ չի կարողանում ապացուցել, որ հաղորդավարն իրենց վիրավորել է, ու հենց այդ պատճառով էլ նիստերը պարբերաբար հետաձգվում են․ - «Պիտի ուսումնասիրեն նախևառաջ, թե ինչի համար կուզեն դատի տան: Որովհետև հարցը ուրիշ մասեր ունի՝ ի՞նչ վիրավորական խոսքեր են հնչել, ո՞ւմ է ուղղված եղել, ինչի՞ քսան հոգուց էրկուսը որոշել են, որ իրանք են գ․․․ ու շան տղա: Ինձ դա է հետաքրքրում․․․ Քանի որ, ես կարծում եմ, իրենք դատի են տվել ստանդարտ իրեց լոգիկայով, այսինքն՝ ուղղակի դատի տանք, վախենան, բերանները փակեն: Էս դեպքում իրանք կրակն էն ընկել իրանց դատի տվածի ձեռը, որովհետև հետևանքները շատ ծանր են: Նախ, դատը շատ անհավանական է, որ կրեն, իսկ եթե կրեն, կստացվի, որ դատարանը չակերտավոր ծախված է, կամ ուրիշ պայմանավորվածություն կա: Հետևանքները կեղնի ավելի խորը՝ մինչև Եվրոդատարան: Արդյունքում պտի կրվին, որովհետև նախ SOS-ը հայկական չէ, Հայաստանում գրանցված հաղորդում չէ, և երկրորդ, խոսքերը ուղղակի հասցեատերեր չունին»:

Հետաձգված նախորդ նիստին հակագազով դատարան եկած հաղորդման սցենարիստն այսօր չկար, Հայկ Բարսեղյանն ասաց՝ աշխատանքի է, ու հենց այդ աշխատանքը չկորցնելու համար էլ այդ տեսքով է ներկայանում: Բարսեղյանի խոսքով՝ հաղորդման նախկին սցենարիստի նկատմամբ ճնշումներից հետո իրենք որոշել են գաղտնի պահել սցենարիստի ինքնությունը:

«Ուղղակի հակագազը գլխարկներից մեկն է, որը որ մենք ենք ընտրել, որպեսզի դեմքը թաքցնենք: Որովհետև հաստատ գիտենք՝ հենց մեր սցենարիստի դեմքը բացեցինք, իրան գործից կհանեն», - հավելեց Բարսեղյանը:

Նախկին սցենարիստի նկատմամբ ճնշումներին անդրադառնալով՝ նա ասաց․ - «Ոստիկանների, միլիցեքի շորերով մարդիկ են գնացել տուն, մանրամասներից, արդեն տարի մը անցել է, չեմ հիշում»:

XS
SM
MD
LG