Մատչելիության հղումներ

«SOS» հաղորդաշարի սցենարիստը հակագազով էր եկել դատարան


Շուրջ մեկ տարի ընթացող՝ ոստիկանությունն ընդդեմ SOS հաղորդաշարի դատական նիստն այսօր հերթական անգամ հետաձգվեց, այս անգամ պատասխանող կողմի փաստաբանը չէր ներկայացել:

Քաղաքական երգիծական այս հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանն արդեն չի էլ հիշում, թե սա որերորդ հետաձգված նիստն է:

«Կարողա դառնանք թոշակառու՝ նոր ավարտվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Ոստիկանությունը դեռ նախորդ տարի էր դատի տվել Գայֆեջյանին, պնդելով, որ նա հաղորդումներից մեկում վիրավորել է ոստիկաններին: Ոստիկանությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել Գայֆեջյանին հրապարակավ ներողություն խնդրել, իսկ համահայցվոր երկու ոստիկանները իրենց վիրավորելու համար Գայֆեջյանից փոխհատուցում են պահանջում իրենց աշխատավարձի հազարապատիկի չափով՝ 2 միլիոն դրամ:

«Արդեն չգիտեմ․․․ եթե պետական վճարում եղավ՝ բնականաբար կվճարեմ, բայց ներողություն հաստատ չեմ խնդրի էն բանի համար, որը չեմ արել», - նշեց Գայֆեջյանը:

SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանն ասում է՝ հազվադեպ է դատական նիստն իրենց միջնորդությամբ հետաձգվել, պնդեց՝ հիմնականում մեղադրող կողմն է ձգձգում նիստերը: Վստահ է՝ ոստիկանությունը չի կարողանում հիմնավորել իր պահանջը:

«Դատի են տվել այն պատճառով, որ չեն ճանաչել մեզ որպես անհատ, որպես պայքարող մարդու և դատի են տվել, որ մենք բերաններս փակենք, վախենանք, գնանք տուն: Ու այդպես չի լինի հաստատ, որովհետև մենք լիքը պլաններ ունենք, եկող ողջ տարի SOS-ը առջևում պետք է լինի: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչքա՞ն պիտի շարունակվի այս ամեն ինչը, որովհետև իրենք պիտի դեռ ապացուցեն, թե ինչո՞ւ են այդ արտահայտությունները իրենց հասցեին ընդունել՝ խոսքը «Գ ու հենց ընենց 7», «զաբոռալպստման բաժնի աշխատողներ» և «շան տղա» արտահայտությունները: Մյուսը՝ իրենք պետք է ապացուցեն, թե ի՞նչ է նշանակում «Գ ու հենց ընենց 7» արտահայտությունը, ի՞նչն է իրենց համար դրանում վիրավորական: Հազար հատ նրբություն կա, այս դատը կարող է մի քանի տարի տևել: Բացի դրանից՝ մենք պատրաստ ենք գնալ մինչև վերջին ատյան, որը Եվրադատարանն է», - հայտարարեց Հայկ Բարսեղյանը:

Ռեժիսորի խոսքով՝ քաղաքական երգիծական հաղորդման նախկին սցենարիստը պարբերաբար ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել: Այդ է պատճառը, որ նոր սցենարիստը եթերում միշտ դեմքը հակագազի տակ է թաքցնում: Նույն հանդերձանքով էլ այսօր դատարան էր եկել, ավտոմեքենայից, սակայն, այդպես էլ չիջավ: Լրագրողների հետ համր զրույցում հասկացրեց, որ հակագազն իշխանափոխությունից հետո միայն կհանի:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 4-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG