«Նաիրի'տ, աշխատա'նք», - վանկարկում էին այսօր Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված մի խումբ նաիրիտցիներ:
Մեկ շաբաթ առաջ Շենգավիթ վարչական շրջանի դատարանը «Նաիրիտ»-ը սնանկ էր ճանաչել՝ բավարարելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության հայցը։
Երբեմնի քիմիական հսկան ՀԷՑ-ին շուրջ 1 միլիարդ 235 միլիոն դրամ է պարտք, և սնանկության հայց ներկայացնելով ՀԷՑ-ը ցանկանում է ստանալ տարիների ընթացքում կուտակված պարտքը։
Միևնույն ժամանակ, կառավարությունը «Նաիրիտ»-ը վերագործարկել ցանկացող ներդրողների համար մրցույթ է հայտարարել մինչև հունվարի 20-ը։
Գործարանի նախկին աշխատողները ՀԷՑ-ի ղեկավարությանը բաց նամակ էին ուղղել՝ խնդրելով կասեցնել սնանկության գործընթացը մինչև մրցույթի արդյունքների հրապարակումը և պոտենցիալ ներդրողի հետ բանակցությունների ավարտը: Նամակը, սակայն, առայսօր անպատասխան է մնացել:
Ցույցի մեկնարկից քիչ անց նաիրիտցիներին մոտեցավ Ազգային ժողովի պատգամավոր («Օրինաց երկիր») Իշխան Խաչատրյանը ու խոստացավ հարցն այսօր բարձրացնել խորհրդարանում․ - ««Նաիրիտը»-ը կարող է բազմաթիվ սոցիալական հարցեր լուծել։ Դա կարող է լինել մեր տնտեսության ողնաշարը: Հետևողական լինելով՝ մենք շրջանառության մեջ ենք դրել նաիրիտցիների խնդիրներին վերաբերող նախագիծ: Այսօր սիրով մեր խմբակցության կողմից հնչեցվելու է հարցը»:
Պատգամավորը նաիրիտցիներին խորհուրդ տվեց սպասել գալիք խորհրդարանական ընտրություններին: Ցուցարարները, սակայն, թերահավատ էին, ասում էին՝ ընտրությունները սովորաբար կեղծվում են, իսկ իրենք կրկին մնում են կոտրած տաշտակի առաջ։
Խաչատրյանը վստահեցրեց, թե կեղծիքներ չեն լինելու, և նրանց քվեները «տեղ հասնելու են»: Նաիրիտցիներից միջին տարիքի մի կին արձագանքեց․ - «Ես էս 25 տարում նման բան չեն տեսել, որ քվեն տեղ գրավի: Այ կտեսնեք, նորից ՀՀԿ-ն կհաղթի»:
«Դուք ազնիվ մարդիկ եք և դուք հավատում եք ընդամենը ձեր քվեին տված: Բայց ընտրակաշառքները, էսօր սոցիալական վիճակը էնքան վատ ա, որը անդրադառնում ա, ընտրակաշառքների գայթակղվում են», - ասաց պատգամավորը:
Ցուցարարներից մեկն արձագանքեց․ - «Տելեվիզըրով լավ ելույթ են ունենում՝ գիտեք ինչ կա, աղքատությունը էսքան վերացա՜վ, արտադրությունները էսքան եկամո՜ւտ․․․ դա բոլորը սուտ ա: Հիմի ժողովրդին չես կարա խաբես․․․ Թող կանգնեն քյասար խոսան, մարդավարի ասեն՝ հարգելի նաիրիտցիներ, ձեր գործարանը աշխատելու ա, կամ չի աշխատելու»:
Ազգային ժողովում «Նաիրիտ»-ի մասին հարցը հնչեցրեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը․ - «Չե՞ք կարծում, որ դատական գործընթացի ժամկետները միտումնավոր է արագացվել: Եվ չե՞ք կարծում, որ «Նաիրիտ»-ի սնանկ ճանաչումը խանգարում է կառավարության կողմից հայտարարված ներդրողների մրցույթին»:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց․ - «Ես Ձեզ պետք է ասեմ, որ չէր գտնվի որևէ մի ներդրող, որը պատրաստ լիներ գալու, ներդնելու գումարներ մի ընկերության մեջ, որից հնարավորություն կա գանձելու հարյուր միլիոն դոլար: Եվ հենց սնանկացումն է այն մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս խթանելու ներդրողներին, եթե այդպիսիք կան, որպեսզի գան և ներկայացնեն առողջացման ծրագիր»:
Բիշարյանի դիտարկմանը, թե այս կառավարությունն իր ձեռագրով չի տարբերվում նախորդներից ու շարունակում է արհամարել նաիրիտցիներին, Դավիթ Հարությունյանը հակադարձեց՝ հեշտ է պոպուլիստական հայտարարություններ անել ու մարդկանց դնել մի կացության մեջ, որ իրենց թվա, թե հարցի կարգավորումն ընթացքի մեջ է և «տիեզերական» լուծում է գտնվելու։
«Ավելի լավ է մարդկանց ճշմարտությունն ասել: Իսկ ճշմարտությունը հետևյալն է․ «Նաիրիտ»-ը տարիներ շարունակ, անգամ երբ աշխատել է, երբևէ չի եղել շահութաբեր ընկերություն: Եվ թեև շատերին թվում էր, որ տեղի է ունենում արտադրություն, խոսքը վերաբերում հետխորհրդային տարիներին: Եվ եթե անգամ մարդկանց վճարվում էր աշխատավարձ, դա արվում էր ի հաշիվ այլ տնտեսվարողների, և Կառավարությունը իսկապես ճիշտ է անում, իմ խորին համոզմամբ, երբ մի պահ կանգ է առնում և ասում է՝ եկեք այս հարցում գտնենք վերջնական լուծում: Եթե գտնվի ներդրող, հրաշալի է, եթե չգտնվի՝ դա նշանակում է հավերժ պետությունը չպետք է երկրի բոլոր հարկատուներից հավաքված գումարները ուղղի դեպի «Նաիրիտ»», - հավելեց Հարությունյանը։
Նաիրիտցիները ցույցի ավարտից հետո երթով նախագահի նստավայր շարժվեցին և բողոքն այնտեղ շարունակեցին։ Նախագահի աշխատակազմից, սակայն, պատասխանեցին՝ եթե իրենց հայտնելու բան ունենան, տեղյակ կպահեն։