«Մենք սկզբից հանկարծակի եկանք, մտածում էինք ինչ կարող ենք անել այլևս, բայց չէ, ժողովուրդը շատ մարտական է տրամադրված։ Էսօր մենք նորից դիմել ենք վարչապետի մոտ մտնելու համար, մենք ուզում ենք լսել իր խոսքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին աշխատակիցներից Կարինե Շահվերդյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դեռ նախորդ տարվա ապրիլին գործարանը սնանկ ճանաչելու պահանջով դիմել էր դատարան։ Օրերս Շենգավիթ վարչական շրջանի դատարանը ՀԷՑ-ի հայցը բավարարել է։
Դատարանը եզրակացրել էր, որ դիմողի պահանջը հիմնավորված է, քանի որ «Նաիրիտ»-ը չի կատարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման պարտավորությունը։ Գործարանը ՀԷՑ-ին 1 մլրդ 235 մլն դրամ էր պարտք։
«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները պնդում են՝ վճիռն իշխանությունների կողմից ուղղորդված է եղել:
«Եթե կառավարությունը ձևավորել է տնօրենների խորհուրդ, տնօրենների խորհուրդը եթե տարածք ա վաճառում, ուրեմն դա կառավարության թույլտվությամբ ա: Եթե դատ ա տեղի ունենում, դատի օրը գաղտնի տեղափոխվում ա, դա կառավարության հրահանգով ա տեղի ունենում», - ասաց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Արայիկ Կարայանը:
«Կան կազմակերպություններ, որոնց «Նաիրիտ»-ը շատ ավելին է պարտք, քան այս ՀԵՑ-ի պարտքն է․․․ Ու նրանցից ոչ մեկը չէր պահանջում, և պահանջեց միայն ՀԷՑ-ը, և պահանջեց ոչ թե միայն պարտքի մարում, որը կարող էր ուղղակի ինքն իր պարտքը ուզել: Նա, չգիտես ինչու, սնանկության հայց է ներկայացրել», - հավելեց Կարինե Շահվերդյանը:
ՀԷՑ-ից «Ազատությանը» տված պարզաբանման համաձայն, մինչդեռ, իրենք գումարի բռնագանձման պահանջով երեք անգամ դիմել են դատարան, և ստացել է շուրջ 1.2 մլրդ դրամի բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռներ, սակայն գումարն այդպես էլ չի վերադարձվել։
«Նաիրիտ»-ի փաստաբան Արմեն Աբովյանը իր հերթին «Ազատությանը» տեղեկացրեց, որ ՀԷՑ-ի հետ հաշտության համաձայնություն չեն կարողացել ձեռք բերել, և դատարանը ողջամտության ժամկետներում է նման վճիռ հրապարակել։ Աբովյանը, ի դեպ, տեղյակ չէր․ առաջին ատյանի դատարանի այս որոշումը կբողոքարկվի՞, թե ո՞չ։
Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը տարակուսած է․ մի կողմից հայտարարվում է վերագործարկման մասին ու ներդրողներ են հրավիրվում, մյուս կողմից արտահերթ դատական նիստ է տեղի ունենում ու սնանկության գործընթաց է սկսվում:
«Հունվարի 20-ին նշանակած էր մրցութային հրավերի վերջը: Հունվարի 25-ին նշանակած էր դատական նիստը: Իմ տեսակետն եմ ասում՝ եթե մրցութային հրավերներ են ընդունում մինչև ամսի 20-ը, մարդիկ հայտեր են ներկայացնում մասնակցելու համար, սնանկության գործընթացը արդեն հնարավոր չէր անել, որովհետև կար արդեն ռեալ ներդնողներ: Եվ ռեալ ներդնողները, իմ կարծիքով, կբանակցեին հանգիստ ցանցի հետ, կասեին՝ հետաձգի նորից, կբանակցենք, ընդհանուրի կգանք, ժամանակացույց կկազմենք ձեր պարտքերը կմարենք: Որպեսզի փաստի առաջ կանգնեցնեն, կատարեցին արտահերթ դատական նիստ և «Նաիրիտ»- համարեցին սնանկ»:
Նաիրիտցիները չեն հավատում գործարանի ղեկավարության պնդմանը, թե սնանկ ճանաչվելուց հետո առողջացման ծրագիր կմշակվի ու քիմիական հսկան ոտքի կկանգնի։ Ասում են՝ այսպիսի ծրագիր իրենք ժամանակին և՛ կառավարությանը, և՛ Ազգային ժողովին ներկայացրել են, նաև հավատացել են նախագահ Սերժ Սարգսյանի տարիներ առաջ տված խոստմանը, թե գործարանն աշխատելու է:
«2012 թվականի ապրիլ ամսին Երկրապահների համագումարում Հանրապետության նախագահը բարձրաձայնեց, որ մեկ տարի հետո մենք կունենանք վերագործարկված «Նաիրիտ»։ Անցել ա 4 տարի, շուտով կլրանա 5 տարին, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել», - ասաց ցուցարներից մեկը։
«Իրանց պետք չի, որ գործարանը աշխատի», - հավելեց մեկ ուրիշը․ - «Իրանք հաղորդում են բարեկեցություն: Որտե՞ղ ա բարեկեցությունը․․․ Էդքան մարդ մնացել ա, դրսում, 300 հազարը դուրս ա եկել Հայաստանից: Ինչ ուզում անում են ժողովրդի գլխին․․․ 30-40 հազար թոշակ են տալիս, էդ բարեկեցությո՞ւն ա»:
Նաիրիտցիները նշում են, որ չնայած հիասթափությանը, շարունակելու են իրենց պայքարը: