Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները նորանշանակ վարչապետից պահանջում են վերագործարկել գործարանը


Կառավարության շենքի մոտ հավաքված նաիրիտցիները նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ էին ուզում հանդիպել, որպեսզի ներկայացնեն գործարանը վերագործարկելու իրենց պահանջը:

«Նույն պայքարը մենք շարունակելու ենք՝ անկախ նրանից, թե այսօր վարչապետի աթոռին Հովիկ Աբրահամյանն է, թե նոր վարչապետը: Մեր հույսը չենք կտրում», - «Ազատությանն» ասաց նրանցից մեկը:

Վարչապետի փոխարեն նաիրիտցիների հարցերին պատասխանեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Լևոն Յոլյանը։ Նաիրիտցիները հետաքրքրվում էին Սլովակիայում բնակվող հայազգի գործարար Աշոտ Գրիգորյանի «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» ընկերության դիմումի ճակատագրով ու փորձում էին պարզել, թե արդյոք «Նաիրիտ»-ի վերագործարկման մտադրություն հայտնած գործարարի հետ հանդիպում տեղի ունենալու է։ Յոլյանն ասաց, որ «Նաիրիտ»-ով ավելի լուրջ ընկերությունների խումբ է հետաքրքրվում, որի անունը դեռ չեն հրապարակում։

«Նաիրիտ»-ի մասին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Ազգային ժողովում անհանգստություն էր հայտնել։ Պատասխանելով հանրապետական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին՝ նա նշել էր, որ չափազանց ռիսկային է ներդրումներ անել այնտեղ, որտեղ գուցե ապագա չկա․ - «Ինձ շատ անհանգստացնում է, երբ որ պոտենցիալ ներդրողները գալիս են և «Նաիրիտ»-ի մասին խոսում են՝ չունենալով հեռանկարային, տասը-տասնհինգ տարվա վերաբերյալ էներգակիրների որևիցե կանխատեսում: Ելնելով դրանից՝ մենք մի օր պետք ա իլյուզիաներից հրաժարվենք և նստենք, թուղթ ու գրիչով խոսենք: Մենք երրորդ թե չորրորդ փորձն ենք արել: Այդ երրորդ-չորրորդ փորձը թե՛ բյուջեի, թե՛ այլ ճյուղերի վրա բավականին մեծ թիվ ա նստում»:

Կարեն Կարապետյանի խոսքով, սա սակայն չի նշանակում, որ իրենք տրամաբանական ու իրատեսական տարբերակներին չեն արձագանքելու։

Կառավարության շենքի մոտ հավաքված նաիրիտցիները դժգոհ են վարչապետի արձագանքից։ Գործարանի նախկին աշխատողների խոսքով՝ եթե Կարապետյանն ուզում է վատ վիճակում գտնվող տնտեսության մեջ ինչ-որ բան փոխել, ապա պետք է քիմիական հսկայից սկսի․ ոչ միայն վերագործարկի այն, այլև պարզի, թե նախկինում ինչ զեղծարարություններ են տեղի ունեցել։

Մեկուկես տարի առաջ գործազուրկ դարձած նաիրիտցիների խոսքով, իրենց միակ ցանկությունն աշխատանքի վերադառնալն է:

«Դիմում ենք պարոն Կարապետյանին՝ թույլ տվեք «Նաիրիտ» գործարանը դառնա անկյունաքար Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար: Հետ վերադարձրեք մեզ մեր իրավունքները, որպեսզի հայը կարողանա ապրել և աշխատել Հայաստանում: Մենք կպահանջենք պարոն Կարապետյանից, որ եթե ինքը կոռուպցիայի դեմ պայքար է սկսելու, պայքարը սկսի «Նաիրիտ» գործարանից, վերհանի այն չարաշահումները, որոնց արդյունքում «Նաիրիտ» գործարանը հայտնվել է այս վիճակում», - ասաց ցուցարարներից մեկը:

Միլիոնավոր դոլարների պարտքեր կուտակած «Նաիրիտ» գործարանը դադարեց աշխատել 2010 թվականի մարտին։ Գործարանի աշխատողների մեծ մասը կրճատվեց։

ԱՊՀ միջպետական բանկին, Երևանի ՋԷԿ-ին, ՀԷՑ-ին ու «Գազպրոմ Արմենիա»-ին գործարանը 100 միլիարդ դրամից ավելի գումար է պարտք։ Պարապուրդի տարիներին միայն աշխատակիցների աշխատավարձի վեց միլիարդ դրամի պարտքը մարվեց, այն էլ՝ ամիսների պայքարից, բողոքի ցույցերից ու ճանապարհներ փակելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG