Մատչելիության հղումներ

Վարուժան Ավետիսյան․ Բժիշկները պատանդ չեն


Վարուժան Ավետիսյանը ՊՊԾ գնդի տարածքում: 23-ը հուլիսի, 2016 թ․
Վարուժան Ավետիսյանը ՊՊԾ գնդի տարածքում: 23-ը հուլիսի, 2016 թ․

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում նաև պնդեց, որ իշխանություններն իրենց հետ չեն բանակցում։

«Ասեմ, որ դա կեղծիք է: Որևէ բանակցություն չկա: Բացարձակ սուտ է», - հայտարարեց նա:

Ավետիսյանը փոխանցեց, որ խմբի վիրավոր անդամներից երկուսը վիրաբույժի կարիք ունեն, և իրենք իշխանություններից պահանջում են մշտական բժշկական հերթապահություն ապահովել գնդի չեզոք տարածքում․ - «Մեզ համար բժիշկների այստեղ առկայությունը կենաց-մահու խնդիր է: Մենք բժիշկներին պատանդ չենք պահում, մեզ անհրաժեշտ է բժշկական օգնություն: Ռեժիմը մեզ զրկել է բժշկական օգնությունից»:

«Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ իր ղեկավարած ծառայությունը վիրաբույժներ չունի, հետևաբար չեն կարող վիրաբույժ ուղարկել գնդի տարածք։ Ստեփանյանը միաժամանակ նշեց, թե որևէ երաշխիք չունեն, որ նոր բրիգադի անդամներին զինված խումբը թույլ կտա դուրս գալ գնդի տարածքից։

«Երբ որ իրանք մեր բժիշկներին պահեցին իրենց մոտ, իրանք մեզ փաստացի խաբեցին: Իրանք ասեցին, որ երկու ծանր վիրավոր ունեն, և անհրաժշետ է, որ բժիշկները տեղափոխեն այդ վիրավորներին հիվանդանոց: Հետո ստացվեց, որ հենց բժիշկները հայտնվեցին այդ տարածքում․․․ պարզվեց, նախ, որ մի վիրավոր է և ոչ էդքան ծանր: Եվ ասացին, որ՝ դուք դուրս չեք գա էստեղից, մինչև մեր պայմանները չկատարեք»:

Վարուժան Ավետիսյանը, մինչդեռ, հավաստիացնում է, որ նոր բրիգադի ժամանելու դեպքում գրավյալ գնդի տարածքում գտնվող բժիշկները կարող են հետ վերադառնալ․ - «Մենք բուժօգնության կարիք ունենք, թող այստեղ հերթապահություն սահմանվի, և վերջ: Այստեղ բժշկական հերթափոխ լինի, որ կարողանան նաև վիրաբուժական միջամտություն ցուցաբերել վիրավորներին, այդ ժամանակ որևէ խնդիր չկա: Մենք բուժօգնության կարիք ունենք: Եթե այստեղ բժիշկ չկա, նրանք հատ-հատ մեզ գնդակահարելու են»:

Հուլիսի 27-ից ՊՊԾ գնդի տարածքում են «Շտապօգնություն» ՓԲԸ-ի երեք բուժաշխատողներ` բժիշկներ Նորայր Թևանյանն ու Սալվադոր Խեչոյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը: Բուժակ Դավիթ Տոնոյանին «Սասնա ծռեր» խումբը նույն օրն ավելի ուշ թույլ է տվել դուրս գալ տարածքից:

XS
SM
MD
LG