Մատչելիության հղումներ

Արթիկցիները դժգոհ են կառավարության տրամադրած փոխհատուցումից


Կառավարությունն աղետից տուժած քաղաքացիներին աջակցելու համար մոտ 42 մլն դրամ է նախատեսել։

«Ես խորին շնորհակալություն կհայտնեմ, որ կենդանի եմ մնացել․ ջրի մեջն եմ եղել, տունս լրիվ անցել է․․․ բայց վարչապետը տուն էր խոստացել», - «Ազատությանն» ասաց հունիսի 24-ին Արթիկ քաղաքում ջրհեղեղից հետո տունը կորցրած մի կին:

Կառավարությունն աղետից տուժած քաղաքացիներին աջակցելու համար մոտ 42 մլն դրամ է նախատեսել։ Գումարը ջրահեղձ եղած անասունների, ջրի տակ մնացած հողատարածքների ու անպիտան դարձած գույքի փոխհատուցման համար է հատկացվել։

Պարզաբանելով, թե ինչու վարչապետի խոստացած բնակարանների հատկացման մասին խոսք չկա՝ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը ասաց, որ երբ վարչապետն Արթիկում էր, վարարումը դեռ չէր դադարել, և ինքը ենթադրում է, որ Հովիկ Աբրահամյանը նկատի է ունեցել, որ նոր տներ կտրամադրվեն, եթե տները հիմնովին ավերվեն․ - «Բայց քանի որ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ շենքերը բնակվելու համար պիտանի են և ընդամենը վնասված են․․․ Այսինքն, ջուրը քաշվելուց հետո, խոնավությունը հելնելուց, հետո մասնակի վերանորոգումից հետո կարելի է նաև շարունակել բնակվել այդ տներում: Սա հանձնաժողովի եզրակացությունն է»:

Տուժած բնակիչներից Լյովա Մոռոյանը շեշտում է, որ իր տունը հիմնովին ավերված չէ, պատերը կանգուն են, բայց որ տանն այլևս հնարավոր չէ ապրել՝ վարչապետ Աբրահամյանն անձամբ է համոզվել․ - «Պարոն վարչապետը անձամբ եղել է իմ տան դեմը կանգնած, ներս է մտել, կըսե՝ էստեղ բնակվել հնարավոր չէ: Ուսիս էլ խփեց, ըսավ՝ էլ մի տանջվի: Ախպեր ջան, ըսավ պարոն Աբրահամյան, էս մարդուն հետաքրքրվինք, բնակարանով ապահովինք: Ու ըդպես գնաց մինչև էսօր»:

Արթիկցիները չեն կարողանում հուզմունքը զսպել։ Տները հեղեղած ջուրը ամբողջությամբ փչացել է գույքը, կենցաղային տեխնիկան, շատերն անգամ պիտանի հագուստ չունեն։

«Ախպորս շորերն եմ հագե: Լրիվ գարդիրոբը շուռ է եկել, ցեխը լցվել է մեջը․․․ Սարի պես երկու հատ թոռ ունիմ, եկող էս վախտ բանակ պտի էթան․․․ Ես ի՞նչ խղճով ճամփեմ բանակ․․․ Էդ էրեխեն կուլա, կըսե՝ պապ, էս ինչ էղավ մեր տունը», - ասաց Մոռոյանը:

Մինչ արթիկցիներն ակնկալում են կառավարությունից համարժեք փոխհատուցում, Արթիկի քաղաքապետն արձանագրում է՝ ձեռքբերում է, որ զոհեր չեն եղել։ Իսկ աղետի գլխավոր պատճառ համարվող հեղեղատարերի փակ լինելու փաստը հերքում է։ Արսեն Աբրահամյանի կարծիքով, հեղեղի պատճառը դեռ խորհրդային տարիներին շահագործված քարի հանքի թափոնները ձորակներում լցնելն էր։

XS
SM
MD
LG