Առատ տեղումների և Արագածում կուտակված ձյան հալոցքի պատճառով արտակարգ իրավիճակ է Շիրակի մարզի երկրորդ քաղաքում` Արթիկում: Մեծ ծավալի ջուրը հոսելով հասել է Բաղրամյան փողոց և փակել ջրատար համակարգը: Սելավատարի փակ լինելու պատճառով ջուրը լցվել է Բաղրամյան և Պռոշյան փողոցների վրա գտնվող տներն ու անասնագոմերը: Տներից մեկը թեթև փլուզվել է:
Ոտքի է հանվել Արտակարգ իրավիճակների նախարարության Արթիկի ծառայության ողջ տեխնիկան, օգնության են հասել Անիի, Ախուրյանի, Գյումրիի փրկարարական ջոկատները, Շիրակի մարզի փրկարարական վարչության ջոկատը: Տարածքի բնակիչները, մանկապարտեզների երեխաները տարհանվել են: Փորձ է արվում անասնագոմերից դուրս բերել նաև անասուններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի փրկարարական վարչության փրկարար ծառայության պետ Արթուր Կարապետյանը, այս պահին վիճակը վերահսկելի է: Նա հերքեց որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացված՝ ջրամբարի քանդման մասին տեղեկությունը, նշելով, որ խոսքը սելավատարի խցանման մասին է: