Մովրոյանների բազմանդամ ընտանիքն ամենաշատն է տուժել Արթիկում շաբաթ օրը տեղի ունեցած ջրհեղեղից: Նրանց տունն ամբողջությամբ ցեխի մեջ է։ Տանտերերին ազգականներն էին օգնության հասել նաև զինվորականներ․ տուն լցված ցեխն էին մաքրում, կահկարասին դուրս բերում։
«Էսօր արդեն երրորդ օրն է յոթ անձով մնացել ենք դուրսը։ Մի օր տանիքում եմ քնել, երկու օրն էլ գնացել եմ Պեմզաշեն` աղջկաս տունն եմ քնել։ Չգիտեմ` անասուններս ուր են, հիմա էսպես մնացել եմ օդի մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մովրոյանը։
Առատ տեղումների և Արագածում կուտակված ձյան հալոցքի պատճառով առաջացած ջրհեղեղը մեծ վնասներ է հասցրել Արթիկում, հատկապես տուժել են հեղեղատարին մոտ գտնվող տները։
Ջուրն իր հետ քարհանքերից քարերի մեծ քանակ էր բերել: Ինչպես արթիկցիներն էին ասում, ոչ թե ջրհեղեղ էր, այլ քարհեղեղ։
Շաբաթ օրը Արթիկ այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը անելանելի վիճակում հայտնված Մովրոյաններին խոստացել է լուծել նրանց բնակարանի հարցը։
«Վարչապետը խոստացավ, որ ինձ տնով ապահովեն, տեսնենք։ Մենակ տուն տան ես էս երեխեքին կարողանամ պահել։ Ինքը [վարչապետը] մտել, տունը տեսել է, ասեց՝ «հնարավոր չէ էստեղ ապրել»։ Ներսից շան հոտ է գալիս։ Վարչապետն ասաց՝ «էս մարդուն անպայման տնով ապահովեք», - փոխանցեց Մովրոյանը։
Աղետից տուժած մյուս բնակիչները դժգոհում էին, թե իրենց մենակ են թողել աղետի հետևանքների վերացման հետ։ Եթե ցեխաջրերը մի կերպ մաքրում են, տոննաներ կշռող քարերից բակերն ու այգիները մաքրելն իրենց ուժերից վեր է, հատուկ տեխնիկա է աշխատելու։
«Չորրորդ օրն է սպասում ենք։ Ասացին, որ տեխնիկան երեկ պետք է գար։ Հետո փոխնախարարն ասաց, որ էսօր առավոտը կգա, էսօր էլ չկա, դեռ սպասում ենք», - ասաց տուժած բնակիչներից մեկը։
Վարչապետի այցից հետո հատուկ հանձնաժողով է ձևավորվել, որը վնասի չափերն է հաշվարկելու։ Նախնական տվյալներով՝ տուժել է 13 տուն, դպրոցն ու մանկապարտեզը, վնասվել են նաև քաղաքի ենթակառուցվածքները՝ գազատար, ջրատար։
Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի խոսքով՝ ջրհեղեղից տուժածներին օգնություն կցուցաբերվի։ «Հանրապետական հանձնաժողովում կքննարկվի և համապատասխան աջակցություն կցուցաբերվի բնակիչներին։ Առաջիկա կառավարության նիստին այդ որոշումն արդեն կընդունվի», - ասաց քաղաքապետը։
Հարցին, թե ե՞րբ կսկսեն քարերի մեծ կույտերի հեռացման աշխատանքները, Աբրահամյանը պատասխանեց. - «Հենց համապատասխան ծավալները որոշվեց, թե ինչ կարգի տեխնիկա է պետք, որպեսզի այնպես չստացվի, որ շատ հզորագույն տեխնիկա գա, կամ այնպիսի տեխնիկա, որ չկարողանա այդ աշխատանքներն իրականացնել։ Հանձնաժողովի որոշմամբ համապատասխան տեխնիկան կհատկացվի ու շատ արագ»։
Նշենք, որ Արթիկի հեղեղատարում ջրի հոսքն արդեն 3-րդ օրն է չի դադարում։