Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արթիկ քաղաք՝ հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի հետևանքներին և պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով:
Կառավարության կայքէջի փոխանցմամբ, նրան ուղեկցել են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Վարչապետն այցելել է Արթիկի՝ հեղեղից տուժած թաղամասեր, եղել է նաև մանկապարտեզում և դպրոցում: Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղի հետևանքով առաջացած իրավիճակի մասին և նշել, որ իր գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով ՝ վնասները հաշվարկելու և կառավարություն ներկայացնելու համար:
«Հովիկ Աբրահամյանը զրուցել է հեղեղի պատճառով տուժած քաղաքացիների հետ և հավաստիացրել, որ կառավարությունը բնակիչների կողքին է և պատշաճ ձևով օժանդակություն կհատկացնի: Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ իրավիճակը մտահոգիչ է, սակայն համապատասխան հաշվարկներից հետո վնասներ կրած քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ: