Մատչելիության հղումներ

Հայաստանում հակադարձում են ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը


Սամվել Ֆարմանյան, Մարիա Զախարովա, արխիվ
Սամվել Ֆարմանյան, Մարիա Զախարովա, արխիվ

Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը շեշտում է՝ Հայաստանում արձանների տեղադրման հարցը ռուս պաշտոնյաներին չի վերաբերում:

Այսօր «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարին տված հարցազրույցում հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը քննադատեց Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային՝ Նժդեհի արձանի վերաբերյալ նախօրեին հնչեցրած որակումների համար: Զախարովան «անհասկանալի էր» համարել Երևանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը։ Պատգամավորը նշեց՝ Հայաստանում արձանների տեղադրման հարցը Ռուսաստանի որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ Զախարովայի կամ նրա անմիջական ղեկավար Սերգեյ Լավրովի լիազորությունների մեջ չի մտնում։

«Ես կարծում եմ՝ և՛ մենք, որպես պատգամավորներ, և՛ արտաքին գործերի նախարարությունը, պետք է համապատասխան պատգամ փոխանցենք տիկին Զախարովային և նրա անմիջական ղեկավարներին, որովհետև նման անտեղի և անիրազեկ, չմտածված հայտարարությունները, եթե անգամ, իրենց հետին մտքով լուծում են լրիվ այլ խնդիրներ, խոշոր հաշվով, հայ հասարակության ներսում գնալով ավելի մեծ հարցեր են առաջացնում ընդհանրապես գոյություն ունեցող հարաբերությունների մասին»,- ասաց հանրապետական պատգամավորը։

Հայտարարելով, որ Ռուսաստանի համար անհասկանալի է Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրումը, Զախարովան նաև նշել էր՝ «Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորը լավ գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության ցանկացած դրսևորմանն ու հերոսացմանը նույնպես բոլորը գիտեն՝ այն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Եվ մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է տեղադրվել նշված արձանը, չէ՞ որ մենք գիտենք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքի մասին»:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև շեշտել է՝ Հայաստանը հանդիսանում է նացիզմի հերոսացման դեմ ՄԱԿ-ի ընդունած բանաձևի համահեղինակ երկիր և Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հենց հայկական պատվիրակությունն է հնչեցրել ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հայտարարությունը, որով աջակցություն էր հայտնել այս բանաձևին: Ռուս պաշտոնյան նշել է, թե հենց դա են համարում Երևանի և հայ ժողովրդի պաշտոնական տեսակետը։ «Ինչպես և նախկինում, մենք պարբերաբար շարունակելու ենք գնահատական տալ այն երևույթներին, որոնք, ըստ մեզ, անհամատեղելի են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի հետ՝ անկախ որևէ քաղաքական կոնյունկտուրայից»,- իր երեկվա խոսքում նաև ասել էր Զախարովան։

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության գաղափարախոսը համարվող Նժդեհի բրոնզե արձանը Երևանի սրտում՝ կառավարության երրորդ մասնաշենքի հարակից հրապարակում, հանդիսավոր կերպով բացվեց մայիսի 28-ին։ Արարողությանը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցում էին երկրի իշխանական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն այսօր իր ֆեյսբուքյան էջում ռուսերեն լեզվով գրառում է կատարել՝ կապված Նժդեհի արձանի տեղադրման հետ։ «Հայտնի է, որ Հայաստանում Նժդեհի անունը կրում են հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան, և նրա հիշատակին հուշարձաններ են կանգնեցվել թուրք զավթիչների դեմ մղած իր հերոսական պայքարի, նաև այն բանի համար, որ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակներում նա պաշտպանել է բնակչությանն այն ժամանակ քարտեզի վրա նոր հայտնվող Ադրբեջանի հանրապետության զինված կազմավորումների իրականացրած ջարդերից»,- գրել է Բալայանը:

Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև շեշտել է՝ Նժդեհը կազմակերպել է Հայաստանի տարածքի, այդ թվում՝ Զանգեզուրի պաշտպանությունը: Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակի գրառման մեջ, սակայն, Զախարովայի վերոհիշյալ մեկնաբանությանը որևէ անդրադարձ չկա: Նրա քննադատության թիրախը բացառապես Ադրբեջանն է։ «Իհարկե, միանգամայն հասկանալի է այն, որ գեներալ Նժդեհի արձանի տեղադրումը Ադրբեջանում պատվիրված հրապարակումների հերթական փոթորիկն առաջացրեց, ինչն Ադրբեջանի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ հավակնությունների մասին բազմիցս հնչեցված հայտարարությունների անմիջական հետևանքն է: Ապարդյուն և անբարոյական են Բաքվի բոլոր ջանքերը՝ ուղղված ֆաշիզմի տապալման գործում Հայաստանի անգնահատելի ներդրման վրա ստվեր գցելուն»,- գրել է Տիգրան Բալայանը:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ևս կարծում է, որ այս ամենում մեծ դեր ունի Ադրբեջանը: Սաֆարյանը, ով Նժդեհի արձանը մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելուն կողմ է քվեարկել, «Ազատության» հետ զրույցում տարակուսանք հայտնեց՝ արձանի տեղադրումից բավական ժամանակ անց Ռուսաստանում նման հայտարարություն է հնչում, թե չեն հասկանում դրա իմաստը։

«Ես այստեղ ավելի շատ տեսնում եմ, որ սա կապ ունի ադրբեջանական կողմի հետ, որի արձագանքը չափազանց ցավագին էր Նժդեհի արձանին: Ադրբեջանի պաշտոնական, կիսապաշտոնական բոլոր լրատվամիջոցներն ուղղակի հիստերիա բարձրացրին արձանի տեղադրման հետ կապված ու, թերևս, Ռուսաստանի ԱԳՆ դիվանագետը, կա՛մ ինքնուրույն, կա՛մ ինչ-որ շրջանակների ցանկությամբ, որոշել է հաճոյանալ Ադրբեջանին և տեղավորվել, այսպես ասած, հայ-ադրբեջանական հակադրության մեջ»,- ասաց Սաֆարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG