Մատչելիության հղումներ

Հայաստանում բանավեճը ՀՕՊ «մի համակարգի մասին է, որն արդեն գործում է երկրի տարածքում»


Ռուսաստանցի փորձագետ Վլադիմիր Եվսեև, արխիվ
Ռուսաստանցի փորձագետ Վլադիմիր Եվսեև, արխիվ

Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ բացառվում է, որ Հայաստանն ունենա հակաօդային պաշտպանության առանձին համակարգ:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայաստանյան հասարակությունը Ռուսաստանի ցանկացած քայլ ընդունում է որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ, և համատեղ հակաօդային պաշտպանության համակարգն (ՀՕՊ) այս առումով բացառություն չէ: «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասաց ռուսաստանցի փորձագետ, ԱՊՀ-ի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը:

Նա հավելեց, որ ընդհանուր համակարգն այսօր արդեն իսկ գործում է․ խոսքը և՛ ՄիԳ-29 ռազմական օդանավերի մասին է, և՛ С-300 հրթիռային համակարգի մասին, որ տեղակայված են Հայաստանում ռուսական ռազմակայանում: Այդ համակարգը, ըստ ռուսաստանցի փորձագետի, պետք է արդիականացնել, և նման ծրագրեր կան: Ստացվում է, նշեց նա, որ Հայաստանում ծավալված բանավեճը մի համակարգի շուրջ է, որն արդեն գործում է երկրի տարածքում:

Ենթադրենք՝ վաղը սկսվում է նոր պատերազմ Ադրբեջանի հետ, և ադրբեջանական ռազմական օդանավերը մտնում են Հայաստանի օդային տարածք, հաշվի առնելով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ջերմ հարաբերությունները՝ դրանք ոչնչացնելու համար ո՞վ պետք է հրաման տա․ «Ազատության» այս հարցին Եվսեևը արձագանքեց․ - «Որքանով ես եմ հասկանում իրավիճակը, որոշումը օդանավը չեզոքացնելու համար ընդունելու է Հայաստանում գտնվող ռուսաստանցի հրամանատարը՝ համաձայնեցնելով հայկական կողմի հետ»

Հայաստանցի որոշ գործիչներ այս օրերին պնդում են, որ ոչ ոք չի խանգարում Հայաստանին ունենալ հավելյալ, առանձին հակաօդային պաշտպանության համակարգ: Վլադիմիր Եվսեևն ասաց, որ սա բացառվում է, նախ՝ որովհետև դրա համար Հայաստանը անհրաժեշտ միջոցներ չունի, իսկ ունենալու դեպքում էլ հնարավոր չէ պատկերացնել, որ մի երկրում, այն էլ՝ Հայաստանի պես փոքր երկրում, գործի երկու ՀՕՊ համակարգ:

«Ինչի՞ համար է պետք մի հանրապետության տարածքում երկու համակարգ․ նախ՝ դա հնարավոր չէ, երկրորդն էլ՝ դրանք, փաստորեն, պետք է օգտագործեն նույն տեղեկատվական ռեսուրսը: Այսպես թե այնպես, որոշումները պետք է համաձայնեցված լինեն», - ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ սա առանձին թեմա է և այդ ընդհանուր համակարգի մեջ չի մտնում: Այսպես թե այնպես, հայկական կողմը, փաստորեն, ունենում է երկու հակաօդային պաշտպանության համակարգ, մեկը՝ Ռուսաստանի հետ համատեղ՝ Հայաստանը պաշտպանելու համար, մյուսն էլ՝ Ղարաբաղի հակաօդային պաշտպանության համակարգը: Ընդ որում, Եվսեևը նշեց, որ Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը հնարավորություն ունի վերահսկելու նաև Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը, իսկ թե իրականում ինչպես կլինի՝ փորձագետը դժվարացավ ասել, վերջում էլ հավելելով՝ պետք չէ բարդացնել իրավիճակը:

«Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանական կողմը գրեթե չի օգտագործել օդուժ, անօդաչու թռչող սարքերն այլ թեմա են, քանի որ դրանք թռչում են ցածր վբարձրության վրա», - ասաց Վլադիմիր Եվսեևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG