Մատչելիության հղումներ

Նորաստեղծ նախաձեռնությունը պայքարելու է միացյալ ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին հայ-ռուսական պայմանագրի դեմ


Ֆեյսբուքում ստեղծվել է «Չենք հանձնելու մեր հակաօդային պաշտպանությունը օտարին» անվանումով նախաձեռնություն, որի անդամները երկուշաբթի օրը խորհրդարանական քննարկմանը զուգահեռ բողոքի ակցիա են անցկացնելու Ազգային ժողովի դիմաց:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը մանրամասնությամբ ուսումնասիրել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

Արդյո՞ք հայկական զինուժը չի կարող պաշտպանել սեփական օդային տարածքը, մի՞թե եղել է նման նախադեպ․ սրանք են առաջին հարցերը, որ առաջացել են փորձագետի մոտ:

Իոաննիսյանի խոսքով, փաստաթուղթը ենթադրում է, որ հայաստանցի զինվորականը վերադաս է ունենալու Ռուսաստանում․ - «Պայմանագրով անգամ նախատեսված են դրույթներ պատերազմի ժամանակ, ես դա կանվանեմ այսպես՝ ինքնագլուխ քայլերը կանխելու ուղղությամբ: Այսինքն, եթե պատերազմական իրավիճակ լինի, և հայկական կողմը ուզենա կիրառել ինչ-որ հակաօդային ստորաբաժանում, այդ հնարավորությունը չունենա: Եվ կարողանա կիրառել այդ ստորաբաժանումը միմիայն դոբրոյի առկայության սահմաններում»:

Դանիել Իոաննիսյանը համառոտ ամփոփում է պայմանագիրը՝ Հայաստանը հանձնում է հակաօդային պաշտպանության անկախությունը, դարձնում այլ երկրի ստորաբաժանում: Եվ խնդիրը, ըստ նրա, իսկապես քաղաքական է․ հայկական զինված ուժերը պիտի ծառայեն միայն Հայաստանի ռազմական և քաղաքական շահերին․ - «Չի կարող այլ երկրի տարածքում որոշում կայացվել, թե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի որևէ ստորաբաժանում ինչ գործողություն պետք է կատարի, կամ ինչ գործողություն կատարելուց պետք է զերծ մնա: Եվ իրենք չպետք է հաշվետու լինեն այլ պետություններին, չպետք է հրամաններ ստանան այլ պետություններից: Սա ուղղակի անընդունելի է»:

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը մասնակցելու է ֆեյսբուքյան նախաձեռնության ցույցին․ - «Մանավանդ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ Մոսկվայի հետ մենք անելիք չունենք: Բայց եթե այդ ամենից եզրակացություն չեն արել․․․ Իրենց տրամաբանությունը այն է, որ մենք՝ Հայաստանի այսպես կոչված իշխանությունները, Ռուսաստանի կամակատարն ենք, Ռուսաստանի ստրուկն ենք, Ռուսաստանի ճորտն ենք: Հակաօդային պաշտպանության համակարգին միանալու նախաձեռնությունը ինձ համար նույնիսկ որպես առանձին երևույթ չի ընկալվում ռազմավարական տեսակետից: Հարցը վաղուց լուծված է․ Հայաստանը հրաժարվել է քաղաքակիրթ աշխարհի հետ համագործակցելուց»:

Հայրիկյանի խոսքով, միայն Ադրբեջանին զենքի վաճառքը բավական է, որ Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից և ոչ թե խորացնի այն․ - «Այն էլ այդ տեսակի զենքի վաճառքը: Դրա գնահատականը պետք է Սերժ Սարգսյանը ոչ թե Հայաստանից մի քանի հազար կիլոմետր հեռանալով՝ Արգենտինայում ակնարկներ աներ, այլ պիտի հենց առաջին օրը նոտա տար: Նա այնպիսի կախվածության մեջ է, որ կա՛մ պիտի ինքը զգա, որ իրեն վտանգ է սպառնում, կա՛մ էլ պիտի ուղղակի ինքը պարկեշտորեն ասի՝ ես ինձ չարդարացրեցի, հեռանում եմ: Նա անելու բան չունի»:

«Բողոքի ակցիաներ կազմակերպելով մեր նպատակն է ամեն գնով թույլ չտալ այս համաձայնագրի վավերացումը»,- ասված է «Չենք հանձնելու մեր հակաօդային պաշտպանությունը օտարին» նախաձեռնության հայտարարությունում:

Միաժամանակ, սակայն, Հայրիկյանը կասկած չունի՝ խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ է հավանություն տալու փաստաթղթին․ - «Քաղաքական կամքի մասին խոսել մեր խորհրդարանի մասին՝ ընդհանրապես դրանք անհամատեղելի բաներ են: Եթե հիշում եք, ասում էի, որ նրանք, ովքեր կվավերացնեն Մաքսային միության հետ համագործակցելու պայմանները, իրենք իրենց կենսագրության մեջ կարող են գրել, որ այսինչ օրը այսինչ վայրկյանին այդ կոճակը սեղմելիս․․․ և ես տգեղ բառեր ասացի՝ քաղաքագետին ոչ վայել: Դա ասացի, որպեսզի զգաստացնեմ: Բայց որոշեցին իրենց թոռների համար ունենալ, որ ես այսինչ օրը եղել եմ, գրական լեզվով ասած՝ հայրենիքի դավաճան»:

XS
SM
MD
LG