Մատչելիության հղումներ

«Լոքալ դիվելոփերզ»-ի փաստաբանը հորդորում է չշոշափել Մայրապետյանի անունը


Ընկերության կողմից կառուցապատվող ու կառուցապատվելիք՝ գերակա շահ ճանաչված տարածքների նախկին ու ներկա բնակիչները շարունակում են բողոքել:

Գերակա շահ ճանաչված Երևանի Պուշկին և Տերյան փողոցների բնակիչները պնդում են՝ Սամվել Մայրապետյանն իրենց տարածքում շինարարություն իրականացնելու համար անհրաժեշտ գումարը չունի, ինչը, ըստ նրանց, օրենքի խախտում է:

Մատնանշելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը՝ Տերյան 23-ի բնակիչ Վարդան Գերավետյանը պնդեց, թե կառուցապատողը պետք է ցույց տա այն ֆինանսական միջոցները, որով պատրաստվում է իրականացնել շինարարությունը:

Նա հավելեց, որ Մայրապետյանին պատկանող «Լոքալ դիվելոփըրզ» ընկերությունից իրեն դեռ անցած տարի ուղղված նամակում նշված էր, թե կարող է բանկից ստանալ իր անշարժ գույքի դիմաց տրվող փոխհատուցումը, սակայն բանկում ասել են, թե գումարն առայժմ չեն ստացել․ - «Հայտնում ենք, որ 2015 թվականի փետրվարի 4-ին բանկի կողմից թողարկված երաշխիքի գործողությունը դադարել է վերջինիս ժամկետի ավարտին՝ 2015 թվականի մարտի 4-ին և այլևս չի թողարկվել: Փաստացի այսօր բանկում չկան այդ գումարները, որը պետք է լիներ երաշխիք, որի հիման վրա ինքը մտել էր դատարան: Ինչ վերաբերում է շենք կառուցելուն, մենք չենք տեսնում ինքը ի՞նչ գումար ունի, որտե՞ղ ունի․․․»

Գերավետյանն ու Պուշկինի փողոցի երկու բնակիչները նաև հայտարարեցին, թե մայրաքաղաքի փոքր կենտրոնի իրենց տները շուկայական գներից շատ ցածր են գնահատվել:

Սամվել Մայրապետյանն այս առնչությամբ «Ազատությանը» փոխանցեց, թե ասելիք չունի, քանի որ գործը դատարանում է: Նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում տարակուսեց, թե ինչու պետք է իրենք բնակիչներին ապացուցեն՝ փող ունե՞ն, թե՞ ոչ․ - «Ապացուցելու բան չունենք: Եթե իրենք ասում են՝ փող չունի, բա ո՞նց ա ուզում առնի, հիմա հարց եմ տալիս՝ ծախո՞ւմ եք, հենց հիմա գնանք նոտար, քո փողը տանք, հինգ րոպեյվա ընթացքում»:

Պուշկինի թիվ 4 տան բնակիչ Ալֆրեդ Կզարթմյանը պահպանել է պապից ժառանգած կամարապատ նկուղը և երկու հարկ է ավելացրել․ 200 քառակուսի մետր մակերեսով տունը, նրա փոխանցմամբ, 200 հազար դոլար է գնահատվել: Տանը այժմ 3 ընտանիք է ապրում, և Կզարթմյանն ասաց, որ կհամաձայնի այն Մայրապետյանին զիջել միայն այն դեպքում, եթե 3 բնակարան գնի՝ իր, որդու ու դստեր ընտանիքների համար, կամ կենտրոնում նույնպիսի տուն կառուցի:

Արմեն Հասրաթյանը տուրիստական ընկերություններից մեկին վարձակալության է հանձնել իր բնակարանը: Այն գտնվում է գերակա շահ ճանաչված հայտնի «Դոլմամա» ռեստորանի հարևանությամբ: Հասրաթյանի խոսքով, շուրջ 95 հազար դոլար գնահատված 61 քառակուսի մետրանոց այդ տարածքն է այսօր իր ընտանիքի ապրուստի միակ միջոցը․ - ««Գնահատել եք շուկայական արժեքով, գումարած 15 տոկոս․․․ Շնորհակալ եմ ձեր 15 տոկոսից, ինձ տվեք համարժեք փոխհատուցում, ինձ համարժեք տարածք տվեք: Չէ՞ որ սա իմ ընտանիքի եկամտի աղբյուրն է»:

Ալեքսանդր Սիրունյանը հակադարձեց, թե բնակարանների գնահատման չափը վիճարկվում է դատարանում: Իսկ բնակիչներին խորհուրդ տվեց չշոշափել Մայրապետյանի անունը՝ ընդգծելով, որ սեփականության օտարման մասին օրենքի համաձայն, պետական այս ծրագիրն իր վստահորդը կատարում է կառավարության հանձնարարականով:

Սիրունյանը հավելեց, թե քիչ չեն այդ գործընթացից գոհ բնակիչները․ - «Մարդուն նորմալ տուն ենք տվել, ռեմոնտի փող ենք տվել: Նույնիսկ ժամկետ ենք տվել, ասել ենք՝ քանի որ մենք դեռևս հանձնարարություն չունենք, թե ինչ պիտի լինի էս օտարվող գույքերի հետ, ապրեք, այ ախպեր: Չենք հանում ձեզ տներից, որովհետև էսօր մենք էդ հանձնարարությունը առայժմ չունենք․․․ Մենք այսօր կառավարության անունից հանձնարարություն ենք կատարում՝ գնման գործընթաց ենք կատարում: Ուրիշ ոչինչ»:

XS
SM
MD
LG