Գործարար Սամվել Մայրապետյանը «Դոլմամա»-ի սեփականատիրոջը ռեստորանը քանդելու դիմաց առաջարկում է 64 միլիոն դրամ՝ 8 միլիոնով ավելի, քան 2 տարի առաջ։ Սեփականատեր Ժիրայր Ավանյանը, մինչդեռ, պնդում է՝ որևէ, անգամ ավելի բարձր գնի դեպքում հին Երևանից մնացած վերջին շենքերից մեկը չի զիջի։
«Ես մինչև էսօր չգիտեի ինչ են առաջարկում։ Էսօր առաջին անգամ եմ իմ դատապաշտպանից տեղեկացել, որովհետև դա ինձ չի հետաքրքրում... ես չեմ ուզում տալ, ես էդտեղ 18 տարվա կյանք եմ դրել, քրտինք եմ դրել, էնպես որ ես վաճառքով հետաքրքրված չեմ, բռնությամբ ձեռքիցս վերցնելով առավել ևս չեմ հետաքրքրված։ Հիմա էլ ձայն են հանում՝ իբր թե չեն քանդելու։ Եթե չեն քանդելու, էլ իմ շենքը ինչի՞դ է պետք, բիզնե՞սս ես ուզում գողանալ, չե՛մ տալիս»,- ասաց Ավանյանը։
Կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված այս տարածքի կառուցապատող «Լոկալ Դիվելոփերս» ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով պարտադրել «Դոլմամա»- սեփականատիրոջը փոխհատուցման դիմաց հանձնել շենքն ու հեռանալ: Այսօրվա դատական նիստում «Դոլմամա»-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց՝ 2014 թվականի նոյեմբերին անշարժ գույքը գնահատվել է 56 միլիոն, ընդամենը 5 ամիս անց առաջարկվել է արդեն 64 միլիոն դրամ։
«Առաջին հայացքից դա պետք է ձեռնտու լինի պատասխանողին, բայց հասկանալի է, որ նախ նման գնային աճ չէր կարող տեղի ունենալ, հետևաբար ինչ-որ մի այլ բան է այս ամեն ինչի հետևում թաքնված, ուղղակի կեղծավոր բարի կամք է դրսևորվում՝ «այ, տեսեք, ավելի շատ գումար ենք տալիս, դուրս եկեք» և այլն։ Ես համոզված եմ, որ դա իրական գնի հետ կապ չունի»,- նշեց Աթանեսյանը։
«Ես գիտեմ, որ գնահատողները սնվում են նույն աղբյուրից, ինչ այն կազմակերպությունը, որն ուզում է տարածքը վերցնի։ Այնպես որ իրենց գնահատականը ինձ անհետաքրքիր է»,- հավելեց սեփականատեր Ավանյանը։
Կասկածի տակ առնելով գույքի գնահատման արժանահավատությունը՝ փաստաբանը նոր փորձաքննության միջնորդություն ներկայացրեց ։ Հայցվոր կողմը՝ գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանն առարկեց, դատավորն էլ դատը հետաձգեց մինչև վաղը։
Անկախ նրանից՝ ինչ կորոշի դատավորը կամ նոր փորձաքննություն անելու դեպքում ինչ արժեք կսահմանվի ռեստորանի համար, «Դոլմամա»-ի սեփականատերը վճռական է՝ ռեստորանը հանձնելու մտադրություն չունի, և գինն իր համար կարևոր չէ։
«Եթե որոշել ես, որ քո երեխային չես տալու, հիմա մտածե՞ս, թե ինչ գնով տաս երեխայիդ։ Որոշել եմ չտալ, բայց որովհետև պրոցեսը սա է, որ առաջին ատյանում պետք է լինի գումարային խոսակցություն, մենք էդ խոսակցությունը անում ենք»,- ասաց Ավանյանը։
Սեփականատերը ճարտարապետների օգնությամբ անգամ նախագիծ է կազմել Պուշկին, Նալբանդյան, Աբովյան փողոցների միջանկյալ այս հատվածի կառուցապատման համար։ Առաջարկում է տարածքը վերափոխել՝ առանց եղածը քանդելու։
«Հիանալի շանս կա էսօր էդ տարածքը դարձնել Երևանի այցեքարտը, որովհետև մնացել է միակ փողոցը, որը ծայրից ծայր հետաքրքիր շենքերով է, ունի բավականին մեծ բակ, որտեղ կարելի է մի բան կառուցել, որը կդառնա այն վիզը, որի վրա այդ ամբողջ շենքը կարող է մարգարտե վզնոցի նման նստել։ Դա կդառնա Երևանի համար շատ կարևոր մի անկյուն»։
Սակայն ո՛չ քաղաքային իշխանությունները, ո՛չ էլ կառուցապատողը Ավանյանի առաջարկով դեռևս հետաքրքրված չեն: