Հյուսիսային պողոտայում Հին Երևանից պահպանված միակ շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը երկամսյա ժամկետում պետք է լքի իր բնակարանը: Վերաքննիչ դատարանն այս որոշումն օրեր առաջ է կայացրել:
«Ազատության» հետ զրույցում Տերյան 23-ի բնակիչն ասաց, թե այդպես էլ չհասկացան կառավարությունն ինչո՞ւ ու ինչպե՞ս է որոշել, որ իրենց շենքը քանդելուց հետո քաղաքի կենտրոնից կվերանա «խառը, անկանոն, ոչ սեյսմակայուն կառուցապատումը»:
Ի դեպ, քաղաքապետարանից «Ազատության»-ը փոխանցել էին, որ քանդման ենթակա շենքերն ընդգրկված չեն վթարայինների ցանկում:
Ծնված օրվանից Տերյան 23-ում ապրող Գերավետյանը պատրաստվում է բողոքարկել․ - «Դատական համակարգ ուղղակի գոյություն չունի․ նրանք պատվեր կատարողներ են: Ես ուղղակի բողոքարկելու եմ, որ սպառեմ իրավական դաշտում բոլոր իմ պաշտպանվելու հնարավորությունները, որից հետո իրավունք ունենամ դիմել Եվրադատարան: Բացի դրանից, բարոյական իրավունք ունենամ մեր ամբողջ ժողովրդի աչքի առաջ դիմել ինքնապաշտպանության»:
Շուրջ տասը տարի առաջ գերակա շահ ճանաչված Տերյան 23, 25 և Լալայանց 37-ի բնակիչները 18 հազարից ավելի ստորագրություններով գնացել էին նախագահական նստավայր, սեփական ուժերով երեսպատել էին շենքը՝ անփոփոխ թողնելով, սակայն, ի նշան բողոքի պաշտգամբներից կախված SOS գրությամբ պաստառները:
Կառուցապատող Սամվել Մայրապետյանը, ըստ Վարդան Գերավետյանի, տարբեր առիթներով հայտարարել է, թե քանդման ենթակա շենքի շուրջ 30 ընտանիքների համար նույն շենքի բակում բարձրահարկ է կառուցել ու առաջարկում է նրանց տեղափոխվել այնտեղ:
Գերավետյանը պնդում է, թե կառուցապատողը ստում է, իրենք այդպիսի պահանջ չեն ներկայացրել: Նրա խոսքով՝ քաղաքի կենտրոնի իրենց տները շուկայականից ցածր են գնահատվել, առաջարկվող բնակարաններն էլ իրենցի համեմատ անորակ են:
Գերավետյանի բախտակից հարևանը՝ Մելինե Նավասարդյանը նույնպես հրաժարվել է կառուցապատողի առաջարկած բնակարանից: Նա պատմեց, որ իրենց պայքարի 10 տարիների ընթացքում 7 ընտանիք է համաձայնել տեղափոխվել բակի նորակառույցը՝ խնայելով նյարդերն ու առողջությունը: 9 բնակիչ էլ, Նավասարդյանի ձևակերպմամբ՝ սեփական բնակարանից վտարվելու վախը սրտներում մահացան:
Տիկին Մելինեի խոսքով, շուրջ 120 քմ մակերեսով իր տունը մոտ 100 հազար դոլար է գնահատվել․ - «Փոքր կենտրոնում այս տիպի՝ ստալինյան, բարձր առաստաղով, լուսավոր, երկկողմանի արևկող բնակարան ես ընդհանրապես չեմ կարող գնել: Փաստաբանը ասում ա՝ ձեզ տանկերով կհանեն: Ես էլ ասում եմ՝ մենք չենք դուրս գա: Եթե տանկեր կան, թող ուղարկեն սահման»:
Շուրջ 100 հազար դոլար է գնահատվել նաև 70-ամյա Ջիվան Միքայելյանի 80 քառակուսի մետր մակերեսով բնակարանը: Վատառողջ ծերունին ասաց, որ տասը տարի շարունակ տունը չափ ու ձևողների է ընդունում, բայց ամեն եկողի հետ հույսը մարում է: Նա ասաց, որ իր տունը չի զիջի Մայրապետյանի բիզնեսին․ - «Ստեղից ես ոչ մի տեղ չեմ գնա, ի՞նչ պիտի անեն ինձ: Պիտի տանեն էն շենքը, որ պատրաստե՞լ են․․․ Դա շենք չի, դա կազարմա ա»:
Բնակիչները, դիմելով հանրության աջակցությանը, հայտարարում են, որ իրենք օրենքի գերակայության համար են պայքարում: Նրանք առ այսօր որևէ պաշտոնյայից չեն ստացել իրենց հուզող հարցի պատասխանը՝ ո՞րն է գերակա շահը․ - «Մենք չենք հասկանում, դուք կարո՞ղ եք ասել՝ այս շենքը որ քանդեն, ձեր օգուտը ինչո՞ւմ ա: Դուք պետք ա օգուտով դուրս գաք՝ չհաշված, որ մենք պետք ա չտուժենք: Լավ, հյուրանոցը այնքան կարևոր մի օբյեկտ ա հասարակության համար, որ սա ուրեմն բացառիկ գերակա շահ ա և գերակա ա իմ բոլոր իրավունքներից»։
Կառուցապատող Սամվել Մայրապետյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց՝ «այս թեմայով ինձ հարցեր մի տվեք, թող դատարանը որոշի, թե ով է ճիշտ, ով՝ սխալ»: