Մատչելիության հղումներ

Վտանգի տակ են հայտնվել Երևանի հնամենի մառանները


Մասնագետներն ահազանգում են՝ գրավչությունից զրկվող մեր մայրաքաղաքից զբոսաշրջիկները հեռանում են՝ այդպես էլ չծախսելով իրենց գումարները:

«Պահպանվում է պետության կողմից» գրառմամբ վահանակը կրող՝ Պուշկին 4 հասցեում գտնվող շենքը, որը հայտնվել է «պետության գերակա շահի» տիրույթում և ենթակա է քանդման, հնագետների պնդմամբ՝ հայկական գինեգործական ժառանգության վերջին նմուշներից է:

Ավելի քան 100 տարվա հնության այս շենքի տակ կա ավելի հին գինու մառան, որտեղ հայտնի գինեգործ Վասիլ Թաիրովը դեռ 19-րդ դարում անձամբ է գինի պատրաստել: «Ազատության» հետ զրույցում նշված հասցեով տանտիրոջ փեսան՝ Կարեն Գրիգորյանը, ցավով էր նշում՝ այսօր պատմական այս արժեքը պահպանելու կամք չունի ո՛չ սեփականատերը, ո՛չ էլ պետությունը: «1890 թվական, որքան հիշում եմ․․․կուժերն այստեղ են եղել շարված, մեծ կարասներ, որոնցում գինիներն են պահվել, ամեն մի սենյակը մտածված էին կառուցել․․․»:

Համաշխարհային պատերազմի տարիներին մառանը որպես ռմբապաստարան է ծառայել: Թաիրովներից հետո այս տանն ապրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասանուհի Անիկ Մկրտումյանը: Հետո այստեղ Երևանի առաջին ատամնաբուժարանն է գործել, իսկ անմիջական հարևանությամբ գտնվող շենքում՝ մի հայտնի պանրի արտադրությունն է կազմակերպվել: Արդեն չեն էլ հիշում՝ լեգենդ, թե իրականություն է այն պատմությունը, թե աշխարհի երկրորդ որակյալ ջուրը հենց այս բակի ծորակից է հոսել, «առաջինը Սան Ֆրանցիսկոյում էր...»,- կատակում է տանտերը:

Գինու մառաններ, հնամենի կարասներ, տարբեր չափսերի հնձաններ, միմյանց հետ կապված ստորգետնյա թունելներ․․․ հնագետների և գինեգործների պնդմամբ՝ մայրաքաղաքի հին շենքերն իրենց տակ մի ամբողջ պատմություն են ամփոփում: Գինեգործ Հովակիմ Սաղաթելյանն ասում է՝ հստակ տվյալներ չկան, թե թե քանի գինու մառան կա այսօր Երևանի ստորգետնյա շերտերում, սակայն հստակ է, որ Բուզանդ-Արամի-Աբովյան-Պուշկին փողոցների հնագույն շենքերի տակ գտնվողներն այժմ վտանգված են:

«Մեր հարևանները նույնիսկ 19-րդ դարի նման կառույցներ չունեն, բայց հենց հիմա բուլդոզերներն աշխատում են Բուզանդի փողոցի վրա, ի՞նչ ա կատարվելու, ի՞նչ ա մնալու՝ չգիտենք»,- մտահոգություն է հայտնում գինեգործը: Բուզանդի փողոցի՝ քանդման ենթակա շենքերի բնակիչներից ոմանք դեռ հիշում են, որ հաստ պատերի և գետնի տակ պատմություն է թաղված: «Էսպես, աղյուսով սարքած կամարներ են»,- պատմում է նրանցից մեկը:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն օրերս հայտարարել էր, թե Երևանի կենտրոնում քանդման ենթակա հին շենքերի տակ գտնվող արժեքավոր նկուղները կպահպանվեն, սակայն հին երևանցիները նախարարի այս խոսքերին այնքան էլ չեն հավատում, «մառանը ֆունդամենտ ա, եթե էստեղ երեք հարկից բարձր շենք սարքեցին, ֆունդամենտի պատերը պիտի քանդեն․․․»:

Թերահավատ են նաև գինեգործները, հնագետները և տուրօպերատորները: Հնագետ և ազգագրագետ Բորիս Գասպարյանը պնդում է՝ հնարավոր չէ մառանը պահպանել առանձնաբար, երբ արդեն քանդվել է միջավայրը: Գինեգործ Հովակիմ Սաղաթելյանն էլ օրինակ է բերում՝ Արամի 30-ը քանդելիս մեկ ստորգետնյա մառան արդեն իսկ վնասվել է:

«Արենի» փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը հույս է փայփայում՝ դեռ ուշ չէ փրկել մնացածը: «Այսօր սարքված հյուրանոցն իհարկե՝ դա էլ իր ձևով սեփականատիրոջ համար հարստություն է, բայց պատմական արժեքը շատ ու շատ անգամ ավելի թանկ է․․․ այս հուշարձանները քանդելուց հետո երբեք հետ բերել հնարավոր չի լինելու»,- ասում է Հովակիմ Սաղաթելյանը: Նունե Մանուկյանն էլ նշում է՝ «եթե նախարարն ասում է, որ չենք քանդելու, ինչքան ես գիտեմ, ավելի քան 30 պատմամշակութային արժեք ունեցող շենքեր արդեն քանդել են: Դա արդեն խոսում է այն մասին, որ ասելով չի, անելով է»:

Մի քանի օր առաջ գինեգործների մի խումբ նամակով դիմել է կառավարությանը: Գրության մեջ հատուկ ընդգվել է՝ տուրիզմը և գինեգործությունը գերակա շահ ճանաչող պետությունը չի կարող այսպես վարվել սեփական պատմության հետ: Քանդելով շենքերը՝ վտանգի տակ է դրվում ստորգետնյա այս հազվագյուտ աշխարհը, այն դեպքում, երբ դա կարող էր բավականաչափ գրավիչ վայր դառնալ զբոսաշրջիկների համար:

«Բայց մենք կորցնում ենք քաղաքի այն դեմքը, որը կարողանում ենք վաճառել որպես տուրիստական պրոդուկտ: Տուրօպերատորները չեն կարողանում մեկ ժամից ավել տևողությամբ զբոսաշրջիկներին պտտել քաղաքում, և նրանք Երևանից գնում են իրենց գումարները չծախսած»,- ասում է Նունե Մանուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG