Մատչելիության հղումներ

Երևանի հոսպիտալում բուժվող 32 վիրավորներից 10-ի վիճակը ծանր է


Ապրիլի 4-ին վիրավոր զինծառայողներին այցելել էր նախագահ Սերժ Սարգսյանը:
Ապրիլի 4-ին վիրավոր զինծառայողներին այցելել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

Ծայրահեղ ծանր է գնահատվում վիրավոր զինծառայողներից 6-ի վիճակը:

Կենտրոնական զինվորական հոսպիտալում այսօր 19-ամյա Դավիթ Գրիգորյանը լրագրողներին պատմեց, թե ինչպես է զրկվել միանգամից երկու ոտքից․ - «Պայթեցի․․․ տեսա, որ երկու ոտքս չկա: Մի ոտքս հենց շալվարով կապեցի, մյուս ոտքը՝ բատինկի շնուրոկով: Դասակի հրամանատարն ա եկել, ինձ այնտեղից հանել»:

Ժամկետային զինծառայող Արման Ավետիսյանը նռնակի պայթյունի հետևանքով զրկվել է մեկ ոտքից: «Գնացի առաջնագիծ՝ դասակիս հրամանատարին հետ բերելու, ոտիս տակ նռնակ գցեցին, պայթեց: Ընկա գետին, հետո ձեռ տվեցի, զգացի ոտս չկա»:

Նույն հիվանդասենյակում է պառկած նաև ժամկետային զինծառայող Նարեկ Վարդումյանը, արկի բեկորները վնասել են նրա կոնքը․ - «Զորամասի տարածքում էինք, օգնական ուժ էինք, գնում էին դեպի վերև, այդ ժամանակ գրադի սնարյադը ընկավ մեր կողքը, տրաքեց, բեկորները մտավ կոնքս»:

Առաջնագծում մարտնչող ընկերներին Նարեկը տեսախցիկի առջև խոստացավ ապաքինվելուն պես վերադառնալ դիրքեր․ - «Տղերք ջան, ես ձեր ցավը տանեմ: Դուք հիմա ըտեղ եք, մենք ստեղ հանգիստ պառկած ենք: Դիմացեք, մենք էլ ենք հեսա գալու»:

Բենիկ Եղիազարյանը չի հասցրել մոտենալ դիրքեր սնունդ մատակարարող մեքենային, պայթյունից վիրավորվել է ձեռքը, բեկորները վնասել են մարմնի տարբեր հատվածներն ու փշրել ատամները․ - «Գնացինք սնունդ ստանալու: Դրանից առաջ էլ ականանետով կրակում էին, բայց հեռու էր ընկնում: Հետո սկսեցին միանգամից մեքենայի վրա կրակել: Հենց առաջին սնարյադից, որ ընկավ մեքենայի կողքը, միանգամից հինգ հոգի վիրավորվեցինք»:

Կենտրոնական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը, ցույց տալով վիրավոր զինվորների մարմնից հանված բեկորները, ցավով նշեց, որ չեն կարողացել նրանցից մեկի ոտքը փրկել․ - «Որովհետև նա վիրավորվել ա հա՛մ գրանատամյոտից, հա՛մ էլ կրակահերթից»:

Պաշտպանության նախարարության բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանն ասում է, որ վիրավոր զինվորների մեծ մասը պատրաստ են դիրքեր վերադառնալ, և հավելեց․ - «Մենք գտանք, որ անհարժեշտության չկա, որպեսզի վիրակապով զինվոր մենք ուղարկենք առաջնագիծ»:

Նա պատմեց նաև, որ բժիշկներն առաջնագծում երկու բացառիկ պլաստիկ վիրահատություն են կատարել՝ կանխելով զինվորների ոտքերի ամպուտացիան:

Գնդապետ Խաչատրյանի փոխանցմամբ՝ 121 վիրավորներից բժիշկները միայն մեկի կյանքը չեն կարողացել փրկել, քանի որ նրա բոլոր օրգանները վնասված են եղել:

XS
SM
MD
LG