Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին ևս մեկ զինծառայող է վիրավորվել


Տավուշի մարզի Կոթի և Բերդավան գյուղերի ուղղությամբ հակառակորդի սկսած փոխհրաձգության հետևանքով անցած գիշերը բեկորային վիրավորում է ստացել 33-ամյա պայմանագրային զինծառայող Զորի Աշրաֆյանը:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, անցած գիշերը և այսօր առավոտյան լարվածության աճ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:

Բաղանիսում այսօր հավաքվել էին դիրքերում զավակներ ունեցող գյուղացիները:

«Ամեն գիշեր մեկն անց տասնհինգ, մեկն անց կես սկսում են: Արդեն մի հինգ օր ա, համարյա ամեն գիշեր կրակում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանից մեկը՝ հավելելով․ - «Իմ երեխան հենա սահմանի բերանը կանգնած, ես ո՞ւր անհանգստանամ, փախնեմ»:

Համագյուղացիներից մեկը հավելեց․ - «Իմ երկու երեխեն էլ ա պոստում: Մյուսներին էլ: Խուճապը ո՞րն ա, ո՞ւր գնանք: Մեր երեխանցը թողնենք, ո՞ւր գնանք: Մեր տանից մենք ո՞ւր փախչենք»:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ գիշերը գյուղ ականներ են հասել․ - «Բարեբախտաբար գյուղում վնասներ չունենք: Համեմատաբար: [Հակառակորդը կիրառել է] ավելի փոքր տրամաչափի զինատեսակներ որոնք էլի բավականին վտանգ ներկայացնող զինատեսակներ են: Բայց այս պահին, որ Ադրբեջանը օգտագործում է Ղարաբաղի շփման գծում, դրա հետ համեմատած սրանք ավելի փոքր տրամաչափի հրետանու զինատեսակներ են»:

Կոթիի միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը երեկ «Ազատությանը» ասել էր, թե դպրոցի շուրջ երկու հարյուր աշակերտների թիվը ավելի քան կիսով չափ նվազել է: Այսօր Սիրադեղյանն ասաց․ - «Այսօր մի քիչ ավել է եղել բացակաների քանակը, բայց էլի․․․ անկեղծ եմ ասում, ես չէի սպասում, որ այսքան երեխա կգա այդ կրակոցներից հետո, բայց էլի եկել են: Եթե երեկ, օրինակ, 55 տոկոս էր բացակայությունը, այսօր կազմել է ընդամենը 60 տոկոս, որը կրակոցներից հետո բավական նորմալ ցուցանիշ է»:

Երեկ ևս Հայաստանի հյուսիսային սահմանին զինվոր էր վիրավորվել․ պայմանագրային զինծառայող, 37-ամյա Արթուր Ադամյանի վիճակը, Բերդի զինվորական հոսպիտալի պետի փոխանցմամբ, դեռևս ծանր է, և այսօր նա կտեղափոխվի մայրաքաղաք:

Բերդ քաղաքի բնակիչ Արթուր Ադամյանը կրծքավանդակի հրազենային վնասվածք է ստացել Պառավաքարի ուղղությամբ հակառակորդ դիպուկահարի արձակած կրակոցից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հոսպիտալ։

«Վիրավոր զինվորն ուներ աջ թոքի բազմաթիվ վնասվածքներ և արյան մեծ կորուստ։ Հնարավոր է եղել սրտի աշխատանքը վերականգնել, արյունահոսությունը դադարեցնել և հիվանդի վիճակը կայունացնել։ Ներկա պահին նրա վիճակը կարելի է գնահատել կայուն ծանր», - «Ազատության» հետ զրույցում ասաց հոսպիտալի պետը։

Արթուրի հայրը՝ Ժորա Ադամյանը «Ազատության» հետ զրույցում վստահություն հայտնեց, որ բժիշկներն ամեն ինչ կանեն որդու կյանքը փրկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG