Մատչելիության հղումներ

Շփման գծի ողջ երկայնքով կրակը դադարեցված է


ԼՂ Պաշտպանության բանակի կրակակետը Մարտակերտում
ԼՂ Պաշտպանության բանակի կրակակետը Մարտակերտում

Այսօր ժամը 12:00-ից երկկողմանի համաձայնությամբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցված է՝ «Ազատությանը» տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Կրակը փաստացի դադարեցվել է, հետևաբար՝ դա երկու կողմերից էլ՝ և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի զինված ուժերի կողմից է պահպանվում այդ անդորրը», - նշեց ԼՂ նախագահի խոսնակը։

Բաբայանի խոսքով թեժ մարտերը դադարեցվել են երկկողմ բանակցությունների արդյունքում։ Թե ինչ փուլում են այս պահին քննարկումները և ովքեր են բանակցում՝ Ղարաբաղի նախագահի խոսնակը չի մանրամասնում։

«Եթե դադարեցված են պատերազմական գործողությունները, առաջին հերթին չվերսկսելու պատասխանատվությունը և այդ գործընթացը իրականացնում են զինված ուժերը՝ և՛ Արցախի Հանրապետության, և՛ Ադրբեջանի», - ասում է նա։

Դավիթ Բաբայանը չի մանրամասնում նաև, թե դիրքային ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ապրիլի 1-ից շփման գծի ողջ երկայնքով սկսված մարտերից հետո, վստահեցնելով` հակառակորդը որևէ առավելություն ձեռք չի բերել։

«Ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը ընդհանրապես չի խախտվել», - ասում է ԼՂ նախագահի խոսնակը։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր՝ անցած գիշեր հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով թեժ մարտերը շարունակվել են, ծանր զինատեսակներից բացի առաջնագծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

«Ազատության» հետ զրույցում Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց՝ զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան:

«Կորուստներ, բարեբախտաբար, չենք ունեցել», - հավելեց նա:

Բաբայանի փոխանցմամբ, գիշերվա ընթացքում հակառակորդը ինտենսիվ հրետակոծության է ենթարկել նաև խաղաղ բնակավայրերը, Մարտակերտի ու Մարտունու շրջակա գյուղերը՝ ակտիվորեն օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկը Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան
Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան

«Խաղաղ բնակավայրերի վրա մենք որևէ հակահարված չենք հասցնում: Խնդիրը նրա մեջ է, որ Ադրբեջանը իր մարտական դիրքերը տեղավորում է բնակավայրերում, որպեսզի օգտագործեր որպես վահան և ցույց տար աշխարհին, որ իբրև հայերը կրակում են այդ բնակավայրերի վրա: Ես նույնիսկ կասեմ հետևյալը, եղել է դեպք երեկ, երբ ադրբեջանական տանկերի կուտակումներ են նկատվել բնակավայրերից մեկում, որտեղից բնակչությունը լրիվությամբ դուրս չի եկել: Մենք ունեինք հնարավորություն ոչնչացնել այդ տանկային խմբավորումը, բայց հաշվի առնելով, որ կարող էին տուժել նաև խաղաղ բնակիչները՝ չենք արել դա», - նաև նշեց ԼՂ նախագահի մամուլի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG