Մատչելիության հղումներ

«Չե'ք անցկացնի»-ն ընտրական նոր օրենսգրքի շուրջ միասնական ճակատ կձևավորի


Արխիվ -- Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, Երևան, 6-ը դեկտեմբերի, 2016թ․
Արխիվ -- Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, Երևան, 6-ը դեկտեմբերի, 2016թ․

Սահմանադրական հանրաքվեի օրինակով՝ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունն այժմ էլ մտադիր է ընտրական նոր օրենսգրքի մշակման շուրջ միասնական ճակատ ձևավորել։

Շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանի պնդմամբ՝ քաղհասարակության պահանջները բազմազան են, առանցքայինների շուրջ, սակայն, շատերն են համակարծիք՝ քվեարկած անձանց ցուցակների հրապարակում, տեղամասերից ուղիղ հեռարձակում ու մատների թանաքոտման մեխանիզմի ներդրում։

«Մենք պատրաստվում ենք կազմակերպել համաժողով, որտեղ կֆիքսվի դա: Այնուհետև պետք է հետամուտ լինենք, որպեսզի այդ պահանջները իրականություն դառնան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Շարժումը, որն այժմ ձևավորել է Ժողովրդավարության ազգային պլատֆորմ, ակտիվ բանակցությունների մեջ է քաղաքական ու քաղաքացիական ուժերի հետ, Հովհաննիսյանը չի բացառում, որ միասնական օրակարգը ձևավորվի արդեն առաջիկա օրերին։ Առաջարկությունների փաթեթը հստակեցնելուց հետո պլատֆորմը այն կներկայացնի Ազգային ժողովի դատին։ Հովհաննիսյանը լիահույս է, որ որոշ պահանջներ կընդունվեն, ասում է՝ միջազգային ճնշումն է ավելացել․ - «Միջազգային հանրությունը բառացի հայտարարել է, որ Ընտրական օրենսգիրքը և 2017-ի ընտրությունները Հայաստանի համար ժողովրդավարության փորձաքար են, հետևաբար՝ իշխանությունը ստիպված է լինելու որոշ զիջումների գնալ՝ նրանց ցույց տալու համար, որ այդպիսի մտադրություն ունի»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը նույնպես մտադիր է առաջարկությունների փաթեթ ներկայացնել իշխանություններին։ Կառույցի անդամ Արմեն Գրիգորյանը մատնացույց է անում օրենսգիրքն ու պնդում՝ կուլիսներում մշակված նախագիծը չի արտացոլում հասարակության պահանջները․ - «Ամենատարրական և ամենասկզբնական այն բաները, որ պետք է կազմակերպվեին ու հանրությանը ներգրավեին, դրանով խախտել են»:

Հակակոռուպցիոն կենտրոնը նախքան օրենսգրքի նախագծի հրապարակումը ներկայացրել էր իր հիմնական առաջարկությունները, առաջնայինների թվում ստորագրված մատյանների հրապարակումն էր։

Ընտրական նոր օրենսգիրքն Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը։ Արմեն Գրիգորյանի պնդմամբ, իշխանությունները շտապողականություն են ցուցաբերել, Ընտրական օրենսգիրքը հապճեպ ու բազմաթիվ սխալներով են հրապարակել։

«Տառասխալները մի կողմ դնենք․․․ օրինակ՝ գրված էր օրենսգրքում, որ եթե վստահված անձը ինչ-որ սխալ կատարի, դիտորդին հեռացնելու են: Այսինքն՝ մենք հասկանում ենք, որ copy-paste են արել այդպիսի բան, բայց իրենց վերաբերմունքը դիտորդների նկատմամբ նույնպես արտացոլվում է», - ասում է նա:

Ի տարբերություն քաղհասարակության ու ընդդիմության, իշխող հանրապետականները նախագիծն առաջընթաց են համարում։ Նախորդ շաբաթ օրենսգրքի հրապարակումից հետո Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտին կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդեց, թե նախագիծն ավելի ժողովրդավար Հայաստան ունենալու հիմքեր է ստեղծում։ Շարմազանովը, միաժամանակ, վստահեցրեց, որ օրենսգրքի մշակմանը շահագրգիռ կողմերի մասնակցությունը դեռ կապահովվի:

XS
SM
MD
LG