Ընդդիմադիրներն ահազանգում են՝ նոր Ընտրական օրենսգրքի նախագծով Ազգային ժողովի ընտրություններն անցկացվելու են ոչ թե համամասնական ընտրակարգով, այլ, ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, մեծամասնականով համամասնականին ձայն բերելու միջոցով:
«Եթե նախկին համակարգով մեծամասնականին ձայն էր տալիս քաղաքացին, բայց համամասնականին այլ կուսակցություն էր ընտրում, այս դեպքում այնպես են արել, որ օլիգարխների փողը բացառապես աշխատի կուսակցության համար: Այսինքն, եթե, օրինակ, Սամվել Ալեքսանյանը, որը լավաշներ էր բաժանում և, բնականաբար, շատ մեծ [թվով] քվեարկողներ կունենա այդ համայնքում, իրեն գան ընտրեն՝ ավտոմատ այդ ձայնը գնալու է կուսակցությանը», - ասում է Մարտիրոսյանը:
Ըստ ներկայացված նախագծի՝ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրում է թեկնածուների մեկ համապետական և մեկ տարածքային ընտրացուցակ։ Ընտրական օրենսգրքի նախագիծն այս օրերին ուսումնասիրող փաստաբան Նորայր Նորիկյանը ևս պնդում է՝ ընտրողին հնարավորություն չի տրվում քվեարկել որևէ կուսակցության թեկնածուի օգտին՝ առանց այդ կուսակցությանը ձայն տալու։
«Նախագծի 67-րդ հոդվածի 3-րդ կետում սևով սպիտակի վրա ընդգծված է, որ այն կուսակցության, որին ինքը նախընտրել է տալ իր ձայնը, այդ քվեաթերթիկի երկրորդ էջում նա պարտավորվածություն է ունենալու նաև ընտրելու այն թեկնածուին, որին ընտրում է: Եթե Աստված մի արասցե, այս դրույթը կյանքի իրավունք ստանա օրենքի նախագծով, մենք կունենանք իսկապես աղավաղված ընտրական համակարգ», - նշում է փաստաբանը:
«Դրա համար, մենք ասում ենք՝ պարզ համամասնական ընտրական համակարգ լինի, ոչ թե այս երկու մեխանիզմներով՝ համապետական և ընտրատարածքային», - ընդգծեց ընդդիմադիր «Ժառանգության» փոխնախագահը:
Չհերքելով ընդդիմախոսների որոշ պնդումներ՝ դաշնակցական Արմեն Ռուստամյանը հակադարձում է․ - «Սա բացարձակապես հակագիտական թեզ է, թե իբր մեծամասնականը պահպանվել է: Չկա այդպիսի բան: Սա համամասնական է, որովհետև 1 բյուլետեն է քվեարկվում՝ կուսակցություն: Դու չես կարող որևէ անձի օգտին քվեարկես՝ առանց կուսակցությանը ձայն տալու: Այսինքն, այս երկու ձայները մեկտեղված են»:
Ստացած ձայներն, ըստ իշխանական պատգամավորի, բաշխվելու են հետևալ կերպ․ - «Ձայների 50 տոկոսը բաշխվում են ցանկի մեջ՝ առաջին համարից մինչև մանդատների կեսը: Մյուս կեսն է, որ այդ տարածքների վրա է բաշխվում, որպեսզի տարածքների ներկայացվածությունը ապահովվի ցանկերի միջոցով, ոչ թե շրջանցելով ցանկերը: Եվ ուրեմն սա չի կարող մեծամասնական լինել, սա վարկանիշային համամասնական քվեարկություն է, որը ամբողջ աշխարհում հայտնի է որպես բաց ցանկերի քվեարկություն: Մեր մոտ կիսաբաց կամ կիսափակ տարբերակն է»:
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նկատում է՝ վտանգը նաև ձայների բաշխման մեջ է․ - «Տեսեք, եթե առաջ մենք ունեինք, էս պառլամենտում՝ 75 տոկոսը համամասնականով, 25-ը՝ մեծամասնականով, հիմա, ըստ էության, իրենք այդ համամասնությունն էլ են փոխել հօգուտ մեծամասնականի․ ըստ էության, 50 տոկոսը լինելու է համամասնական՝ ռեալ, դասական համամասնական, իսկ մյուս 50-ը՝ համամասնականի անվան տակ՝ մեծամասնական»:
Փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով՝ օրենսգրքի նախագիծը պետք է փոփոխությունների ենթարկվի, այն շատերի համար կարող է անհասկանալի լինել․ - «Ես մտավախություն ունեմ, որ այս տեսքով ընդունվելու դեպքում ստեղծվելու է մի համապետական շիլաշփոթ, շարքային ընտրողի համար անհասկանալի են լինելու իր իշխանությունը ձևավորելու սկզբունքները, մոտեցումները և այն փիլիսոփայությունը, որը դրված է այս օրենսգրքի մեջ»: