Մատչելիության հղումներ

«Այս ամենը դասական քաղաքական հալածանք եմ համարում»


Սեֆիլյանին հարցաքննել են Սուրենյանցին առնչվող գործով: Վերջինիս ծեծի ենթարկելու միջադեպն իր անվան հետ կապելը «Նոր Հայաստան»-ի առաջնորդն անհեթեթ է համարում:

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին այսօր կանչել էին Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մինչ ՔԿ գնալը, Սեֆիլյանն «Ազատությանը» ասաց, թե տեղյակ չէ՝ ինչ գործի շրջանակում են իրեն ներգրավել որպես վկա։

Ավելի ուշ՝ հարցաքննության ժամանակ պարզվել էր, որ «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով դատապարտվել է խարդախության համար, ցուցմունք է տվել և ասել, որ անցած տարվա դեկտեմբերի 8-ին իրեն ծեծի ենթարկած անհայտ անձինք Ժիրայր Սեֆիլյանի հետ առնչություն ունեն։ Հարցաքննությունից հետո Ժիրայր Սեֆիլյանն ասաց․

«Նրան մի քանի հոգի առևանգել են կամ ստիպել են մեքենա նստել և իջեցրել են ձոր, հարվածել են, հայտարարելով՝ ինչո՞ւ ես Ժիրոյի մասին այդպիսի բաներ գրում: Այստեղ Ժիրո ասելով անշուշտ ինձ են նկատի ունեցել, իբրև թե»:

Սուրեն Սուրենյանցը դեկտեմբերի 8-ին ծեծի ենթարկվելուց անմիջապես հետո իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ նշելով . - «Ես ենթարկվել եմ դաժան ծեծի միայն նրա համար, որ երեկ բացահայտել եմ Ազատության հրապարակում հեղափոխություն բեմականացնող մարդկանց իրական դեմքը»: Մեկ այլ գրառման մեջ նա նշել էր. - «Որոշակի կասկածներ ունեմ, որ իմ դեմ բռնության հեղինակները Ժիրայր Սեֆիլյանի շրջապատից են»։

«Ինչ-որ անմեղսունակ մի անձնավորություն իմ անունը հնչեցրել է, ուրեմն՝ պետք է հրավիրեն ինձ քննության»,- տարակուսած է Ժիրայր Սեֆիլյանը:

Սուրենյանցը ծեծի միջադեպից օրեր անց՝ դեկտեմբերի 22-ին, խարդախության և գումար յուրացնելու մեղադրանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման ու կալանավորվել: Վերջինս, ի դեպ, մի քանի տարի առաջ էլ էր ազատազրկվել խարդախության համար:

Սեֆիլյանն «Ազատության» հետ զրույցում Սուրենյանցին ծեծի ենթարկելու միջադեպն իր անվան հետ կապելն անհեթեթ համարեց և համոզմունք հայտնեց, թե այս գործով քննչական մարմինն իրեն այլևս չի անհանգստացնի։

«Էս ամենը ես համարում եմ դասական քաղաքական հալածանք: Կարծում եմ՝ այնքան ոչ պրոֆեսիոնալ է եղել պատվերը՝ ուղղված այս երիտասարդ քննիչներին, որ վստահ եմ՝ այս հարցով ինձ այլևս ոչ մի անգամ չեն անհանգստացնի»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG