Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն, Երևան, Գյումրի և Վանաձոր համայնքներում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրություններ են լինելու, իսկ ավագանու ընտրությունն անցկացվելու է համամասնական ընտրակարգով: Ընդ որում՝ ավագանու 21 անդամի փոխարեն 33 անդամ է ընտրվելու:
Վանաձորի ավագանու անդամներից անկուսակցական Վահագն Դավիթավյանն ասում է՝ ՏԻՄ ընտրությունները պետք չէր քաղաքականացնել: «ՏԻՄ մակարդակում գոնե մարդիկ պետք է իմանային ում են ընտրում իրանց անհատական որակների համար: Ոչ թե կուսակցություն, որ ընտրում ենք ինչ-որ կուսակցության ու կուսակցությունը մեծամասնություն հավաքելով՝ իր շահերն է միայն առաջ տանում»,- ասում է Դավիթավյանը:
Ավագանու մեկ այլ անդամ՝ անկուսակցական Արմեն Մատինյանը «Ազատության» հետ զրուցում ասաց, որ գրեթե բոլոր կուսակցություններից իրենց ցուցակներում ներգրավվելու առաջարկներ ստացել է, բայց քանի դեռ օրինագիծը քննարկման փուլում է, դեռևս հստակ ոչինչ չի որոշել: Մատինյանը մատնանշում է Ընտրական օրենսգրքի նախագծի դրական ու բացասական կողմերը: «Մարդիկ կան, ասենք՝ չեն ուզում դառնալ կուսակցական, մարդ կա՝ քաղաքապետի թեկնածու է, ենթադրենք մի գործարար է: Որ ուզում է մասնակցի, ստիպված պետք է կուսակցության մեջ մտնի: Բայց մյուս կողմից էլ՝ կուսակցությունները կայանալու հնարավորություն են ունենում, և ավագանիները ավելի կայացած կլինեն, ավելի ռեալ»,- ասում է ավագանու անդամ Արմեն Մատինյանը:
Անկուսակցական Գայանե Քալանթարյանն էլ, ով տարիներ շարունակ անընդմեջ ընտրվել է ավագանու անդամ, այսօր չի բացառում, որ առաջիկա ընտրություններում հանդես կգա որևէ կուսակցության կազմում: Միևնույն ժամանակ, նկատում է՝ անհատը այլևս հնարավորություն չի ունենա սեփական դիրքորոշումն արտահայտելու, քանի որ ենթարկվում է կուսակցական մեծամասնությանը:
«Եթե ես նայում եմ այս համամասնականը, սա թույլ է տալիս ձևավորել ակտիվ կուսակցական պայքար, գուցե կուսակցություններն ուժեղանան, գուցե քաղաքական կյանքն ավելի ակտիվ դառնա: Ե՛վ առաջինը, և՛ այս երկրորդ տարբերակն ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Պարզապես կուսակցականի ժամանակ ինչ-որ չափով անհատը կորցնում է իր ինքնուրույն քվեարկելու և դիրքորոշում կայացնելու հնարավորությունը»,- ասում է Քալանթարյանը:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը դեռ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ էր «Ազատության» հետ զրույցում նշել, որ նոր Ընտրական օրենսգրքով ավագանու անդամների լիազորությունները մեծանում են, իսկ պետությունը դեպի ժողովրդավարություն է գնում: «Յուրաքանչյուր հարց պետք է քննարկվի ավագանու նիստում, ավագանիներից յուրաքանչյուրը իր կարծիքը պետք է հայտնի, ընդհանուր հայտարարի գան և նոր միայն այդ խնդիրը լուծվի, օրենքի ուժ ստանա, որը, ես գտնում եմ, շատ արդիական է և շատ ավելի լավ, ժողովրդավարության հիմքերից մեկն է դա»,- ասել էր քաղաքապետը: