Պաշտոնական Թբիլիսիի և ռուսական «Գազպրոմ»-ի միջև ամիսներ տևած բանակցությունները շաբաթավերջին հանգուցալուծվեցին հօգուտ Վրաստանի: Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն նախօրեին հայտարարել է, թե Մոսկվայից դրական պատասխան է ստացել՝ նախկինի պես կշարունակեն ստանալ հումք, այսինքն՝ Վրաստանով տարանցվող բնական գազի 10 տոկոսը:
«Գազպրոմ»-ի հետ համաձայնությունը ձեռք է բերվել, և մնում է միայն ստորագրվի: Մնում ենք նույն այն պայմանագրի շրջանակում, որը գործում էր տարիներ շարունակ: Որպես տարանցման վճար կշարունակենք ստանալ հումքի տեսքով», - վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Կալաձեն:
Հիշեցնենք՝ ռուսական կողմը ցանկանում էր տարանցման համար ոչ թե գազով, այլ փողով վճարել՝ հաշվի առնելով միջազգային շուկայում գազի գնի անկումը: Վրացական կառավարությունը, պատճառաբանելով, որ Ադրբեջանն ի վիճակի չէ բավարարել Վրաստանում աճող գազի պահանջարկը, սկսեց բանակցել «Գազպրոմ»-ի հետ կապույտ վառելիքի հավելյալ ծավալների ձեռքբերման շուրջ:
Բացի այդ, Թբիլիսիում մտավախություն կար, որ Մոսկվայի հետ երկար ընդմիջումից հետո կրկին ֆինանսական հարաբերությունների մեջ մտնելը կարող է երկիրը կախվածության մեջ դնել «Գազպրոմ»-ից:
Կախա Կալաձե - «Գազպրոմ»-ի ղեկավարություն ամիսներ շարունակվող գաղտնի բանակցությունների մասին լուրը Վրաստանում բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Մինչ Վրաստանի վարչապետի՝ էներգետիկ հարցերով առաջին տեղակալ Կալաձեն հայտարարում էր, թե «Գազպրոմ»-ի հետ քննարկում է տարանցիկ գազի ծավալների ավելացման, առևտրային ընկերությունների կողմից ռուսական գազի ձեռքբերման հեռանկարին վերաբերող հարցեր, Վրաստանի ընդդիմությունը փողոց դուրս եկավ:
Բողոքի ալիքը ստիպեց պաշտոնական Թբիլիսիին կապույտ վառելիքի հավելյալ ծավալների ձեռքբերման այլընտրանքային ուղիներ փնտրել: Այդ նպատակով Կալաձեն զուգահեռ բանակցություններ սկսեց Իրանի և Ադրբեջանի հետ: Արդյունքում, ադրբեջանական կողմն արեց ամեն ինչ՝ բավարարելու Վրաստանի պահանջարկը․ նախ համաձայնեց մեծացնել Վրաստան մատակարարումները 500 միլիոն խորանարդ մետրով, ապա նաև խոստացավ գների հարցում որոշակի զիջումների գնալ: