«Վրաստանը մտադիր չէ հրաժարվել ադրբեջանական գազի ներմուծումից», - հայտարարում է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` արձագանքելով շրջանառվող լուրերին, թե Թբիլիսին պատրաստվում է գրեթե տասը տարի տևած ընդմիջումից հետո կրկին սերտորեն համագործակցել ռուսաստանյան «Գազպրոմի» հետ:
«Նախևառաջ ես խորհուրդ կտայի իրադրությունը խիստ դրամատիկ երանգներով չներկայացնել: Որևէ մեկը չի պատրաստվում վերանայել մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Մենք միշտ էլ սերտ, բարեկամական, ռազմավարական հարաբերություններ ենք ունեցել, և այդ քաղաքականությունը շարունակվելու է: Ընդհանրապես ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է որևէ քաղաքական գործչի մտքով անցնել Ադրբեջանի հետ հարաբերությունների վերանայման գաղափարը: Ասեմ ավելին՝ ադրբեջանական գազի ներմուծումից իբր հրաժարվելու մասին խոսակցությունները ևս կատարյալ աբսուրդ են», - հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Ուշագրավ է սակայն, որ առաջինը Ադրբեջանից ներմուծվող գազի ծավալների հնարավոր նվազեցման և «Գազպրոմի»` վրացական շուկա լիարժեք վերադարձի մասին ակնարկել էր Ղարիբաշվիլիի անմիջական տեղակալը` փոխվարչապետ Կախա Կալաձեն:
«Գազպրոմը» վաղուց արդեն Վրաստանում է: Տարիներ շարունակ մենք այդ ընկերությունից գազ ենք ստանում: Հիշեցնեմ, որ Վրաստանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ գազատարով «Գազպրոմը» վառելիք է մատակարարում Հայաստանին: Իսկ մենք այդ գազի տասը տոկոսը ստանում ենք որպես տարացման վճար», - ադրբեջանաբնակ Մարնեուլիում լրագրողների հետ զրույցում նշել է Կալաձեն` պնդելով, սակայն, որ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ հարաբերությունները վերջնականապես խզելու ցանկություն Թբիլիսին չունի:
«Ադրբեջանը գազի մեր հիմնական մատակարարն է և ռազմավարական գործընկերը: Դրա հետ մեկտեղ, ցանկացած զարգացած պետություն պետք է մտածի էներգակիրների աղբյուրների բազմազանացման մասին: Մենք ոչ միայն Ռուսաստանից ենք ակնկալում գազի հավելյալ ծավալներ ստանալ, այլև Իրանից», - հայտարարել է Կալաձեն:
Նշենք սակայն, որ եթե Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը դեռ ցանկությունների շարքից է, ապա «Գազպրոմ» ընկերության հետ Վրաստանի իշխանությունները արդեն իսկ բանակցություններ են վարում:
Սեպտեմբերի 25-ին Կախա Կալաձեն Բրյուսելում հանդիպել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ:
«Բրյուսելում մենք նախևառաջ քննարկում էինք Հյուսիս-Հարավ գազատարով մատակարարումների հնարավոր ավելացման հարցը: Մեզ համար շահավետ է, որ այդ գազատարով շատ վառելիք մատակարարվի, ինչը կնշանակի, որ [մեզ փոխանցվող] տարանցման վճարը ևս կավելանա: Բացի այդ, Վրաստանում գործող առևտրային ընկերությունները ևս հնարավորություն կստանան ռուսական գազ գնել», - ասել է Կալաձեն:
Վրաստանից հնչող այս հայտարարությունները կարծես լրջորեն մտահոգել են պաշտոնական Բաքվին: Ըստ վրացական մամուլի, Իրակլի Ղարիբաշվիլիի` շաբաթօրյա նախապես չծրագրված այցը Բաքու ադրբեջանական գազի մատակարարման հարցը քննարկելու նպատակ ուներ: Ինքը Վրաստանի վարչապետը խուսափում է որևէ մանրամասն հաղորդել Իլհամ Ալիևի հետ մոտ երեք ժամ տևած դռնփակ բանակցությունների մասին:
«Մենք խոսել ենք մեր բարեկամական, ռազմավարական հարաբերությունների խորացման մասին», - հայտարարել է վրացական կառավարության ղեկավարը: