Մատչելիության հղումներ

ՀՀԿ – ՀՅԴ համագործակցության մասին փաստաթուղթը ստորագրվեց


Քիչ առաջ Նախագահական նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության ու Հայ հեղափոխական դաշնակցության միջև ստորագրվեց քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր: Ստորագրման արարողությունից հետո Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ համագործակցության հիմքում երկու կուսակցությունների արժեհամակարգային նմանություններն են:

«Քաղաքական նոր մշակույթի սկիզբ է դրվում Հայաստանի քաղաքական դաշտում, քանի որ այս համաձայնագիրը ոչ հետընտրական կոալիցիա է, ոչ էլ նախընտրական դաշինք», - նշեց Աշոտյանը, - «Այս համաձայնագիրը սկիզբ է դնում քաղաքական երկարատև համագործակցության, որը խարսխված է արժեհամակարգային ընդհանրությունների և միասնական նպատակների և գործողությունների ծրագրի վրա»:

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Աղվան Վարդանյանն իր հերթին ասաց․ - «Երկար աշխատված փաստաթուղթ է, որը անդրադառնում է մեր երկրի գրեթե բոլոր ոլորտներին: Ինչ-որ առումով ճանապարհային քարտեզ է, որտեղ դրված են երկու կուսակցությունների համադրելի նպատակները, նաև երկրի նախագահի վերջին ելույթի այն դրույթները, որոնք ընդհանուր են»:

Ստորագրված համաձայնագիրը բաղկացած է հինգ էջից։ Փաստաթղթով կողմերը, մասնավորապես, ամրագրում են, որ պետք է՝ «շարունակել բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համակարգը՝ ապահովելով մարդու արժանապատվության անխախտելիությունն ու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը»: Խոսվում է նաև նոր ընտրական օրենսգրքի մասին, կողմերը Ընտրական նոր օրենսգրքով և Հանրաքվեի մասին պետք է երաշխավորեն ազատ, հանրության համար վստահելի ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը։ Խոսք կա նաև կուսակցությունների միջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտի խորացման մասին։

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն անդրադարձել են նաև բիզնեսը հանրային շահերից տարանջատելու խնդրին, համաձայնագրում, մասնավորապես, նշվում է․ - «Գործադրել շահերի բախման հնարավոր դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ»։

Համաձայնագրում կա նաև կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող դրույթ․ - «Քաղաքացիական հասարակության և ընդդիմության գործուն մասնակցությամբ ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ համակարգ: Օրենքով վերանայել բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, լիազորությունները և պատասխանատվությունը»։

Սոցիալական-տնտեսական բնագավառում կարևորվում է տնտեսության մրցունակության բարձրացման խնդիրը։

Համաձայնագրում կետ կա նաև համագործակցության դադարեցման վերաբերյալ․ - «Համագործակցության կողմերի տարաձայնությունները լուծվում են խորհրդատվությունների միջոցով: Խորհրդատվությունների արդյունքների վերաբերյալ կողմերի տեսակետները կարող են հրապարակվել և մեկնաբանվել կողմերի փոխհամաձայնությամբ: Անհաղթահարելի տարաձայնությունների առաջացման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը»։

Ստորագրման արարողությունից հետո Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ երկու կուսակցությունների փոխգործակցության մասին համաձայնությունների շրջանակում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կդառնա էկոնոմիկայի նախարար, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Լևոն Մկրտչյանը՝ կրթության և գիտության նախարար, Շիրակի մարզպետ կնշանակվի Հովսեփ Սիմոնյանը, Արագածոտնի մարզպետ՝ Գագիկ Գյոզալյանը:

Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ «այլևս պատասխանատվությունն ընդհանուր է», վերաբերում է բոլոր ոլորտներին և բխում է ժողովրդի շահերից:

XS
SM
MD
LG