Մատչելիության հղումներ

Նիկոյան. «Մեր գաղափարախոսությունները ՀՅԴ-ի հետ շատ հարցերում համընկնում են»


Հանրապետական պատգամավորն ու «Ժառանգության» փոխնախագահը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ խոսում են ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին

«Ազատություն». - Ինչո՞ւ եք այսքան պորտֆելներ զիջել դաշնակցականներին, առայժմ պաշտոնապես չի հայտարարվել, բայց երկու կողմերն էլ արդեն բաց տեքստով խոսում են։ Հավանաբար դրա դիմաց լուրջ սպասելիքներ ունեք, այդպես չէ՞, պարոն Նիկոյան։

Սամվել Նիկոյան. - Նախ ասեմ, որ ես չէի ուզենա գործարք տերմինը օգտագործել, ես օգտագործում եմ համագործակցություն տերմինը, որը քաղաքական տերմին է և բնութագրում է այս իրողությունը։ Երկրորդը՝ եթե կա պատասխանատվություն կամ իրավունք, ապա մյուսն էլ պետք է լինի, այսինքն՝ իրավունքն ու պատասխանատվությունը պետք է միասին լինեն։ Ահա, հաշվի առնելով այդ հանգամանքը, բնական, է Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) պատրաստվում է իշխանության համար կրել պատասխանատվություն ամբողջական՝ ոչ թե որևէ նախարարության, որևէ ոլորտի, ինչպես նախկինում եղել է, այլ՝ ամբողջական: Դրա համար, կարծում եմ, ճիշտ է և արդարացի է, որպեսզի նաև իրավունք ունենան ազդելու որոշումներ ընդունելու մեխանիզմների վրա։

«Ազատություն». - Պարոն Նիկոյան, Դուք դա ներկայացրեցիք Դաշնակցության տեսակետը։

Սամվել Նիկոյան. - Ես ասում եմ Հանրապետականի դիրքորոշումը։

«Ազատություն». - Դուք ի՞նչ եք ստանալու դրա դիմաց, հենց այնպես չեք տվել, չէ՞, այդ պաշտոնը։

Սամվել Նիկոյան. - Համագործակցություն։

«Ազատություն». - Ինչո՞ւ ոչ ուրիշ կուսակցության, այլ՝ Դաշնակցության հետ։

Սամվել Նիկոյան. - Օրինակ, ո՞ր կուսակցության հետ կառաջարկեք, կասե՞ք։

«Ազատություն». - Ի՞նչն է հրապուրել ձեզ [Հանրապետական կուսակցությանը] Դաշնակցության մեջ, դա նկատի ունեմ։

Սամվել Նիկոյան. - Ունեն արժանիքներ, ունեն պատմություն, մեր գաղափարախոսությունները շատ հարցերում համընկնում են, և ամենակարևորը՝ սահմանադրական բարեփոխումներին ի սկզբանե մենք գնացել ենք միասին, միմյանց կողք ենք կանգնել, սատարել ենք, աշխատել ենք միասին սահմանադրական բարեփոխումների վրա, այնուհետև մենք աշխատում ենք միասին Ընտրական օրենսգրքի վրա, որը էականորեն փոխվելու է, և նույն մոտեցումներն ունենք մեր պետության զարգացման հարցում։ Կարծում եմ, որ մեկտեղել մեր ուժը շատ ավելի ճիշտ կլինի։

Երկրորդը՝ քննադատեցին, որ Հանրապետականը Դաշնակցության հետ համագործակցում է՝ հաշվի առնելով նրա ազդեցությունը Սփյուռքի վրա։ Է հա, նորմալ է, իհարկե, նաև մենք ուզում ենք, որ հաշվի առնելով մարտահրավերները՝ այսօր տարածաշրջանին, համաշխարհային, չգիտեմ դա Սիրիայում կլինի, որտեղ կլինի, միևնույն է՝ ինչ-որ ձևով առնչվում է հայերի հետ, բա իսկ ինչո՞ւ մենք չհամագործակցենք, ինչո՞ւ հայությունը ամբողջական հանդես չգա։

Այն բոլոր փաստարկները, որ թվեցի՝ կայացած կուսակցություն, գաղափարական կուսակցություն, համընկնում է մեր գաղափարախոսության բավականին մասերը՝ սահմանադրական բարեփոխումներ, Ընտրական օրենսգիրք և շատ այլ ոլորտներ, որոնք միասին պատրաստվում ենք անել, և մեր տեսլականները համընկնում են: Իսկ դա կամրագրվի փաստաթղթով, և դուք կուսումնասիրեք և կհասկանաք, որ դա պատահական չէ այս ամեն ինչը։

«Ազատություն». - Փաստաթուղթը ե՞րբ է լինելու։

Սամվել Նիկոյան. - Կարծում եմ՝ մյուս շաբաթ կլինի, դա այնպիսի փաստաթուղթ է, որը շատ-շատ հարցերի պատասխանը կտա։

«Ազատություն». - Պարոն Մարտիրոսյան, իբրև ընդդիմադիր գործիչ, նախկին քառյակի անդամ, որի անդամն էր նաև Դաշնակցությունը, Դուք ինչպե՞ս եք գնահատում այս քայլը, ինչո՞ւ եք դեմ, որ Դաշնակցությունը համագործակցի Հանրապետական կուսակցության հետ, չէ՞ որ նրանք իսկապես մի շարք կարևոր հարցերում համախոհ են ձեզ հետ, և իրենք հենց այդ օրակարգով են գնում նրանց մոտ․ օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը նրանց օրակարգի կարևոր մասերից մեկն է, օլիգարխների մենաշնորհի վերացումը։ Դաշնակցությունն ունի լուրջ օրակարգ, և այդ օրակարգը նաև արմատական կարելի է անվանել, արմատական ընդդիմադիր օրակարգ, խոսքը հատկապես տնտեսական բլոկի մասին է, և գիտենք, որ Արծվիկ Մինասյանն է տնտեսական այդ բլոկի պատասխանատուն լինելու։ Ի՞նչն է պատճառը, որ ընդդիմությունը չի ընդունում այս գործարքը, գուցե խա՞նդ կա, ի՞նչն է պատճառը։

Արմեն Մարտիրոսյան. - Ինձ համար գրեթե միևնույն է՝ կլիներ Դաշնակցություն- Հանրապետական համագործակցությունը, թե չէր լինի, խոշոր հաշվով՝ դրանից ոչինչ չի փոխվում, բացարձակ ոչինչ չի փոխվելու, և հատկապես այս օրերին տեղյակ եք, թե հասարակությունը հատկապես Ֆեյսբուքում ինչ մեծածավալ քննարկումներ է իրականացնում հենց մենաշնորհների հետ կապված: Նկատի ունեմ և՛ պարենի գների հետ կապված՝ աշխարհում 30 տոկոս իջել է, Հայաստանում միայն բարձրանում է, հատկապես բենզինի, նավթամթերքների գների հետ կապված՝ մեր հարևան Վրաստանում 200 դրամ է, Հայաստանում՝ 390 դրամ ռեգուլյար բենզինը:

Այսինքն՝ ես չեմ կարծում, որ պարոն Շաբոյանի [Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան] ֆունկցիաները կարող է Դաշնակցության իմ հարգարժան ընկեր Արծվիկ Մինասյանը իրականացնի, որովհետև Հայաստանում մոնոպոլիաների դեմ, մենաշնորհների դեմ պայքարը սկսվում է ընտրությունները չկեղծելով, վերջանում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովով: Հիմա ոչ առաջին օղակում են կարողանալու Դաշնակցության մեր գործընկերներն ազդել, ինչը տեսանք՝ սահմանադրական հանրաքվեի այդ խայտառակ կեղծումը, և ոչ էլ վերջին օղակում է կարողանալու որևէ քայլ կատարել Դաշնակցությունը։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի փետրվարի 21-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG