Հայաստանի նախագահ, իշխող ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը և Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը այսօր Նախագահի նստավայրում համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն: Այս մասին այսօր հայտարարեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Շատ մեծ փաթեթ է հարցերի, որոնք ուղղված են ապագային, ներքին և արտաքին բոլոր ոլորտներին: Այս համագործակցությունը փակ դաշտ չի տեսնելու», - նշեց Ռուստամյանը, մանրամասնելով, որ ստորագրվելու է 4-5 էջանոց փաստաթուղթ, որը ձեռք է բերվել փոխզիջումներով:
«Ազատության» հարցին՝ այդ համագործակցությունից հետո հանրությունը կտեսնի՞ փոփոխություններ օրինակ՝ մենաշնորհի հետ կապված, լուրջ արձանագրումներ կոռուպցիայի դեմ պայքարում, Ռուստամյանը պատասխանեց․ - «Ես համոզված եմ, որ դա կլինի, որովհետև նախ դրա համար նախադրյալներ ստեղծել է հենց նոր Սահմանադրությունը: Բայց նաև համաձայնագրի մեջ դուք կգտնեք այդպիսի հստակ արձանագրումներ, որոնք նույնպես մեզ հիմք են տալիս ասելու, որ եթե մենք մի բան արձանագրում ենք՝ ես կարծում եմ լուրջ քաղաքական ուժեր են, իրենց խոսքի տերն են և իրենց խոսքի արժեքը գիտեն»:
Հարցին՝ կկարողանա՞ն ստիպել հանրապետականներին իրապես պայքարել կոռուպցիայի դեմ, իրապես պայքարել մենաշնորհների դեմ, ՀՅԴ խմբակցության ղեկավարն արձագանքեց․ - «Եթե արդեն համաձայնեցրել ենք, որ այդ պայքարը պիտի իրականացվի, ես կարծում եմ, որ իրենք էլ են հասկանում, որ եթե մի բան ասել ենք, ուրեմն պետք է դա հետևողականորեն իրականացնենք: Մենք ունենք նաև դրա փորձը, երբ մենք կոալիցիաներ ենք ձևավորել, ինչ-որ առաջնահերթություններ անպայման նշել ենք: Անցյալը, օրինակ, 22 առաջնահերթություններ էր նախորդ կոալիցիան, երբ մեր մասնակցությամբ եղավ: Հիմա շատ ավելի լայն շրջանակի մասին է խոսքը գնում: Երաշխիքները շատ ավելի մեծ են, որովհետև Սահմանադրությունը ինքը ակտիվ փաստաթուղթ է»:
Մեր դիտարկմանը, թե՝ այսինքն հույսը Սահմանադրությո՞ւնն է, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ - «Ոչ միայն դա, այլ նաև, ես կարծում եմ, նույն համաձայնագիրը մեզ համար՝ երկու կուսակցությունների համար, ունի նույն այդ ուժը: Սա մեզ համար դառնալու է ներքին սահմանադրություն»:
Նշենք, որ իշխող Հանրապետականի հետ համագործակցության շրջանակներում Դաշնակցությունը կստանա 3 նախարարի պաշտոն՝ Կրթության, Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման նախարարությունները: Դաշնակցությանը կտրվի նաև 2 մարզպետի պաշտոն: Ինչպես այսօր Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց՝ Շիրակի մարզում կնշանակվի՝ Սիմոնյանը, Արագածոտնի մարզում՝ Գյոզալյանը: Ռուստամյանը չբացառեց, որ արդեն այս շաբաթ կայանալիք կառավարության նիստը կանցնի Դաշնակցական նախարարների մասնակցությամբ:
Ի դեպ՝ Ռուստամյանը չբացառեց նաև, որ Դաշնակցությունը այլ պաշտոններ էլ կստանա, ըստ էության չհերքելով, որ Արաբկիրի թաղապետի պաշտոնում նույնպես կարող է նշանակվել Դաշնակցության ներկայացուցիչը․ - «Ընթացքում կարող են լինել նաև այլ համաձայնություններ տարբեր պաշտոնների հետ կապված»: