Մատչելիության հղումներ

ՏԿԱԻՆ-ի տրոհման անհրաժեշտությունը առաջացել է քաղաքական համագործակցության արդյունքում


Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ԱԺ-ում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ԱԺ-ում

Կառավարության առաջարկով մոտ մեկ տարի առաջ միավորված Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը բաժանվեց Տարածքային կառավարման և զարգացման ու Արտակարգ իրավիճակների նախարարությունների։

Փոփոխությանը հիմնականում կողմ էին հանրապետականներն ու դաշնակցականները, դեմ՝ Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության» պատգամավորները, «Օրինաց երկիր»-ը բոյկոտեց։

Խորհրդարան բերված նախագծի հիմնավորումը մեկն է՝ քաղաքական համագործակցության անհրաժեշտությունը։ Թե՛ Հանրապետականը, թե՛ Դաշնակցությունը չեն թաքցնում՝ առաջիկա համագործակցության արդյունքում նախարարությունների մեկը՝ Տարածքային կառավարմանը, կտրվի ՀՅԴ-ին։

Հարցը ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հավաստմամբ՝ կառավարության այս կառուցվածքային փոփոխությունը բյուջետային ծախս չի ավելացնի՝ որոշ հաստիքների կրճատման հաշվին։

«Քաղաքական պայմանավորվածությունների իրացման համատեքստում ներկայացվում է նախագիծը»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

ԲՀԿ-ն, ասաց Նաիրա Զոհրաբյանը, դեմ է քաղաքական առևտրին մասնակցելուն.- «Այս պատմությունը ինձ շատ հիշեցնում է հայտնի լեյտենանտ Շմիդտի որդիների պատմությունը՝ սա ինձ, սա՝ քեզ, սա ինձ, սա՝ քեզ, միայն արդարաբար Շուրա»։

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ արհեստական ստեղծված պաշտոնները չեն օգնելու երկրի զարգացմանը։ «Հասարակությունը տեսնում է, որ բոլոր այդ քաղաքական պայմանավորվածությունները կեղծ են և հետապնդում են մեկ նպատակ՝ մասնավոր շահի սպասարկում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ էր քննադատողների շարքում.- «Ստացվում է, որ մենք կառավարման արդյունավետության գաղափարը ստորադասում ենք քաղաքական նպատակահարմարության գաղափարին»։

Ընդդիմադիրների քննադատություններն արտահերթ ելույթով ընդմիջեց ԱԺ-ի հանրապետական փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։ «Կառավարության կառուցվածքը նույնպես նպատակ չէ և նույնպես դոգմա չէ։ Այնպես, ինչպես կառուցվածքային փոփոխությունները նույնպես դոգմա և նպատակ չեն, և՛ օպտիմալացումը, և՛ մինիմալիզացումը, և՛ մաքսիմալացումը և մնացած բոլոր «ցում»-ները ընդամենը գործիքներ են»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը առաջարկ ուներ.- «Կարելի է, օրինակ, Կրթության և գիտության նախարարությունը առանձնացնել և, ինչպես տարիներ առաջ, դարձնել Կրթության նախարարություն և Լուսավորության նախարարություն, Աշոտյանին նշանակել լուսավորության նախարար, իսկ Լևոն Մկրտչյանին՝ կրթության նախարար։ Կարելի է Էկոնոմիկայի նախարարությունը կիսել, դարձնել Էկոնոմիկայի նախարարություն և Առևտրի նախարարություն, Կարեն Ճշմարիտյանին՝ հանրապետական հավատարիմ պատգամավոր և նախարար, նշանակել առևտրի նախարար, դաշնակցական մեր գործընկերոջը՝ էկոնոմիկայի նախարար»։

«Երկու գյոզալ մարզպետ զոհաբերվելու են քաղաքական կոնյունկտուրային։ Բայց ինչո՞ւ գնալ նման անարդար լուծումների, չէ՞ որ կարելի է կիսել նաև մարզերը։ Թող լինի առանձին Արագածի մարզ և Ոտնի մարզ։ Թող լինի առանձին Գեղարի մարզ և առանձին Ունիքի մարզ»,- առաջարկեց Փաշինյանը։

ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը մեկ բացատրություն ունի.- «Հանրաքվեն կեղծելուց հետո ժողովուրդը է՛լ ավելի է տրամադրված իշխանության դեմ, ուստի դուք որևէ շանս չեք տեսնում առաջիկա պառլամենտական ընտրություններում քիչ թե շատ օրինական ընտրություններով հաղթելու։ Ձեր գործարքը ոչ այլ ինչ է, քան լռելյայն համաձայնություն առ այն, որ ապագա խորհրդարան դուք կարող եք մտնել միայն օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը, միայն չարաշահելով պետական իշխանության լծակները և նորից կեղծելով ընտրությունները»։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց Լևոն Զուրաբյանին։ «Մեկ այլ ֆորմատ էլ ունեինք, որոշել էինք 17 թվականից հետո համագործակցել ձեզ հետ, բայց ցավում եմ ձեր ռեյտինգին նայելով, ժողովուրդը կկասեցնի ձեր մուտքը Ազգային ժողով, կարող է մեր այդ նպատակները չհասցնենք իրագործել»,- ասաց նա։

Քննադատություններին որոշեց պատասխանել նաև դաշնակցական Աղվան Վարդանյանը.- «Մենք այս քայլին գնում ենք հավատով և պատասխանատվությամբ, դժվար պահին բեռ վերցնելու կամքով։ Հայհոյանքը, չարախոսությունը, չկամությունը մեզ ետ չեն կանգնեցնելու ծառայության մեր սկզբունքներից»։

Քննարկումը բավական բուռն էր, արդարադատության նախարարը երբեմն-երբեմն հոգոցներով էր հարցերին արձագանքում։ Նույնիսկ չդիմացավ, ասաց՝ «վայ, մամա ջան»։

Ընդունված փոփոխությունն ուժի մեջ կմտնի շատ արագ՝ պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

XS
SM
MD
LG