Մատչելիության հղումներ

Հանրապետականն ու Դաշնակցությունը երկարաժամկետ համագործակցության են պատրաստվում


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավարն ասում է՝ հարցն «այսօր-վաղը» կհանգուցալուծվի

Հանրապետականն ու Դաշնակցությունը շատ մոտ են համագործակցության համաձայնագիրը ստորագրելուն: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ Հանրապետականում քննարկումներն ավարտված են, հիմնական հարցերը` հստակեցված, մնացել են միայն տեխնիկական խնդիրները:

«Այսօր, վաղը․․․ մի շտապեք, ի՞նչն է ձեզ անհանգստացնում: Կան տեխնիկական խնդիրներ, որոնց շուրջ պայմանավորվում ենք, և դուք ամեն ինչի մասին տեղյակ կլինեք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է՝ քննարկել են համագործակցությունն ու պատասխանատվությունը բոլոր ոլորտներում, արմատական տարաձայնություններ չեն ունեցել, սակայն հնչել են տարբեր տեսակետներ, ինչը, ըստ պատգամավորի, բնական է՝ տարբեր քաղաքական ուժեր են, ունեն իրենց նպատակներն ու ծրագրերը: Սակայն այժմ մեկ ճանապարհով են գնալու, և դրանք պետք է ընդհանրացնել:

«Դա մեկ-երկու օրվա գործ չէ, որ դուք ասում եք՝ ինչո՞ւ է ուշանում: Ընդհակառակը, մենք չենք ցանկանում շտապողականություն ցուցաբերել, որպեսզի նորից մի քանի ամիս հետո անդրադառնանք այդ խնդրին: Այսինքն, մենք ուզում ենք ֆունդամենտալ պայմանավորվածություն լինի, որը կկարողանանք երկարաժամկետ իրագործել միասին», - նշեց Բաղդասարյանը:

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Դաշնակցությանը տրվելու է երեք նախարարի, վեց փոխնախարարի և երկու մարզպետի պաշտոն: Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ պորտֆելների հարցն իրենց համար առաջնային չէ․ - «Մենք չենք մտածում այս մի քանի ամիսների, մեկ տարվա համար: Նախագահն իր ելույթում մանրակրկիտ ասաց մեր նպատակները, ինչպիսի երկիր ենք մենք ցանկանում կառուցել՝ էվոլյուցիոն ճանապարհով, ոչ հեղափոխական ճանապարհով: Եվ դրա հետ կապված նաև պետք է մեր այն համաձայնություններով, որով պետք է մեր գործընկերների հետ գանք համաձայնության, այդտեղ պետք է բոլորը բխեն ապագայի շահերից»:

Արծվիկ Մինասյանը, ով, ըստ լուրերի, սպասվող համագործակցության արդյունքում գլխավորելու է Էկոնոմիկայի նախարարությունը, այսօր ևս հայտարարեց՝ Դաշնակցության համար պաշտոնների հարցը երկրորդական է․ - «Ո՛չ նշանակողն եմ ես, ո՛չ ազատողը: Ես խնդրում եմ՝ մի քիչ սպասեք, ամեն ինչ կպաշտոնականացվի, և կիմանաք անուն-ազգանուններն էլ, պաշտոններն էլ, ոլորտներն էլ»:

Մինասյանի խոսքով՝ երկու ուժերի միջև ստորագրվելիք փաստաթուղթը նաև ճանապարհային քարտեզ է առաջարկում, թե ինչպես են լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները․ - «Ճանապարհային քարտեզը իր խորությամբ և մասշտաբայնությամբ չի ենթադրում ընդամենը մեկ տարվա գործունեություն և ամենևին կախված չէ նրանից, թե այս համագործակցության քաղաքական ուժերը 2017 թվականի ընտրությունները ինչ չափով են կարևորում և կհայտնվե՞ն խորհրդարանում կամ կունենա՞ն իշխանություն, թե՞ ոչ: Որովհետև դա երկրի առջև ծառացած խնդիրների լուծման բանալիներ են, և այդ բանալիները, անկախ նրանից՝ ով կլինի իշխանության, մենք վստահ ենք, որ իր ձեռքը կվերցնի այդ բանալին և առաջ կտանի»:

Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան
Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան

Մինասյանը, սակայն, հավատում է, որ տեսնելով նախաձեռնած բարեփոխումների արդյունքները՝ 2017 թվականին ընտրություններին հասարակությունը վստահության քվեն կտա իրենց։ Հարցին, թե միջազգային դիտորդները տարիներ շարունակ արձանագրում են, որ իշխանությունները իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարում, արդյո՞ք երաշխիք կա, որ բարեփոխումների այս խոստումները կկատարեն, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ համագործակցությամբ հնարավոր է երկրում իրականացնել փոփոխություններ, առճակատմամբ, ինչպես ցույց է տվել պատմությունը, կա՛մ հնարավոր չէ, կա՛մ այնքան փոքր է փոփոխությունը, որ հինգ կյանք է պետք այդ փոփոխություններին հասնելու համար»:

XS
SM
MD
LG