Մատչելիության հղումներ

Վահրամ Բաղդասարյան․ Սերժ Սարգսյանն այսօր տալու է «բոլոր հարցերի պատասխանները»


ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ իշխող Հանրապետականն այսօր հավաքվելու է նախագահական նստավայրում, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալու ելույթով և «տալու է բոլոր հարցերի պատասխանները», այդ թվում նաև, թե ինչո՞ւ է որոշում կայացրել համագործակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ:

«Ազատություն»․ - Այսօր իշխող Հանրապետականը հավաքվում է Նախագահի նստավայրում, որտեղ նաև նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն է նախատեսվում: Կարո՞ղ ենք դրա շրջանակներում ակնկալել նաև կոալիցիոն հուշագրի ստորագրում:

Բաղդասարյան․ - Այսօր հիմնական ակտիվը կհավաքվի Նախագահականում և նախագահը կանի հայտարարություն, որը երկար սպասում էիք բոլոր լրագրողներդ, թե՝ ինչո՞ւ որոշակիություն չկա և այլն: Որոշակիություն կա, կան պայմանավորվածություններ և այդ պայմանավորվածությունները ի մի բերելու համար եղել են բազմաթիվ հանդիպումներ, բազմաթիվ քննարկումներ և այսօր կլինի վերջնական մեր մոտեցումը, որը Հանրապետության նախագահը կհայտարարի և որը հանրության համար կմտցնի պարզություն:

«Ազատություն»․ - Այսինքն միայն Հանրապետակա՞նն է հավաքվում:

Բաղդասարյան․ - Այո, մեր թիմի հավաքն է այսօր՝ Հանրապետականի հավաքն է, և այնտեղ իրավիճակը կներկայացվի, «ինչու»-ների պատասխանը կտրվի, որից հետո արդեն կսկսվի բնականոն գործընթաց:

«Ազատություն»․ - Այսինքն այսօր Նախագահի նստավայրում պետք չէ՞ ակնկալել կոալիցիոն հուշագրի ստորագրումը:

Բաղդասարյան․ - Ես չեմ կարծում, կարող է դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չլինի: Պարզապես այսօր թիմին ներկայացվելու են այն բոլոր արդյունքները, որ եղել են բանակցությունների ընթացքում:

«Ազատություն»․ - Կարո՞ղ ենք ասել, որ կհայտարարվեն նաև, թե ինչ պաշտոններ են տրամադրվել Դաշնակցությանը:

Բաղդասարյան․ - Բնականաբար, եթե ամփոփում ենք՝ բոլոր «ինչու»-ների պատասխանները կտրվի այսօր:

«Ազատություն»․ - Իսկ ինչո՞ւ է ընտրվել Նախագահի նստավայրը:

Բաղդասարյան․ - Ես ասում եմ, որ մենք ամիսը մեկ կամ երկու անգամ նման հավաքներ ունենում են նախագահականում: ԻՆձ թվում է՝ վայրը այդքան էլ կարևոր չէ, կարևորը ելույթի բովանդակությունն է:

XS
SM
MD
LG