Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ունի նախնական համաձայնություն՝ ապագայում ՀՅԴ-ի հետ միասնաբար աշխատելու


«Վերջնական համաձայնության մասին կխոսենք մինչև շաբաթվա վերջ», - կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ այսօր երեկոյան տեղի է ունեցել իշխող Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը:

«Նիստի ընթացքում քննարկել ենք ներկուսակցական, ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիրներ», - նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: - «Հիմնականում անդրադարձ է եղել Հայ հեղափոխական դաշնակցության հետ համագործակցության ձևաչափին: Տեղեկացնեմ, որ Դաշնակցության հետ Հանրապետական կուսակցությունը ունի, ընդհանուր առմամբ, նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու: Վերջնական համաձայնության մասին կխոսենք մինչև շաբաթվա վերջ»:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Հայաստանի կրթության և գիտության նախարարի պորտֆելը հանձնել ՀՅԴ-ին՝ և ըստ այդմ, այսօրվանից արդեն, ամենայն հավանականությամբ, կդադարեցվեն Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի լիազորությունները։

Այսօր «Ազատության» հետ զրույցում կրթության և գիտության նախարարը չէր բացառել, որ «մամուլի կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ»։

Արդեն մի քանի շաբաթ շարունակվող ՀՀԿ - ՀՅԴ բանակցությունների արդյունքում, ըստ լրատվամիջոցների, հնարավոր է, որ Դաշնակցությանը տրվեն նաև Արդարադատության և Տարածքային կառավարման նախարարների պաշտոնները, ինչպես նաև մարզպետների պաշտոններ:

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկությունները:

«Կա նախնական համաձայնություն, բայց նախնական բառը նշանակում է, որ դեռ վերջնական չէ և, ուստի, ես իրավունք չունեմ, անկախ նրանից՝ ինֆորմացիայի տիրապետում եմ, թե չէ, այսօր հրապարակային ներկայացնել անուն-ազգանուններով, թե այս փուլում ինչ կա», - նշեց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը, այդուհանդերձ, հաստատեց, որ Դաշնակցությանը կտրվեն ինչպես նախարարական աթոռներ, այնպես էլ մարզպետների պաշտոններ, սակայն հրաժարվեց կոնկրետ թվեր հրապարակել:

Ստորև կարող եք դիտել Էդուրադ Շարմազանովի ասուլիսի տեսագրությունը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG