Մատչելիության հղումներ

Այսօր Գյումրիում կշարունակվի Ավետիսյանների սպանդի գործով դատը


Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, Գյումրի, 18-ը դեկտեմբերի, 2015թ.
Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, Գյումրի, 18-ը դեկտեմբերի, 2015թ.

Ավետիսյանների հարազատները դատական նիստին կմասնակցեն, սակայն ցանկացած պահի կարող են նաև բոյկոտել:

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր կվերսկսի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով արտագնա դատական նիստը։ Այն հետաձգվել էր մեկ ամսով. դատարանը բավարարել էր Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի շահերի նոր պաշտպանի միջնորդությունը՝ ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար։

Նեղ ու փոքր դահլիճում բավարար պայմաններ մեծ հնչեղություն ունեցող գործի քննության համար չէին ապահովվել։ Դրանից դժգոհ էին և՛ Ավետիսյանների հարազատները, և՛ նրանց շահերի պաշտպանները, սակայն փաստաբաններին այդպես էլ հնարավորություն չտրվեց դատը Շիրակի մարզի դատարանի շենք տեղափոխելու միջնորդություն ներկայացնել։

Հունվարի 12-ին՝ Ավետիսյանների սպանության մեկ տարին լրանալու օրը հարազատները չբացառեցին, որ կբոյկոտեն դատական նիստը և ռազմաբազա չեն գնա: Իիրենց փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո նրանք որոշել են, որ այսօր այնուամենայնիվ կգնան ռազմաբազա ու կմասնակցեն արտագնա դատական նիստին, բայց ցանկացած պահի կարող են նաև բոյկոտել։

«Ազատության» հարցին, թե այսօրվա դատական նիստին կներկայացնե՞ն միջնորդություն դատական նիստը հայկական դատարանի շենք տեղափոխելու վերաբերյալ, տուժողի իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանեց. - «Միանշանակ՝ միջնորդություն կլինի։ Միջնորդությունը չի լինի միայն տեղափոխումը, միջնորդությունը կլինի նաև ամբողջ պայմանների հետ կապված։ Այստեղ ամենակարևոր խնդիրը դատաքննության համար արդյունավետ պայմաններ ապահովելն է։ Էդ բոլոր պայմանները պետք է ապահովվի, և դրա ամենալավ տարբերակը՝ դատական նիստը տեղափոխել և Գյումրիի դատարանի շենքում իրականացնել, որովհետև բոլոր պայմաններն այդտեղ առկա են։ Դրանից բխող նաև բոլոր միջնորդությունները կլինեն, որոնք որ դատաքննության ընթացքում կհնչեցվեն, և միայն որոշումից հետո, թե ինչ կկայացնի դատարանը միջնորդության քննության արդյունքում, նոր վերջնական որոշում կկայացնեն հարազատները»։

Եթե միջնորդությունը մերժվի, հնարավոր է նաև, որ հարազատները տեղում որոշեն և բոյկոտեն դատական նիստը։ Այդ մասին շաբաթ օրը բողոքի դուրս եկած հարազատները ասացին լրագրողներին։

Դատարանը կբավարարի փաստաբանների կողմից ներկայացվելիք միջնորդությունը, թե՝ ոչ, պարզ կդառնա ժամեր անց։ Համենայն դեպս, Երեմ Սարգսյանը մերժման հիմքեր չի տեսնում։ «Այս պահին անհնար է այդ հարցի պատասխանը տալ։ Կարծում եմ՝ ողջամիտ է, որ պետք է բավարարվի, բայց թե ինչ որոշում կկայացվի՝ դա արդեն սուբյեկտիվ է, որոշում կայացնողի սուբյեկտիվ դիրքորոշումը ես չեմ կարող ասել», - նշեց Սարգսյանը։

Ի դեպ, շրջանառվում են խոսակցություններ, որ դատը շատ արագ է լինելու, նույնիսկ արագացված դատական գործընթացի մասին է խոսք գնում։ Երեմ Սարգսյանը դա բացառեց։ «Այս հոդվածի պարագայում, այս մեղադրանքի պարագայում օրենքն արգելում է արագացված դատաքննության կարգը։ Այսինքն՝ ցանկության դեպքում անգամ օրենքը թույլ չի տալիս», - ընդգծեց փաստաբանը։

Նշենք, որ քրեական գործը 23 հատոր է, որից 9-ը հատորը ռուսական կողմն է հանձնել հայկական կողմին։ Ռուսական ռազմակայանի զինծառայող Պերմյակովին հայկական կողմը մեղադրում է առանձնակի դաժանությամբ սպանության, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG