Մատչելիության հղումներ

Ավետիսյանների հարազատներն առայժմ չեն բոյկոտի դատավարությունը


Սպանված Ավետիսյանների հարազատները դատական նիստի կազմակերպման պատշաճ պայմաններ են պահանջում
Սպանված Ավետիսյանների հարազատները դատական նիստի կազմակերպման պատշաճ պայմաններ են պահանջում

Նրանք, այդուհանդերձ, ընդգծում են՝ բոյկոտի մտադրությունն ուժի մեջ է մնում և ցանկացած պահի կարող է իրագործվել։

Հունվարի 18-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում Ավետիսյանների սպանության գործով կայանալիք հերթական դատական նիստին Ավետիսյանների հարազատները կմասնակցեն: Այսօր այս մասին ասացին հենց իրենք՝ նշելով, որ փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո որոշել են առայժմ չբոյկոտել նիստը:

«Իրավաբանների հետ խոսալուց հետո մտածեցինք, որ առանց մեզ իրավունք ունեն դատը շարունակելու, անկախ էն բանից՝ մենք կմասնակցենք, թե չէ: Իսկ դա մեզ բոլորովին ձեռք չի տալիս: Իրանց էլ հենց դա է պետք, որ ամեն ինչը տակնթաղ անեն, փակեն էրթա գործը: Ինչքանո՞վ է ճիշտ, որ էսքան պայքարելուց հետո ես իմ հարազատիս դատին չմասնակցեմ: Բայց, բոլոր դեպքերում, մեր փաստաբանները միջնորդությունը կներկայացնեն, մենք կգնանք բազա․․․»,- ասաց այսօր Գյումրիում բողոքի ցույցի դուրս եկած՝ Ավետիսյանների հարազատներից մեկը:

Նրանք, այդուհանդերձ, ընդգծեցին՝ բոյկոտի որոշումն ուժի մեջ է մնում և ցանկացած պահի կարող են իրագործել այն, եթե պայմաններն իրենց չբավարարեն: Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ այս պահին, երբ դեռ իրենք դատական նիստը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու միջնորդություն չեն ներկայացրել, նպատակահարմար չէր բոյկոտել դատական նիստը: Բայց նա չբացառեց, որ հետագայում Ավետիսյանների հարազատները կգնան այդ քայլին:

Միջնորդությունը կներկայացվի առաջիկա երկուշաբթի: Դրա արդյունքից էլ կախված կլինի, թե առաջիկայում ինչ քայլերի կդիմեն Ավետիսյանների հարազատները: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով, բոյկոտից հրաժարվելու որոշումը ճիշտ էր․ «Դա ուղղակի կզրկեր ճշմարտությունը բացահայտելու վերջին շանսից»,- ասաց Բարսեղյանը:

Մինչդեռ ակտիվիստ Կարեն Պետրոսյանը հակառակ կարծիքի է: «Եթե իրենք կասկածում են դատարանի անաչառության վրա, ուրեմն՝ ներկա լինեն չլինեն, նույն արդյունքն է լինելու: Մինչդեռ բոյկոտը կարող էր լուրջ ազդեցություն ունենալ՝ բարոյական, հոգեբանական․․․ ոչ միայն դատական պրոցեսի վրա, այլ նաև գյումրեցիների մտահոգության և տրամադրության վրա»,- ասաց Պետրոսյանը:

Ավետիսյանների հարազատների հիմնական պահանջը հանցագործության լիարժեք բացահայտումն է և ցայժմ անպատասխան հետևյալ հարցի պարզաբանումը՝ ինչու հենց Ավետիսյանների ընտանիքը սպանդի ենթարկվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG