Մատչելիության հղումներ

Ավետիսյանների սպանդից մեկ տարի անց հարազատների հարցերը անպատասխան են մնացել


Հարազատները դժգոհ են դատական պրոցեսից ու պայմաններից։

Ավետիսյանների ընտանիքի սպանդից մեկ տարի անց բացվեց տան փակ դուռը և հարազատներն ու լրատվամիջոցներն առաջին անգամ մտան տուն:

Ցավից ուշքի չեկած հարազատները այսօր դժգոհում էին, թե սպանդից մեկ տարի անց հանցագործության վերաբերյալ բազմաթիվ հարցեր անպատասխան են, հայտնի չէ՝ ինչո՞ւ այդ ամենը տեղի ունեցավ հենց Ավետիսյանների հետ, չեն հավատում նաև պնդումներին, թե յոթ հոգու սպանդը Պերմյակովը միայնակ է իրականացրել:

«Բայց որ մենակ է եղել, սուտ կլինի։ Սա պլանավորված գործ է եղել, որ արեցին։ Նախապես պլանավորված գործ։ Որ ինքն է արել, հնարավո՛ր է։ Բայց որ մենակ է արել, ես ամբողջ կյանքումս չեմ հավատա»,- ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը.- «Եթե էս դարպասները փակ լինեն, միմիայն ծանոթ մարդը կարող էր պտտել ու բացել։ Եթե անտեղյակ մարդ է, ի՞նչ գիտեր, որ սա կբացվի։ Հետո հունվարը սառնամանիք ամիս է, էս դարպասները որ փակ են լինում՝ սառում են, ինքը երբեք մտքով չէր անցի, որ սա պտտեցներ, բացեր։ Սա գիտեցած, պայմանավորված, պլանավորված գործ է»։

«Որևիցե մի անգամ բերեցի՞ն Պերմյակովին մտցնեին ներս, ասեին՝ ցույց տուր, ինչպե՞ս մտար, ինչպե՞ս խփեցիր, որ ես համոզվեմ, որ ինքն է եղել»,- հավելեց սպանվածի քույրը։

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան, 12-ը հունվարի, 2016թ.
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան, 12-ը հունվարի, 2016թ.

Վարկածին, թե Վալերի Պերմյակովը այդ օրը միայնակ է գործել, չի հավատում նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Շատ խնդիրներ կան, որ սկզբից բարձրաձայնվում էին, օրինակ՝ ինչպե՞ս կարող է մարդը կրակել ու հարևանը չլսի։ Երկրորդ՝ ինչպե՞ս կարող է մարդը կրակել ու բոլորը իրենց անկողնում մնան։ Հարցեր են, որ պետք է անպայման պարզաբանվեն դատական պրոցեսի ժամանակ», - ասաց Բալասանյանը։

Շաբաթներ առաջ հայկական կողմը սկսեց քննել Ավետիսյանների սպանության գործը, սակայն ոչ թե Պերմյակովը բերվեց հայկական դատարան, այլ դատարանը գնաց ռազմաբազա՝ ռուս զինվորների վերահսկողությամբ արտագնա նիստ անցկացնելու համար: Այսօր Ավետիսյանների հարազատները պնդեցին, թե պատրաստվում են բոյկոտել դատաքննությունը, եթե այն շարունակվի ռուսական բազայի տարածքում:

«Գետինը մտնի մեր ունեցածը [դատարանը]։ Իրենք ուզում են, որ տակնթաղ անեն։ Զինվորներին են կանգնեցնում զենքերով, մենք առանց այն էլ զինվորի զոհ ենք։ Էլ ո՞վ ռիսկ կանի մի բառ խոսա»։

«Բոյկոտելու ենք, իհարկե։ Ինչպես իրենց ձեռք է տալիս, էդպես են անում։ Մենք պիտի ավելի բարձր ատյանների դիմենք, մինչև Եվրադատարան։ Սաղ քաղաքին ոտքի կհանենք էլի»,- ասաց Ռիտա Պետրոսյանը։

«Շիրակ» գերեզմանատանը այսօր մատուցված հոգեհանգստյան կարգին կառավարությունից ներկա էին տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, նաև՝ պատգամավորներ:

Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին պնդեց՝ ռուսական բազայում անցկացվող դատավարությունը անօրինական է.- «Ե՛վ նախաքննությունը, և՛ դատավարությունը տեղի են ունենում խախտումներով, համահունչ չեն օրենքի պահանջներին։ Եթե ամեն ինչ խախտումներով է տեղի ունենում, ապա ի՞նչ ակնկալենք։ Իսկ խախտումներով է տեղի ունենում, որովհետև ցանկություն չկա բացահայտելու իրական ոճրագործներին։ Ընդհակառակը՝ ցանկություն կա փակելու, կոծկելու գործը, ուղղակի մոռացության տալու»։

«Իսկապես տարակուսելի փաստ է, որ Հայաստանի ինքնիշխան դատարանի դատավարությունը, ըստ էության, տեղի չի ունենում Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ես այստեղ իսկապես խնդիր եմ տեսնում»,- ասաց մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ասաց, որ եթե հարազատները բոյկոտեն դատական գործընթացն ու բողոքի դուրս գան, նրանք միայնակ չեն մնա: «Ցույցերը խոշոր հաշվով դադարել են հարազատների ուղղակի և անուղղակի խնդրանքներով։ Եվ մեկ տարի մարդիկ փաստորեն համբերատար կերպով սպասել են։ Ու ինչքան հասկացա, հասկացել են, որ ոչինչ տեղից չի շարժվում։ Եթե հարազատները որևէ բողոքի միջոցառում նախաձեռնեն, ամբողջ Գյումրին իրենց կողքը կանգնած է։ Ես վստահ եմ»,- նշեց նա։

Երեկոյան Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի պատարագ, այնուհետև մոմավառություն: Վեց օրից Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը կշարունակվի ռազմաբազայում, իսկ դրանից մեկ օր անց լրանում է փոքրիկ Սերյոժայի մահվան մեկ տարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG