Մատչելիության հղումներ

Ավետիսյանների սպանդի գործով դատը հետաձգվեց մինչև հունվարի 18-ը


Պերմյակովի նոր պաշտպանը պետք է ծանոթանա գործի նյութերին։

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստը մեկնարկելուց մոտ երեք ժամ անց ավարտվեց։ Դատավորը հետաձգեց դատավարությունը՝ ժամանակ տալով սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի նոր պաշտպանին ծանոթանալ գործի նյութերին։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2016 թվականի հունվարի 18-ին ժամը 12-ին։

Այսօրվա նիստի մեկնարկին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ ասելիք ունեն, որը «կանխորոշում է գործի ընթացքը»։ Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց՝ գործի նյութերն ուսումնասիրելով պարզել են, որ «Պերմյակովը սատանիստ է, և քննարկման առարկա դա չի կարող լինել»։

Տուժողի իրավահաջորդի մեկ այլ ներկայացուցիչ՝ փաստաբան Երվանդ Վարոսյանը հավելեց, որ իրենք մեղադրանքը չենք վիճարկում, և իրենց համար մեղադրանքը հիմնավոր է։ Ըստ Վարոսյանի, փաստաբաններն ուզում են միայն պարզել՝ ռուսական կողմը դատավարության ժամանակ քննե՞լ է Պերմյակովի սատանիստ լինելու հանգամանքը, թե՞՝ ոչ։

«Պերմյակովը սոցցանցում էջ է բացել և այնտեղ պայմանագիր է կնքել սատանայի հետ։ Եվ շատ ցավալի փաստական հանգամանքներ կան գործում՝ կապված, թե ինչ գրառումներ է կատարել Ֆեյսբուքում՝ սատանային մարդկանց նվիրաբերելու և այլնի մասին, ինչը շատ կարևոր հանգամանք է հանցագործության դրդապատճառի վերջնական գնահատականը տալու համար», - ասաց Վարոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG