Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները «իմիտացիոն պրոցես» են համարում ընտրախախտումների քննությունը


Ընտրատեղամաս Երևանում, 6-ը դեկտեմբերի, 2015թ․
Ընտրատեղամաս Երևանում, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

Իրավապաշտպաններին ու փաստաբաններին արդեն չի զարմացնում, որ չնայած բազմաթիվ ահազանգերին՝ հանրաքվեից մեկ շաբաթ անց ընդամենը մեկ կասկածյալ կա։ Ասում են՝ գրեթե նույն պատկերն է համապետական յուրաքանչյուր քվեարկությունից հետո։

«Այս ամեն ինչը ավելի շատ նման է իմիտացիոն պրոցեսի, քան ինչ-որ իրավական գործընթացի: Լավագույն դեպքում ավարտվելու է մեկ կամ երկամսյա կալանքներով, կամ, եթե ասենք շատ մարդ պատժելու լինեն, համաներմամբ է ավարտվելու», - ասում է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Այնուամենայնիվ, այս հանրաքվեն առանձնանում էր, ավելացնում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը․ ընտրակեղծիքները անթաքույց էին, թեև իշխող կուսակցությունը հայտարարում էր, թե իրենց կեղծված հանրաքվե պետք չէ․ - «Այնքան վստահ են իրենք՝ միշտ կեղծել են և կկեղծեն: Այս տեսագրությունները, ձայնագրությունները․․․ դա ոչ մի նշանակություն չի կարող ունենալ: Այսինքն՝ այդ թողտվության աստիճանը այնքան մեծ է՝ հանրության հետ բացարձակապես հաշվի չնստելը, որ այդպես փնթի են իրենք կեղծել, ջանքեր չէին ներդրել, որ գնային, ասենք, տանը այդ գումարը բաժանեին և այլն»:

Երվանդ Վարոսյանը ևս վստահ է, որ իրավական գործընթացի արդյունքում ազատազրկմամբ պատժվողներ չեն լինելու, ինչպես չեն եղել նախորդ ընտրությունների ժամանակ․ - «Սա ոչ մի հետևանք չի ունենալու այն առումով, որ երբ գա հաջորդ ընտրական փուլը, չի լինելու իրավիճակ, որ ընտրությունները կեղծելու նպատակ ունեցող անձինք վախենան, ասեն՝ տեսեք՝ նախորդ անգամ այսպես բոլոր կեղծարարները կամ նրանց մի մասը պատժվեցին»:

Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է հանրաքվեին հաջորդած Սերժ Սարգսյանի ելույթը, երբ նախագահն ասել էր, որ իրավասու մարմինները պետք է օրենքի տառին և ոգուն համապատասխան գնահատականներ տան խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերին:

«Ձևական բնույթ է կրում այդ հայտարարությունը, իսկ իրավապահ մարմիններն էլ արդեն այդ ցուցումը գիտեն՝ արդեն այնքա՜ն ընտրություններ են կեղծվել», - ասում է նա:

Այսօր էլ հրավիրված ասուլիսին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է շեշտել՝ տեղամասերի 92 տոկոսից ընդհանրապես որևէ ահազանգ չեն ստացել։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով` միայն այս հայտարարությունը կասկածի հիմքեր է տալիս, որ Քննչական կոմիտեն ստանձնել է ոչ թե իրավապահ, այլ քաղաքական գործառույթ։

«Տպավորություն էր, որ ոչ թե Քննչական կոմիտեն կամ դատախազությունն են հաղորդագրություն տարածում, այլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և ի սկզբանե նպատակ կա ներկայացնելու, որ ինչ-որ իրավական պրոցես գնում է, բայց ի սկզբանե ուզում ենք ձեզ զգուշացնենք, որ սա հանրաքվեի արդյունքների վրա չի ազդելու», - մեկնաբանում է Վարոսյանը: Մինչդեռ, ըստ փաստաբանի, դիտորդներն ու լրագրողները հնարավորինս դյուրացրել էին իրավապահների աշխատանքը. ինտերնետում տասնյակ տեսանյութեր կան լցոնումների, բռնության ու ահաբեկման դեպքերի վերաբերյալ, ընդդիմությունն էլ ինքն էր հաղորդում ներկայացրել՝ հանձնաժողովի անդամին կաշառելու վերաբերյալ:

«Գործ ունենք այնպիսի հանցատեսակի հետ, որ ես չեմ հավատում, որ կա ցանկություն դա բացահայտելու և չի բացահայտվում», - եզրակացնում է Երվանդ Վարոսյանը:

XS
SM
MD
LG