«Ազատություն» - Հմուտ տնտեսագետը բնուջեի նախագծով կարող է ախտորոշել, թե ինչ վիճակում է երկիրը, ինչ վիճակում է տնտեսությունը: Դուք ինչպե՞ս կախտորոշեիք:
Բագրատյան - Սա այն հազվագյուտ բյուջեն է, որը իր կառուցվածքով շատ անհաջող․․․ աշխատավարձ է, ու վերջ: Երբ որ ասում են սոցիալական է, դա հիմարություն է: Աշխարհի բոլոր երկրների բյուջեները սոցիալական են, որովհետև պետական ծախսերի մեջ աշխատավարձը գերակշռում է: Այս բյուջեն մի ուրիշ պրոբլեմ ունի: Նույնիսկ 1993-94-ի բյուջեն այդպես չէր: Այս բյուջեում փող չկա, չես տեսնում՝ ի՞նչն են զարգացնելու և ինչո՞ւ են զարգանում․․․ չկա քաղաքականություն:
«Ազատություն» - Նախագծով եկամուտները պակասելու են մոտ 8 միլիարդ դրամով: Ինչի՞ մասին է սա խոսում:
Բագրատյան - Տնտեսության կառուցվածքային փոփոխությունները՝ գյուղատնտեսության կամ հանքագործության արագացված աճը բերել նրան, որ դրանք բյուջե բերող չեն: Բյուջե եկամուտ է գալիս հատկապես այն ճյուղերից, որտեղ ավելացված արժեքը մեծ է: Գյուղատնտեսությունում կամ հանքագործությունում դա ցածր է: Այսինքն՝ զարգացնում են ոլորտներ, որոնք բյուջետային եկամտի առումով եկամտաունակ չեն: Սա խոսում է կառուցվածքային ճգնաժամի մասին: Սա խոսում է այն մասին, որ հարկերի հավաքագրման կառուցվածքի և տնտեսության կառուցվածքի մեջ հակասություն կա: Պետք է փոխել: Կա՛մ տնտեսության կառուցվածքը հարմարեցնում ենք հարկերին, կա՛մ հարկերի կառուցվածքը հարմարեցնում ենք բյուջեին:
«Ազատություն» - Կոնկրետ տնտեսական աճ խոստացող, բայց այդ աճը չապահովող կառավարությունը պե՞տք է պատասխանատվություն կրի:
Բագրատյան - Անպայման: Ե՛վ նախագահի նկատմամբ պետք է գործի, և՛ կառավարության: Բայց ճիշտ հակառակն է լինում: Իրենց գործը ձախողած մարդիկ խրախուսվում են:
«Ազատություն» - Ելնելով բերված նախագածից, ըստ Ձեզ, հաջորդ տարի ինչպե՞ս ենք ապրելու:
Բագրատյան - Մի հինգ տոկոսով վատ, որովհետև աշխատավարձերի բարձրացում չի լինի: Պետական հատվածը։ Մասնավորը հուսանք ավելի լավ լինի․․․ բայց դժվար: Պետական հատվածը․․․ աշխատավարձի բարձրացում եթե չլինի, գները կբարձրանան հինգ տոկոսով:
«Ազատություն» - Բայց սրանից ավելի վատ հնարավո՞ր է: Նկատի ունեմ՝ կարո՞ղ է գալ մի պահ, երբ տնտեսությունը պարզապես փլուզվի:
Բագրատյան - Կարող է մի պահ գալ, որ փլվի, պետականությունը փլվի: Հատկապես դա տեղի կունենա, եթե Սահմանադրությունն ընդունվի: Մենք կհայտնվենք պարզապես կրախի առաջ: Երկրի տնտեսությունը փլվում է, փոխանակ մենք տնտեսական քաղաքականության մոդելը, ոչ թե ռեսուրսները, այլ մոդելը, որոշումներ կայացնելը կենտրոնացնենք, մենք ապակենտրոնացնում ենք, ցրում ենք ընդհանրապես, վերացնում ենք: Ոչ մի պատասխանատու չկա: Վիճակը վատ է, ու պատասխանատու էլ չկա:
«Ազատություն» - Շատերն ասում են, որ հնարավորությունների բյուջե է, իրատեսական, իրողությունները ճիշտ արտահայտող նախագիծ է․․․
Բագրատյան - Դրանք հիմար թեզեր են․․․ անկապ: Ցանկացած բյուջե պարտավոր է իրատեսական լինել․․․ Այլ հարց է, որ այս բյուջեն մեջը էլեմենտ չի պարունակում, որ հաջորդն ավելի լավ կլինի: Սա է խնդիրը, սա է մասնագիտական մոտեցումը: Ի՞նչ է նշանակում իրատեսական է․․․ Ոնց որ ասես՝ միլիարդ հարյուր ութսուներեք միլիոնը լավ թիվ է, դու ասես՝ դա ճիշտ թվաբանական թիվ է: Հասկացանք՝ մեկ-մեկ-ութ-երեք, թվեր են․․․ Դա, կներեք այսպիսի բառի համար, ախմախ խոսք է՝ բյուջեն իրատեսական է: Ո՞վ ա ֆանտաստիկ, ֆեյայի հեքիաթները բերում բյուջեում: Մենք էլ ասում ենք՝ խնդիրը այդ իրատեսականությունը չէ, խնդիրն այս է՝ պարո՛ն կառավարիչ, ով որ դա լինի՝ նախագահն է, վարչապետն է թե Կենտրոնական բանկը, այս ռեսուրսների սահմաններում գտեք բյուջեի այնպիսի մի տարբերակ, որպեսզի մյուս տարվանն ավելի լինի, մյուս տարի գտեք մեկ այլ տարբերակ, որ էն մյուս տարվանն ավելին լինի, որպեսզի դինամիկա տեսնենք: Սա է խնդիրը:
«Ազատություն» - Ամփոփենք: 2016 թվականի բյուջեի նախագիծը ի՞նչ է ցույց տալիս:
Բագրատյան - Ցույց է տալիս, որ մենք ընդհանրապես դինամիկա չունենք: Ճահճի հոտ է գալիս իրենից: Ճահճոտ է: Անվերջ չի կարող շարունակվել: Պետությունը մի օր կպրծնի, ու վերջ: Հիմա խնդիրն է փորձել Սահմանադրությունը պահպանել, պահպանել պրեզիդենտի ինստիտուտը․․․ Այս մոդելը սպառել է իրեն, իրենք իդեա չունեն, նոր մոդել չկա, մարդիկ էլ չունեն նոր մոդել անելու համար: Պետք են նոր մարդիկ: