Մատչելիության հղումներ

Պատգամավորները քննադատում են գալիք տարվա բյուջեի նախագիծը


2016-ի բյուջեի նախագծի քննարկումները խորհրդարանում: 3-ը նոյեմբերի 2015 թ․
2016-ի բյուջեի նախագծի քննարկումները խորհրդարանում: 3-ը նոյեմբերի 2015 թ․

Պատգամավորները հարց բարձրացրին՝ ինչո՞ւ իշխանության կողմից համեստ որակված բյուջեն պետական գերատեսչությունների ծախսերում որևէ կրճատում չի նախատեսում։

Կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացում չնախատեսող 2016 թվականի բյուջեի նախագծի համաձայն, հաջորդ տարի պաշտոնյաները կշարունակեն նույնքան ծախսել արտասահմանյան գործուղումների ու պաշտոնական արարողությունների համար։

Պատգամավորները հարց բարձրացրին՝ ինչո՞ւ իշխանության կողմից համեստ որակված բյուջեն պետական գերատեսչությունների ծախսերում որևէ կրճատում չի նախատեսում։

«Պատգամավորների պահպանման ծախսերից մի միլիարդ հանենք, հատկացնենք առողջապահական ոլորտին՝ անհետաձգելի բուժսպասարկման հոդվածի համար: Նախարարների պահպանման հոդվածից էլ, եթե կա այդպիսինը, մի միլիարդ էլ այդտեղից բերել», - առաջարկեց Տիգրան Ուրիխանյանը:

«Ձեր հարցադրումը ավելի շատ ընդունում եմ որպես քաղաքական․․․ բայց դա այն հոդվածն է, որից տրվում է պատգամավորների աշխատավարձը: Եթե Դուք ցանկություն ունեք նման առաջարկ անելու, ապա, ես կարծում եմ, ճիշտ կլինի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գաք՝ առաջարկելով փոխելու», - արձագանքեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Պաշտոնական տվյալներով ավելի քան 30 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանի կառավարությունն այս տարի 240 մլն դրամ հատկացրեց ոսկեզօծ պատերով դահլիճ կառուցելու վրա, ինչը, ըստ պատգամավոր Էդմոն Մարուքյանի, բյուջեով նախատեսված չէր։

«Արդյո՞ք այս տարի էլի կան նման բաներ», - հարց հնչեցրեց Մարուքյանը:

«Իրականում խոսքը վերաբերում է գույնին, այլ ոչ թե ոսկուն», - արձագանքեց Դավիթ Հարությունյանը: - «Ոսկեզօծը գույնի մասին է․ չի նշանակում, որ ոսկի է կպցրած պատերին»:

Ըստ նախագծի, պետական գերատեսչությունների ծախսերում զգալի մաս են կազմում գործուղումները։ Այս հարցում հատկապես ճոխությամբ աչքի է ընկնում Հովիկ Աբրահամյանը, ով նախընտրում է շրջագայել միայն հատուկ չվերթներով և 5 ամսվա ընթացքում օդանավերի վրա ծախսել է ավելի քան 85 մլն դրամ։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ գործուղումներն արդյունավետ են, երբեմն էլ՝ խիստ անհրաժեշտ․ - «Իհարկե կարելի է այդտեղ տնտեսել: Բայց դա կլինի այն սխալ տնտեսումը, որի արդյունքում հետո մենք շատ ավելի մեծ գումարներ, շատ ավելի մեծ գին կունենանք վճարելու՝ այդ թվում քաղաքական»:

Արտասահմանյան գործուղումների, պաշտոնական արարողությունների ու հուշանվերների վրա տարեկան մի քանի տասնյակ միլիոն է ծախսում նաև խորհրդարանը։ 2016-ի բյուջեն այստեղ ևս կրճատումներ չի նախատեսում։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ ծախսերն առանց այդ էլ հասցվել են նվազագույնի․ ինքը, օրինակ, ոտքով է գալիս աշխատանքի։

Խորհրդարանի գործուղումները, ըստ Թովմասյանի, լինում են միայն անհրաժեշտության դեպքում և՝ առանց հավելյալ շռայլությունների․ - «Բացի Ազգային ժողովի նախագահից, Ազգային ժողովի փոխնախագահները, հանձնաժողովի բոլոր նախագահները թռչում են էկոնոմ կլասով: Ազգային ժողովի նախագահի վերջին այցելության ժամանակ Ազգային ժողովի նախագահը մնացել ա չորս աստղանի հյուրանոցում»:

Ազգային ժողովի ծախսերի մեջ մեծ մաս են կազմում նաև աշխատավարձերը։ Ըստ հաջորդ տարվա բյուջեի նախագծի, պատգամավորները կշարունակեն տարեկան մոտ 8 միլիոն դրամ աշխատավարձ ստանալ, թեև նրանցից ոչ բոլորն են հաճախում նիստերին։

Քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանը, օրինակ, այս տարի ընդհանրապես ոտք չի դրել խորհրդարան։ ԲՀԿ-ի նախկին առաջնորդը մանդատից թեև չի զրկվում, բայց, Հրայր Թովմասյանի վստահեցմամբ՝ յուրաքանչյուր բացակայության համար 30 հազար դրամ քիչ աշխատավարձ է ստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG