Մատչելիության հղումներ

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել դատախազների աշխատավարձը


Հայաստանի կառավարության շենքը Երևանում
Հայաստանի կառավարության շենքը Երևանում

Գործադիրը մտադիր է հունվարի 1-ից 7 տոկոսով կամ 30-40 հազար դրամով բարձրացնել մի շարք դատախազների աշխատավարձը, ինչի համար, ըստ Կառավարության ներկայացրած նախագծի, բյուջեից կհատկացվի տարեկան 311 միլիոն դրամ։

«311 միլիոն դատախազներին, քննիչներին և իրավապահ համակարգի այլ առանձնապես լավ ապահովված, օբյեկտներ, առանձնատներ, բնակարաններ ու թանկարժեք ավտոմեքենաներ ունեցող մարդկանց ուղղել, նշանակում է 311 չափազանց ծայրահեղ, սուր առողջական վիճակ ունեցող մարդու հարցի լուծում, նշանակում է 3011 միջին ծանրության առողջական խնդիր ունեցող մարդու հարցի լուծում»,- Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Անթույլատրելի համարելով նախագիծը, Ուրիխանյանը քվեարկությունից առաջ իշխանություններին հորդորեց հանել նախագիծն օրակարգից։

Չնայած քննադատությանը, նախագիծն այսօր հանրապետական մեծամասնության ջանքերով առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Դեմ քվեարկած «Օրինած երկիր» կուսակցության համար անհասկանալի է, թե ինչու ԱԺ արտահերթ նիստի օրակարգում հայտնվեց դատախազների աշխատավարձերի բարձրացման հարցը, եթե 2016 թվականի բյուջեում կենսաթոշակների ու աշխատավարձերի փոփոխություն չի նախատեսվում։

«Ի՞նչ էր հրատապ պատճառը։ Դատախազների աշխատավարձը շատ ցածր չէ, կարելի էր այս տարի դիմանալ այդ աշխատավարձով, և եթե մենք ունենք տարեկան 311 միլիոն օգտագործելու հնարավորություն, գտել են այդ հնարավորությունը այս սուղ բյուջեի մեջ, նշանակում է՝ մենք դա կարող ենք, օրինակ, ուղղել մարզերի մանկապարտեզներին»,- ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

Բիշարյանը պնդում է՝ դատախազությունն արժանի չէ այս խրախուսմանը, կոռուպցիան չի նվազում, հանցագործության մասին բազմաթիվ հաղորդումներին էլ ընթացք չի տրվում։

«Կոտայքի, Տավուշի և Արարատի մարզերում տեղի էին ունեցել քրեական հանցագործություններ։ ID քարտերով ընտրությունների էին գնացել աննախադեպ թվով մարդիկ, և ես սա բարձրաձայնել էր, հասցեագրված էր իմ հայտարարությունը, բայց գլխավոր դատախազը, ով նույնպես ԱԺ դահլիճում էր, մինչև այսօր որևէ արձագանք չի տվել։ Սա նաև վիրավորական է մեզ համար»,- ասաց պատգամավորը։

Գործադիրի նախագծին հավանություն տված Հանրապետականում, մինչդեռ, դատախազության գործունեության վերաբերյալ գնահատականը ճիշտ հակառակն է։ Իշխող խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է՝ դատախազությունն իր առջև դրված առաջադրանքը կատարում է։

«Դժգոհությունները կարող են տարբեր ոլորտներում լինել, դա չի նշանակում, որ աշխատավարձերը պետք է իջեցնենք, կամ եթե որևէ կառույցում որևէ մեկը վատ է աշխատում, մենք նրան պետք է զրկենք աշխատավարձից»,- ասաց Բաղդասարյանը։

Թեև նախագծի ընդունումից հետո դատախազության աշխատավարձերը կբարձրանան, Բաղդասարյանը պնդում է՝ բյուջեում շեղում չկա, իրենք աշխատավարձեր չեն բարձրացնում, պարզապես այն հավասարեցնում են պետական այլ պաշտոնյաների աշխատավարձերին։

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ նախատեսված է քվեարկել վաղը, փաստաթղթի հիմնական զեկուցողն էլ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG