Հաջորդ տարվա բյուջեի մասին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը միայն երկու խոսուն ցուցանիշ ներկայացրեց․ եկամուտները կրճատվելու են շուրջ 8 միլիարդ դրամով, աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրացվելու, փոխարենը՝ պաշտոնյաների ծառայողական մեքենաների թիվը ութ տասնյակով կավելանա՝ անցնելով հազարը:
Փաշինյանը բերեց Դանիայի օրինակը, որտեղ ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը՝ արձանագրելով, որ Հայաստանում միայն Ազգային ժողովին հատկացող մեքենաների թիվն ութ տասնյակից ավելի է․ - «Մինչ սահմանադրական փոփոխությունների «այո»-ի ու «ոչ»-ի ճակատները քննարկում են, թե Հայաստանը ինչպիսի պետություն պետք է լինի՝ նախագահակա՞ն, կիսանախագահակա՞ն, խորհրդարանակա՞ն պետություն, կռուպնի գործ անող տղերքը բոլորիս աչքերի առաջ կառուցել են ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն»:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատանքներ են տանում բարեփոխումների միջոցով նաև ծառայողական մեքենաների թիվը կրճատելու ուղղությամբ՝ հավելելով, սակայն․ - «Ես, օրինակ, չեմ պատկերացնում, որ հեծանվով ես կարող եմ գնալ գործի»:
Նախարարի խոսքով՝ սուղ միջոցների պայմաններում փորձել են պաշտպանել բյուջեի սոցիալական ոլորտը և կրճատումներ չանել, աշխատավարձերն ու թոշակներն ավելացնելու հնարավարություն, սակայն, չկա:
Վիճակը, նրա ներկայացմամբ, վատ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը միայն արտաքին ազդակներով չի պայմանավորում ստեղծված վիճակը․ տարիներ շարունակվող խնդիրների հետևանքն է, իսկ բյուջեն և 2.2 տոկոս աճը արտացոլում է եղած հնարավորություններն ու ռեսուրսները՝ իրենք կառուցողական և դրական են տրամադրված ներկայացված փաստաթղթի նկատմամբ․ - «Քանի որ վերջին 6-7 տարիների միտումներն են հանգեցրել դրան, մենք պետք է իրատեսական լինենք: Մենք պետք է այս սահմանափակումները կարողանանք օբյեկտիվ գնահատել և տեսնել, թե այս կառավարությունը ինչ ա անում»:
Մելքումյանի պատկերավորմամբ՝ վիճակն օրհասական չէ, դանակը ոսկորին չի հասել, բայց մոտեցել է․ - «Բայց մարդը կորցրել ա հավատը պետության քաղաքականության նկատմամբ: Հավատը պետք ա վերականգնել: Եթե դու տեսնում ես, որ տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունը արդյունք չի տալիս, պետք ա փոխես կուրսը, որին էլ ուղղված ա, մեր կարծիքով, Սահմանադրությունը: Սա մեկ: Եվ երկրորդ՝ ամենակարևոր բանը․ եթե կառավարությունը իր ծրագրային առաջադրանքները, ցուցանիշները չի կատարում, ինքը պետք է օրենքով ավտոմատ հրաժարական տա, այլ ոչ թե կախված լինի ամենաբարձրագույն քաղաքական իշխանության կամքից»:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով, 2016 թվականի բյուջեում կանխատեսվող 2.2 տոկոս տնտեսական աճը կառավարությունը դժվար թե ապահովի․ - «Վստահ՝ չի կարող կատարել, որովհետև ռեսուրս չունի»:
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե կառավարությունն այս անգամ բյուջեի նախագծում ազնիվ է՝ խոստովանում է, որ հաջորդ տարի Հայաստանն աղքատանալու է․ - «Էս պահին կարող ենք արդեն արձանագրել, ընդ որում, դա իրենք չեն թաքցնում, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի արդեն աղքատանալու է, որովհետև մեր աշխատավարձերը, մեր թոշակները իրենց գնողունակությամբ լինելու են ավելի քիչ: Ժողովրդին կարծես թե ասում են՝ կա՛մ վեր կաց, գնա, կա՛մ ինձ արի ստեղից քշի: Ուրիշ տարբերակ չկա: Սա ցինիկ մարտահրավեր ա էս ժողովրդին․․․ Դա ասում են ովքե՞ր․․․ Նայեք՝ միլիոնատեր, միլիարդատեր, բիզնեսի մեջ թաղված, վատ համբավ ունեցող մարդիկ են էսօր ղեկավարում, և իրենք էլ ասում են՝ էկող տարի վատ ես ապրելու, ժողովուրդ, քու հաշվարկը արա»: