Ալավերդիում գործող պղնձաձուլական գործարանի կողմից վճարվող բնապահպանական վճարներից հաջորդ տարի համայնքը ոչ մի դրամ չի ստանա:
Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանն ափսոսում է, որ 2016-ին քաղաքի բյուջեն կկրճատվի մեկ հինգերորդով՝ մոտ 100 միլիոն դրամով․ - «Դիմել էինք Բնապահպանության նախարարություն: Որքան տեղյակ եմ, այդտեղ հանձնարարական է տրվել վերանայել վերահաշվարկման ձևը: Մենք հիմա սպասում ենք դրա պատասխանին»:
Ալավերդու պղնձաձուլարանի արտանետումներից տուժող Հաղպատ, Հագվի և Աքորի գյուղերը ևս հաջորդ տարի կզրկվեն բնապահպանական վճարներից տրվող մասհանումներից, որոնք որոշ դեպքերում համայնքային բյուջեների առյուծի բաժինն են կազմում:
Հաղպատի գյուղապետ Վահրամ Քառյանը նշում է, որ այլևս չեն ստանա ավելի քան 27 միլիոն դրամը, որն ավելին է, քան համայնքի բյուջեն․ - «Այս բոլոր ծրագրերը, որ մենք բնապահպանական ծրագրերով անում էինք՝ աղբահանություն, մանկապարտեզի սնունդ․․․ դրանք լրիվ գտնվում են վատ դրության մեջ»:
Այս հարցով նախկինում տեղի ունեցած քննարկումների ժամանակ պղնձաձուլական ընկերության պատասխանատուները պատճառաբանել են, թե գործարանի ծխատարը բարձրացվել է, և օդի աղտոտվածությունը Ալավերդիում և հարակից գյուղերում նվազել է։ Արդյունքում 360 միլիոն դրամով պակասել են ընկերության կողմից պետական բյուջե փոխանցվող բնապահպանական վճարները։
Հաղպատի գյուղապետը, ով ևս մասնակցել է քննարկումներին, «Ազատության» հետ զրույցում ասաց․, - «Պատճառաբանում են ծխնելույզի բարձրացումը: Ծխնելույզը բարձրացնելով իրանք նույն արտանետած թույները ոչ ֆիլտր են դրել, որ մաքրվի, արտադրության ծավալները չի պակասել»:
Ալավերդու գործարանի արտանետումներից տուժող 5 համայնքներից Օձունը միակն է, որ հաջորդ տարի էլ կստանա բնապահպանական վճարներից տրվող սուբվենցիան՝ 48 միլիոն դրամի չափով։ Գյուղապետ Արսեն Տիտանյանը տեղյակ չէ, թե ինչպես է կատարվում հաշվարկը, և թե ինչպես է եղել, որ կառավարությունն իրենց նկատմամբ ավելի բարեհաճ է գտնվել:
Ազգային ժողովում 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Լյովա Խաչատրյանը քննադատեց կառավարությանը՝ ասելով, թե արտանետումներ ունեցող ընկերությունները բնապահպանական և բնօգտագործման վճարների տեսքով 30 միլիարդ դրամ են փոխանցում պետբյուջե, իսկ տուժող համայնքներին դրանց չնչին մասն է հատկացվում․ - «Եթե այդքան դուք վճար եք հավաքում, նշանակում է այդքան բնությանը վնաս ենք հասցրել: Իզուր չէ, որ, ասենք, Մելիք գյուղի գյուղացիները բղավում են՝ ո՛չ ծնում ենք, ո՛չ բերաններս ատամ կա, ո՛չ էլ բերք ենք ստանում էդ ոսկու հանքի պատճառով: Նշանակում է՝ այդ փողը պետք է վերադարձվի պետությանը»:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, սակայն, ասաց՝ բյուջեն սուղ է, միջոցներ չունեն․ - «Դուք տեսնո՞ւմ եք 30 միլիարդ այլ ծրագրերից, որ կարելի է հանել և տալ բնապահպանությանը․․․ Եթե այդ գյուղի բնակիչները այսօր դարձել են հիվանդ ու ինվալիդ, որի վրա մենք ծախսում ենք առողջապահական ոլորտից փող, որոնց աշխատունակությունը ընկել է, որտեղ հողերը բերրիություն չեն ապահովում և չեն տալիս բերք, հետևաբար և չեն տալիս համախառն արդյունքի ավելացում, շրջակա միջավայրը ոչնչացրեցինք, հետո ո՞ւմ ենք պետք մենք, մեր աշխատածը, մեր աշխատելը»:
Մինչ հասարակական կազմակերպությունները բարձրացնում են բնավճարներն ամբողջությամբ համայնքներին տրամադրելու հարցը, կառավարությունն այդ վճարները հարկատեսակ դարձնելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Այս դեպքում գումարները բնապահպանական նպատակներին ուղղելու պարտավորությունը կարող է իսպառ վերանալ: