Մատչելիության հղումներ

Զուրաբյանը ԱԺ նախագահին հորդորեց բացատրություն պահանջել Աշոտյանից


Լևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) բարձրաձայնում է քարոզարշավի ընթացքում իշխանությունների կողմից կատարվող խախտումների մասին՝ միաժամանակ զգուշացնելով, որ բոլոր այդ փաստերով դիմելու են Սահմանադրական դատարան։

Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմեց Գալուստ Սահակյանին՝ հորդորելով հենց խորհրդարանում բացատրություն պահանջել կրթության նախարար Արմեն Աշոտյանից, ով արդեն երկրորդ անգամ չարաշահում է իր պաշտոնական դիրքը. նախ խախտելով անկողմնակալության և հավասարության սկզբունքը՝ Հանրային հեռուստաընկերությամբ քաղաքական հաղորդում է վարում, և երկրորդ՝ հրահանգում է տնօրեններին և ուսուցիչներին ծնողների շրջանում «այո»-ի քարոզչություն իրականացնել։

«Սա արտակարգ մի հարց է։ Մենք իսկապես առաջարկում ենք Ձեզ՝ որպես Ազգային ժողովի նախագահ, բացատրություններ ստանալ Արմեն Աշոտյանից, ով, ըստ էության, ստացվում է՝ մարդկանց զանգվածաբար դրդում է հանցագործություններ կատարելու»,- ասաց Զուրաբյանը։

Գալուստ Սահակյանը արձագանքեց.- «Դա պրովոկացիոն հայտարարություն է, որևէ նման փաստ չեք կարող բերել, որ ուսուցիչը անձնազոհ ձևով գնում է դեպի խախտումների։ Երկրորդն էլ՝ դեռևս ընտրության օրը չէ, ի՞նչը պիտի խախտեն։ Ասենք, եթե ուսուցիչը ինչ-որ ձևով մտածում է, որ «այո» պիտի ասի, դա խախտո՞ւմ է։ Լա՛վ, կասենք ուսուցիչներին՝ սրանից հետո բառարանից «այո» բառը կհանեն, կթողնեն միայն «ոչ»-ը»։

Աշոտյանի պատասխանը ևս չուշացավ։ Նա դուրս եկավ նիստերի դահլիճից և լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Զուրաբյանը խախտում է անմեղության կանխավարկածը և պետք է մեղադրանքներն ապացուցող փաստեր ներկայացնի, ինչը, սակայն, անել չի կարող:

Վերլուծելով Զուրաբյանի հայտարարության շարժառիթները՝ Հանրապետականի փոխնախագահը, ով նաև «Այո»-ի կենտրոնական շտաբի անդամ է, հետևյալ եզրահանգմանն է եկել.- «Կան «Ոչ»-ի տարբեր կենտրոններ, առնվազն 4-5 շտաբ ինձ է հայտնի, և խնդիրը, որ դնում է մեր գործընկերը ՀԱԿ-ից, իշխանության ամենատեսանելի ներկայացուցիչներից մեկին քննադատելով և անհիմն մեղադրելով, փորձել ստանալ համապատասխան պատասխան և դառնալ «Ոչ»-ի Գյուլչիտայը»։

Աշոտյանը, սակայն, այս ամենի մեջ դրական և պայծառ կողմ է գտել՝ ՀԱԿ-ը շարունակում է անվճար գովազդել իր հաղորդումը: Զուրաբյանն էլ խոստանում է յուրօրինակ գովազդ ապահովել մշտապես. - «Եթե իմ մեղադրանքները, որ ինքը կատարում է հանցագործություն՝ խոչընդոտելով մարդկանց ընտրական իրավունքի իրականացմանը, Աշոտյանը համարում է գովազդ, ես այդ գովազդը իրեն կապահովեմ մշտապես։ Ես ուղղակի ցանկանում եմ, որ դպրոցի բոլոր տնօրենները և բոլոր ուսուցիչները, ովքեր կատարում են Արմեն Աշոտյանի կամ նրա ղեկավարած նախարարության ապօրինի հրամանները, իմանան, որ սրա համար հասնում է քրեական պատասխանատվություն, որ իրենց դրդում են, ըստ էության, հանցագործության»։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ իշխող Հանրապետականի փոխնախագահը քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստաընկերությամբ քաղաքական հաղորդում է վարում և պնդում է, թե ամեն ինչ անում է անկողմնակալ լինելու համար, ապա Զուրաբյանը հետևյալ հակափաստարկն է բերում.- «Արդեն իր դեմքը այնտեղ փայլփլող բավարար է, որ անկողմնակալության բոլոր սկզբունքները խախտվեն»։

ՀԱԿ խմբակցության ղեկավարի փոխանցմամբ՝ կրթության նախարարից բացի պաշտոնական դիրքը չարաշահել է նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով լծվել էր խորհրդարանական համակարգին անցնելու քարոզին, ինչը անհամատեղելի է բարձր դատարանի նախագահի լիազորությունների հետ։ Զուրաբյանը նշում է, որ խախտումներ է կատարել նաև վարչապետ, Հանրապետականի «Այո»-ի շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, ով հայտնվել է «Արմնյուզ»-ով և «Ա1+»-ի կայքով հեռարձակվող «Այո և ոչ» ռեալիթի շոուում։

«Մեկ էլ «Այո և ոչ»-ի եթերում հայտնվում է Հովիկ Աբրահամյանը։ Արդեն միայն այն, որ ինքը մտնում է այդ քարոզչական հաղորդման մեջ, և լուսաբանվում է նրա՝ վարչապետի գործունեությունը, արդեն նշանակում է, որ ինքը կիրառել է վարչական ռեսուրս, այսինքն կառավարության լիազորությունները ի սպաս է դնում այդ քարոզչական նպատակների իրագործմանը։ Նորից ակնհայտ օրենքի և հավասարության խախտում։ Թող Արմեն Աշոտյանը չկարծի, որ ինքը ինչ-որ բացառիկ հանցագործ է այս համակարգում, հանցագործները շատ են և բոլորի անունները հետևողականորեն տալու ենք»,- ասաց Զուրաբյանը։

Վարչապետ, ՀՀԿ-ի «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը շաբաթ օրը ռեալիթի շոուի ուղիղ եթերում զրուցում էր Արագածոտնի մարզի բնակիչների հետ, ովքեր վարչապետի օգնությունն էին խնդրում՝ մեկը վթարային շենքի հարցն էր բարձրացնում, մյուսը վարչապետից շինանյութ էր ակնկալում, երրորդն էլ շեշտում էր, որ Ապարանը 27 տարի է մանկապարտեզ չունի։ Ի դեպ, վարչապետը ապարանցիներին խոստումներ տալուն զուգահեռ «այո» քարոզող հանրապետական պատգամավորներից հետաքրքրվում էր, թե ինչպես է ընթանում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը։

«Պարոն Ֆարմանյան, «ոչ» ասող մարդկանց կարողանո՞ւմ եք համոզել»,- պատգամավոր Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեց վարչապետը։

«Լինում են դեպքեր՝ իրենք են մեզ համոզում, պարոն վարչապետ»,- արձագանքեց պատգամավորը.- «Մի բան հստակ է, որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա երկրում շատ ուղղություններով»։

«Քաղաքացիները շատ սուր հարցեր են բարձրացնում, նաև տեղին, մենք պիտի եզրակացություն անենք էդ հարցերից, ականջալուր լինենք, խնդիրներին լուծում տանք»,- եզրափակեց Աբրահամյանը։

XS
SM
MD
LG