Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյան․ «Ոչ»-ի հաղթանակը վտանգավոր է երկրի համար


Դավիթ Հարությունյան, արխիվ
Դավիթ Հարությունյան, արխիվ

Եթե հաղթի «ոչ»-ը, ապա վտանգ կա կայուն կառավարում ապահովելու, վստահեցնում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

«Ոչ»-ի հաղթանակը սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեում հանրապետականների հեռացում չի նշանակում, բայց վտանգավոր է երկրի համար: «Ազատության» հարցին ի պատասխան այդ մասին հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար անդամ Դավիթ Հարությունյանը:

«Որն էր բուն նպատակը այս սահմանադրական փոփոխությունների՝ նպատակը այն էր, որպեսզի ապահովել մեխանիզմներ, որոնք, նախ և առաջ, երկրում հնարավորություն են ընձեռում խաղաղ իշխանափոխության՝ առաջինը, ստեղծելու ավելի կայուն կառավարման մեխանիզմ՝ երկրորդը: Այս երկու հիմնական նպատակների վրա է կառուցված եղել բուն գաղափարախոսությունը», - ասաց Հարությունյանը՝ շարունակելով․ - «Սակայն, իհարկե, նմանատիպ փաստաթուղթ լրամշակելիս անհրաժեշտ է լինում անդրադարձ կատարել բոլոր այն թերություններին, որոնք մինչ այս տեսել ենք: Ընդդիմության դերակատարման ուժեղացում խորհրդարանում, 100 տոկոս համամասնական ընտրական համակարգ, քննիչ հանձնաժողովների ներմուծում Ազգային ժողովում, այսինքն՝ բազմաթիվ հարցեր ենք քննարկել»:

«Եթե հաղթի «ոչ»-ը, ապա վտանգ կա կայուն կառավարում ապահովելու, իսկ եթե կա վտանգ կայուն կառավարում ապահովելու, միշտ կարելի է նայել այլ երկրների փորձին», - հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը և մանրամասնեց․ - «Այն երկրները, որոնք գոնե նույն տարածաշրջանում են եղել, կամ նախկին խորհրդային երկրները, որոնք շարունակել են իրենց կառավարման հիմք ընդունել կիսանախագահական համակարգը, ի վերջո ավարտել են կա՛մ գունավոր հեղափոխություններով, կա՛մ այնպիսի իշխանություն ձևավորելով, որը չունի որևէ այլընտրանք, այսպես ասենք, կարելի է ասել՝ «կվազիհավերժական» իշխանություն»:

«Հայաստանը գնում է այդ ճանապարհո՞վ», - այս հարցին էլ Հարությունյանը արձագանքեց․ - «Հայաստանը չպետք է գնա այդ ճանապարհով, և դրա համար էլ նախաձեռնվել են այս փոփոխությունները»:

«Ազատության» խնդրանքով ամփոփելով ակտիվ քարոզարշավի առաջին շաբաթը, թե ինչպիսի՞ն են արդյունքները՝ քաղաքացիների շրջանում «այո»-ն է՞ շատանում, թե՞ «ոչ»-ը, նախարարը ասաց․ - «Ես ենթադրում եմ, որ [«այո»-ն] շատանում է, նաև ամենակարևորն եմ համարում իսկապես իրազեկումը: Մենք բավականին մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի մեր քարոզիչները բացատրեն, թե որն է եղել հիմնական նպատակը: Սա բարդ իրավական փաստաթուղթ է, ծավալուն իրավական փաստաթուղթ է, կարելի է ասել՝ բազմաթիվ հարցեր, դրանք տասնյակ չեն, քսան հարց չի, որ փոփոխության է ենթարկվել, այդ տեսանկյունից իսկապես գիտակցված ընտրությունը ամենակարևորն է: Սա է մեր հիմնական նպատակը այս փուլում»:

XS
SM
MD
LG